ՀԾԿՀ-ն հաշվարկել է գազի գնի հնարավոր բարձրացման ազդեցությունն էլեկտրաէներգիայի սակագնի վրա
3 րոպեի ընթերցում

Սահմանին ներմուծվող գազի գնի 30 տոկոս բարձրացման դեպքում էլեկտրաէներգիայի միջին սակագնի վրա ազդեցությունը կարող է կազմել մոտ 1,4 դրամ՝ մեկ կիլովատ/ժամի հաշվով։ Գազի գնի 69 տոկոս բարձրացման սցենարի դեպքում հաշվարկված ազդեցությունը մոտ 3,3 դրամ է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս հաշվարկները նոյեմբերի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ շեշտելով, որ դրանք պայմանական սցենարներ են, իսկ գազի գնի բարձրացման վերաբերյալ պաշտոնական գրություն հանձնաժողովը չունի։
Մեսրոպյանը բացատրել է, որ գազի գնի փոփոխությունն էլեկտրաէներգիայի սակագնի վրա ազդում է ջերմային էլեկտրակայանների արտադրության միջոցով։
«Էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 30–33 տոկոսը բաժին է հասնում ջերմային էլեկտրակայաններին։ Հետևաբար, եթե գազը թանկացավ, ջերմային էլեկտրակայանների սակագինը, կախված արդեն գազի թանկացման գնից, բնականաբար, կթանկանա և այդ ձևով ազդեցություն կունենա սակագների վրա»,- նշել է նա։
ՀԾԿՀ նախագահի ներկայացրած հաշվարկներում հիմք է ընդունվել սահմանին գազի՝ կալորիականությամբ ճշտված գինը՝ մոտ 174,46 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց։
Նրա խոսքով՝ այդ գնի 30 տոկոս բարձրացման դեպքում այն կկազմի մոտ 226,8 դոլար, իսկ էլեկտրաէներգիայի միջին սակագնի վրա ազդեցությունը կլինի մոտ 1,4 դրամ։ Գազի գնի 69 տոկոս բարձրացման դեպքում սահմանային գինը կկազմի մոտ 294,8 դոլար, իսկ էլեկտրաէներգիայի միջին սակագնի վրա ազդեցությունը՝ մոտ 3,3 դրամ։
Մեսրոպյանը ներկայացրել է նաև առավել կտրուկ՝ գազի գնի 300 տոկոս բարձրացման պայմանական հաշվարկը։ Այդ դեպքում էլեկտրաէներգիայի միջին սակագնի վրա ազդեցությունը հաշվարկվել է մոտ 14,2 դրամ։
Նա ընդգծել է, որ խոսքը միջինացված ազդեցության մասին է, քանի որ ինչպես գազի, այնպես էլ էլեկտրաէներգիայի համար գործում են սպառողների տարբեր խմբերի սակագներ։ Բացի այդ, վերջնական սակագնի վրա ազդում են բազմաթիվ այլ գործոններ։
Անդրադառնալով գազամատակարարման հնարավոր դադարեցման մասին հարցին՝ Մեսրոպյանն ասել է, որ վստահ է՝ նման զարգացում չի լինի։ Այդուհանդերձ, զուտ պայմանական սցենարի շրջանակում նա նշել է հիդրոէլեկտրակայանների հնարավորությունների առավել ամբողջական օգտագործումն ու էլեկտրաէներգիայի ներմուծման շուրջ բանակցությունները։