Երևանում կրթական էքսպոյի շրջանակում պարգևատրվել են բիզնես օլիմպիադայի լավագույն մասնակիցները
5 րոպեի ընթերցում

Հայաստանի նկարիչների միությունում նոյեմբերի 14-ին անցկացվել է «Միջազգային կրթական էքսպո 2026»-ը, որի շրջանակում տեղի է ունեցել նաև «Բիզնես օլիմպիադա 2026» կրթական ծրագրի մասնակիցների մրցանակաբաշխությունը։

Օլիմպիադայի լավագույն մասնակիցների համար նախատեսվել են դասընթացներ, գործնական փորձառության և արտերկրում ուսման հնարավորություններ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառումը կազմակերպել է «London Eye» միջազգային ուսումնական կենտրոնը։ Ամենամյա կրթական էքսպոն անցկացվել է 14-րդ անգամ՝ այցելուներին հնարավորություն տալով ծանոթանալ օտարերկրյա համալսարանների և դպրոցների կրթական ծրագրերին ու անմիջապես հարցեր ուղղել դրանց ներկայացուցիչներին։
Կենտրոնի տնօրեն Սերգեյ Քոչարյանը նշել է, որ նախաձեռնությունների հիմքում երիտասարդների համար կրթական հնարավորություններն ավելի հասանելի դարձնելու նպատակն է։

«Այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու և անմիջապես շփվելու հենց կրթական հաստատությունների ներկայացուցիչների հետ։ Ձեր բոլոր հարցերը, բնականաբար, կարող եք ուղղել իրենց»,- ասել է Քոչարյանը։
Նա առանձին անդրադարձել է «Բիզնես օլիմպիադա 2026»-ին, որն իրականացվել է EU Business School-ի հետ համագործակցությամբ։ Քոչարյանի խոսքով՝ ծրագիրը մասնակիցների համար միայն մրցելու և իրենց ուժերը փորձելու հնարավորություն չէ․ այն նախևառաջ բիզնեսի ու արհեստական բանականության վերաբերյալ գիտելիքներ ստանալու և մասնագիտական կողմնորոշմանը նպաստելու միջոց է։
Օլիմպիադային նախորդել են երկօրյա վարպետության դասեր։ Դրանց ընթացքում մասնակիցները ծանոթացել են բիզնեսին և արհեստական բանականությանն առնչվող թեմաների, այնուհետև ներկայացրել մրցութային առաջադրանքները։
Քոչարյանը հայտնել է, որ այս տարվա լավագույն 30 մասնակիցների համար նախատեսվում է դասընթաց կազմակերպել Կենտրոնական բանկում։ Հինգ մասնակից կունենա նաև կամավորական փորձառություն անցնելու հնարավորություն։ Նրա գնահատմամբ՝ նման փորձը կարող է օգտակար լինել նաև հետագայում բուհական կրթությունը շարունակելու համար։

Առաջին տեղը զբաղեցրած մասնակցի համար նախատեսվել է Իսպանիայում անցկացվող ամառային բիզնես դպրոցին անվճար մասնակցելու հնարավորություն։
Քոչարյանը ներկայացրել է նաև EU Business School-ի «Ambassador Scholarship» կրթաթոշակից օգտվելու հնարավորությունը։ Նրա խոսքով՝ երկու դասընթացներին մասնակցած և մրցութային առաջադրանքը ներկայացրած մասնակիցները կարող են դրանից օգտվել այդ կրթական հաստատությունում բակալավրական կրթությունը շարունակելու դեպքում։
Միջոցառմանը սեփական փորձով կիսվել է 2025 թվականի օլիմպիադայի հաղթող Էմմա Զաքարյանը։ Նա պատմել է, որ մրցույթում հաղթելու շնորհիվ մասնակցել է Իսպանիայում կազմակերպված ամառային դպրոցին։
«Այս հաղթանակի շնորհիվ հնարավորություն ստացա մեկնելու Իսպանիա՝ EU Business School-ի կազմակերպած Summer School-ին, և հրաշալի երկու շաբաթ եմ անցկացրել այնտեղ»,- ասել է Զաքարյանը։
Նրա խոսքով՝ ծրագիրը հնարավորություն է տվել նոր գիտելիքներ ու փորձ ձեռք բերել, աշխատել տարբեր երկրներից ժամանած երիտասարդների հետ։ Զաքարյանը հայտնել է նաև, որ ամառային դպրոցի ընթացքում իրենց թիմային նախագիծը զբաղեցրել է առաջին տեղը։
Դիմելով այս տարվա մասնակիցներին՝ նա հորդորել է չվախենալ սեփական գաղափարները ներկայացնելուց և հետևողականորեն զարգացնել դրանք։
«Այսօր ես ձեզ ուզում եմ ասել, որ չվախենաք։ Անգամ եթե ձեր գաղափարը շատ անսովոր ու փոքրիկ է թվում, պետք է աշխատել և զարգացնել այն։ Ու, գուցե, հենց դուք մյուս տարի կանգնեք այստեղ իմ փոխարեն ու պատմեք ձեր հաջողության պատմությունը»,- նշել է Զաքարյանը։
«Բիզնես օլիմպիադա 2026»-ն անցկացվել է հոկտեմբերի 26–27-ին։ Ծրագրի նպատակն է զարգացնել դպրոցականների բիզնես մտածողությունը, խթանել նորարարական գաղափարները և հնարավորություն տալ ձեռք բերած գիտելիքները կիրառել գործնական առաջադրանքներում։