ՀԾԿՀ նախագահը մինչև 2027 թվականի մարտ գազի սակագնի բարձրացում չի ակնկալում
3 րոպեի ընթերցում

Եթե արտակարգ կամ սակագնային վերանայման սովորական ընթացակարգերից դուրս իրավիճակ չառաջանա, սպառողների համար գազի թանկացում առնվազն մինչև 2027 թվականի մարտ չի սպասվում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ պատասխանելով ռուսական գազի հնարավոր թանկացման վերաբերյալ հարցերին։
Նրա խոսքով՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս պահին գազի գնի փոփոխության վերաբերյալ պաշտոնական գրություն չի ստացել։
Նա նշել է, որ հանձնաժողովը համապատասխան գրություն չի ստացել ո՛չ ռուսական «Գազպրոմից», ո՛չ «Գազպրոմ Արմենիա»-ից։ Միաժամանակ Մեսրոպյանը վերապահում է արել, որ իրավիճակը կարող է փոխվել, թեև ինքը հույս ունի, որ թանկացման առաջարկ չի ներկայացվի։
ՀԾԿՀ նախագահը պարզաբանել է, որ սակագները վերանայվում են սահմանված ընթացակարգերով՝ հանձնաժողովի կամ կարգավորվող ընկերության նախաձեռնությամբ։
«Մենք առնվազն մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալու։ Եթե հենց այսօր էլ դիմեն գործընկերները գազը թանկացնելու առաջարկությամբ, դա վերաբերելի է արդեն մյուս վեց ամսվա վերանայմանը, և ձմեռն արդեն դուրս կգանք»,- ասել է Մեսրոպյանը՝ այս գնահատականը պայմանավորելով արտակարգ կամ այլ բացառիկ իրավիճակների բացակայությամբ։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ հանձնաժողովը մերժի գազի սակագինը բարձրացնելու հայտը, Մեսրոպյանը պատասխանել է, որ նախ անհրաժեշտ է ունենալ հայտն ու ուսումնասիրել դրա հիմնավորումները։
«Բազմաթիվ անգամներ եղել են, որ կարգավորվող ընկերությունները դիմել են հայտով հանձնաժողովին՝ թանկացնելու, և հանձնաժողովը մերժել է, քանի որ այդ հիմքերը չի տեսել։ Հիմա պետք է հայտը սեղանին դրված լինի, որ հասկանանք՝ մեջն ինչ է գրված, ինչին են հղում անում, ինչ են ուզում»,- նշել է նա։
Մեսրոպյանն ընդունել է, որ գազամատակարարման և գնի շուրջ քննարկումները որոշակի ռիսկեր ու անհանգստություն են առաջացնում, սակայն ընդգծել է՝ այս պահին գործնական քայլի մասին տեղեկություն չունի։
Նա նաև հրաժարվել է գնահատել, թե հնարավոր սցենարներից որն է առավել հավանական՝ նշելով, որ այլ պետության քաղաքական որոշումները կանխատեսելը հանձնաժողովի լիազորությունների շրջանակում չէ։
Հիշեցնենք, որ վերջերս Եվրասիական տնտեսական միության անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի ներկայացուցիչները զեկույց էին պատրաստել Հայաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ գնալու դեպքում երկրի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի հնարավոր դադարեցման հետևանքների մասին, որը պետք է ներկայացվի ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին։ Այդ զեկույցի համաձայն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի տնտեսությունը լուրջ վնասներ կկրի՝ ներառյալ ռուսական գազի սակագնի բարձրացումը շուրջ 69 տոկոսով։