Կրթություն

Աշակերտական խորհրդի անդամները ԿԳՄՍ նախարարի հետ քննարկել են կիբեռանվտանգության և բուլինգի խնդիրները

4 րոպեի ընթերցում

Աշակերտական խորհրդի անդամները ԿԳՄՍ նախարարի հետ քննարկել են կիբեռանվտանգության և բուլինգի խնդիրները

Տեղի է ունեցել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի նոր կազմի անդրանիկ նիստը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Նիստին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը:

Աշակերտական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էին սովորողների առցանց անվտանգության, կիբեռանվտանգության, բուլինգի, ինչպես նաև կրթական համակարգում ներդրված հիմնարար փոփոխությունների և ուսուցման գործընթացի բարելավման հարցերը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակիցներին շնորհավորել է խորհրդի նոր կազմում ընդգրկվելու առիթով՝ կարևորելով նաև նրանց դերն ու դիրքորոշումը հանրակրթության ոլորտում իրականացվող փոփոխությունների համատեքստում:

Անդրադառնալով երեխաների առցանց անվտանգության ապահովման խնդրին՝ նախարարը նշել է, որ տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց այս հարցը դառնում է ավելի ու ավելի հրատապ։ «Տեխնոլոգիաները ուսուցման գործընթացում շատ կարևոր գործիք են՝ դրանց ճիշտ և նպատակային օգտագործման դեպքում։ Գլխավոր խնդիրն այն է, որ դրական կողմերի հետ միասին, դրանք նաև բազմաթիվ մարտահրավերներ են առաջ բերել: Բազմաթիվ հետազոտություններ, այդ թվում՝ 4 տարին մեկ անցկացվող PISA (Program for International Student Assessment) միջազգային հետազոտությունը ցույց են տալիս, որ օրինակ՝ բուլինգը, ավելի լայն դրսևորումներ է ստանում առցանց տարածքում։ Եվ շատ կարևոր է հասկանալ՝ որն է երեխաներին այս տիրույթում պաշտպանելու ճիշտ ձևը»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ  գործընկեր գերատեսչությունների ու կազմակերպությունների հետ իրականացվում են երեխաների առցանց անվտանգության պաշտպանությանը միտված գործիքակազմերի մշակման աշխատանքներ:

Նրա խոսքով՝ արդեն ձևավորվել է նաև համատեղ աշխատանքային խումբ՝ թիրախային անելիքները հասկանալու և համապատասխան քայլերը հստակեցնելու նպատակով։

Կարևորելով աշակերտների ամբողջական իրազեկվածությունը և թեմայի վերաբերյալ նրանց դիրքորոշումը՝ նախարարը մանրամասն հետաքրքրվել է, թե  աշակերտներն ինչ են մտածում բուլինգի դրսևորումների, այդ երևույթի  կանխարգելման, կիբեռանվտանգության  և  առցանց տիրույթում պաշտպանված լինելու մասին, ինչպիսի վարքագիծ են դրսևորում սոցցանցերում և այլն։

Կիբեռանվտանգության, բուլինգի առանձին դեպքերի, դրանց կանխման և հնարավոր ռիսկերի վերաբերյալ աշակերտները ներկայացրել են իրենց դպրոցների փորձառությունը, ինչպես նաև նախարարին ուղղել թեմայի հետ կապված մի շարք հարցեր, նաև հանդես եկել առաջարկներով:

Հատկապես ընդգծվել է դպրոցներում իրազեկման արշավների պարբերական անցկացումը, այս խնդիրների կանխարգելման ուղղությամբ հոգեբանների աշխատանքի արդյունավետության բարձրացումը, աշակերտ-դպրոց-ծնող համագործակցային կապի բարելավումը։

Նիստի  ընթացքում աշակերտական խորհրդի անդամները նախարարին հարցեր են ուղղել նաև նոր դասագրքերի, գնահատման համակարգի, դպրոցների ավարտական և բուհերի ընդունելության քննությունների, թեստային առաջադրանքների, էսսեի ձևաչափի  ներդրման նպատակի և այլնի վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում