Վահրամաբերդ բնակավայրում կառուցվում է նոր բազմաֆունկցիոնալ մարզադաշտ
1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրում կառուցվում է նոր բազմաֆունկցիոնալ մարզադաշտ: Մարզադաշտը կառուցվում է համայնքի և ՀՀ կառավարության համատեղ ֆինանսավորմամբ՝ մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակում։ Մարզադաշտի կառուցման համար ներդրվել է 35 միլիոն դրամ։
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակիցը տեղեկանում է Ախուրյանի համայնքապետարանից, նախատեսվում է, որ շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։ Նոր մարզադաշտում կտեղադրվեն նստարաններ և մարզասարքեր, կկառուցվի լուսավորության համակարգ, ինչպես նաև կիրականացվեն բարեկարգման աշխատանքներ։
Կարևորելով մասնակի բյուջետավորման ծրագրերը, Ախուրյանի համայնքապետարանից տեղեկացնում են, որ նախաձեռնությունը պատկանում է հենց բնակավայրի բնակիչներին։ «Նրանք են առաջարկում համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերը, իսկ քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ ստացած նախագիծն իրականացվում է համայնքի և կառավարության համատեղ ֆինանսավորմամբ։ Մարզադաշտը ծառայելու է Վահրամաբերդի բոլոր բնակիչներին՝ ստեղծելով սպորտով զբաղվելու, ակտիվ ժամանցի և առողջ ապրելակերպը խթանելու նոր հնարավորություններ»,-ավելացնում են Ախուրյանի համայնքապետարանից։