Դպրաբակ-Կալավան ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն իրականացված են շուրջ 80 տոկոսով
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում ընթանում են Դպրաբակ-Բարեպատ-Կալավան մարզային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Դպրաբակ-Բարեպատ-Կալավան մարզային ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 51 միլիոն 152 հազար դրամ, որը հատկացվում է պետական միջոցներից։
Ծրագրով նախատեսվում է 8 կիլոմետր երկարության ճանապարհի խճային հիմքի, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի, ջրահեռացման համակարգի տեղադրում, իսկ բնակավայրերի ներսում՝ մայթերի կառուցում։ Ասֆալտապատվող ճանապարհի մակերեսը կազմելու է 57 600 քառակուսի մետր։ 1033 քառակուսի մետր մակերեսով ասֆալտապատում էլ պետք է իրականացվի ճանապարհի մուտքերում և իջատեղերում։

Շինարարական աշխատանքների պատվիրատուն ՀՀ ՏԿԵ նախարարությունն է, իրականացնող կազմակերպությունը՝ «Քարավան-11» ՍՊԸ-ն։
Արդեն ավարտվել են մայթերի, ջրահեռացման համակարգի կառուցման, հիմքի և ասֆալտբետոնե ներքին շերտի տեղադրման աշխատանքները, իսկ ասֆալտբետոնե վերին շերտի տեղադրման աշխատանքներն իրականացված են կիսով չափ։ Շինարարության ավարտից հետո կիրականացվեն նաև ճանապարհի կահավորման և գծանշման աշխատանքներ։
Օրերս ճանապարհի կառուցման շինհրապարակ է այցելել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ շինարարական աշխատանքների մշտադիտարկում իրականացնելու նպատակով։
Զբոսաշրջային մեծ նշանակություն ունեցող այս ճանապարհը պատմության մեջ ասֆալտապատվում է առաջին անգամ։
Շինաշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականի դեկտեմբերին։