Կձևավորվի Շիրակի և Արագածոտնի մարզերն ընդգրկող էկոպարեկային մարզային վարչություն
3 րոպեի ընթերցում

Հայաստանի Շիրակի և Արագածոտնի մարզերն ընդգրկող էկոպարեկային մարզային վարչություն կձևավորվի :
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Շիրակի մարզպետի աշխատակազմից, նոր ստորաբաժանումը տեղակայվելու է Շիրակի մարզում և ունենալու է 103 աշխատակից։ Վարչության թափուր հաստիքների համալրման մրցույթներն արդեն հայտարարված են։
Այս հարցերը քննարկվել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի՝ Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի հետ հանդիպման ընթացքում։ Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետի աշխատակազմի պատասխանատուները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Էկոպարեկային ծառայության գործունեությանը, մարզային վարչության ձևավորման ընթացքին, ինչպես նաև առաջիկա համալրման աշխատանքներին։
Դավիթ Առուշանյանը կարևորել է նոր ստորաբաժանման ստեղծումը՝ ընդգծելով, որ այն ոչ միայն բնապահպանական նշանակություն ունի, այլև մարզում նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն է։
«Շիրակի մարզն ունի առանձնահատուկ կենսաբազմազանություն, կենդանական ու բուսական աշխարհի բացառիկ ներկայացուցիչներ, որոնց պահպանությունն ու վերարտադրության ապահովումը մեր բոլորի գերխնդիրն ու պարտականություններն են։ Հատկապես կարևորում եմ նոր ձևավորվող վարչության դերակատարությունը բնական ռեսուրսների, անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության գործում։ Վստահ եմ, որ նոր ստորաբաժանման արդյունավետ աշխատանքը կնպաստի այս ուղղությամբ մեր ջանքերի առավել համակարգված իրականացմանը։ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է լիարժեք համագործակցության և իր հնարավորությունների սահմաններում կանի առավելագույնը՝ ծառայության մարզային վարչության կայացմանն ու անխոչընդոտ գործունեությանն աջակցելու համար»,- նշել է մարզպետը։
Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության գործում նշանակալի արդյունքների հասնելու համար առանցքային է պետական կառույցների միջև արդյունավետ գործընկերությունը։
Նա ներկայացրել է նաև մարզային վարչության ձևավորման և համալրման առաջիկա գործընթացների մանրամասները՝ կարևորելով թափուր հաստիքների մրցույթների և կառույցի գործունեության վերաբերյալ հանրության պատշաճ իրազեկումը։