Սփյուռք

Սփյուռքահայերի անհատական հաջողությունները պետք է վերածել համազգային ձեռքբերումների. Մարկ Չենյան

4 րոպեի ընթերցում

Սփյուռքահայերի անհատական հաջողությունները պետք է վերածել համազգային ձեռքբերումների. Մարկ Չենյան

Սփյուռքում հայրենիք և պետություն հասկացությունների տարբերության հստակ գիտակցումը, ինչպես նաև սփյուռքահայերի անհատական հաջողությունները Հայաստանի զարգացմանը ծառայեցնելը կարևոր նշանակություն ունեն Հայաստան-սփյուռք հարաբերությունների ամրապնդման համար։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի մասնակից, ամերիկահայ, ակտիվների կառավարիչ Մարկ Չենյանը՝ անդրադառնալով գագաթնաժողովից ունեցած ակնկալիքներին և Հայաստան-սփյուռք համագործակցության հեռանկարներին։

Նրա խոսքով՝ սփյուռքահայության շրջանում անհրաժեշտ է առավել հստակ ներկայացնել հայրենիք և պետություն հասկացությունների տարբերությունը։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա  ելույթը կենտրոնացած էր հայրենիքի և պետության միջև եղած տարբերությունների վրա։ Ընդհանուր առմամբ, սփյուռքահայությունը, հատկապես այս երկու հասկացությունների իմաստային տարբերության առումով, բավարար պատկերացում չունի։ Չափազանց կարևոր է գիտակցել, որ պետությունը մեկ հասկացություն է, իսկ հայրենիքը՝ մեկ այլ։ Այս սահմանումների հստակեցումն ու արմատավորումը սփյուռքահայության շրջանում առաջնահերթ նշանակություն ունեն»,-ընդգծեց նա՝ նկատի ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը գագաթնաժողովի բացմանը, որում Փաշինյանը ներկայացրել էր «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։

Անդրադառնալով գագաթնաժողովից ունեցած ակնկալիքներին՝ Չենյանը կարևորեց Հայաստանում միջազգային բարձր մակարդակի միջոցառումների անցկացումը՝ այդ համատեքստում հիշատակելով նաև COP17 համաժողովը։

«Նման գագաթնաժողովները չափազանց կարևոր են և մեծ հաջողություն Հայաստանի համար։ Միջազգային բարձր մակարդակի նման հավաքներ հյուրընկալելը և դրանց հնարավորություններից օգտվելը մեծ նշանակություն ունեն։ Հուսով եմ՝ առաջիկա երեք օրերի ընթացքում այս գործընթացը կշարունակվի, և Հայաստանն ու սփյուռքը կօգտվեն միմյանց ներուժից: Սա է իմ հիմնական ակնկալիքը»,- նշեց նա։

Խոսելով Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացման իր պատկերացումների մասին՝ Չենյանն ընդգծեց, որ սփյուռքում կան բազմաթիվ հաջողակ հայեր, սակայն նրանց անհատական ձեռքբերումները միշտ չէ, որ վերածվում են համազգային հաջողությունների։

«Սփյուռքում կան անհատներ, որոնք չափազանց հաջողակ են իրենց գործունեության մեջ։ Սակայն, դժբախտաբար, սփյուռքահայությունը չի կարողացել այդ անհատական հաջողությունները վերածել ազգային հաջողության։ Այսօր մենք ունենք հայրենիք և պետություն, և հենց պետությունը կարող է դառնալ լավագույն միջոցը, որի շնորհիվ արտերկրում հաջողությունների հասած հայերը կկարողանան իրենց ներդրումն ունենալ Հայաստանի զարգացման գործում»,- ասաց նա։

Չենյանը շեշտեց, որ այդ ներդրումը պարտադիր չէ, որ միայն ֆինանսական բնույթ կրի։ Այն կարող է արտահայտվել նաև մասնագիտական գիտելիքների, մտավոր ներուժի և տարբեր ոլորտներում ձեռք բերված փորձառության փոխանցմամբ։

Նրա համոզմամբ՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի նման միջոցառումները կարող են հիմք ստեղծել սփյուռքահայության ներուժը համախմբելու և այն Հայաստանի զարգացմանն ուղղելու համար։

«Այսպիսի հավաքները կարող են ստեղծել այն անհրաժեշտ հիմքը, որը հետագայում, ճիշտ օգտագործվելու դեպքում, կվերածվի շոշափելի արդյունքի։ Ինչպես խմորը հմուտ ձեռքերում կարող է հաց դառնալ, այնպես էլ այս հանդիպումների ընթացքում ձևավորված կապերն ու գաղափարները կարող են արդյունավետ արդյունքներ ապահովել։ Սա է իմ ակնկալիքը»,- եզրափակեց Մարկ Չենյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում