Հայաստան

Կլիմայի և կենսաբազմազանության փոփոխությունն ու հանրային առողջության լուրջ մարտահրավերները. ինչ ռիսկեր կան Հայաստանում

10 րոպեի ընթերցում

Կլիմայի և կենսաբազմազանության փոփոխությունն ու հանրային առողջության լուրջ մարտահրավերները. ինչ ռիսկեր կան Հայաստանում

Կլիմայի և կենսաբազմազանության փոփոխությունը, բացի բնապահպանական լուրջ խնդիր լինելուց, լուրջ մարտահրավեր է նաև հանրային առողջության համար։ Կլիմայի և կենսաբազմազանության փոփոխությունն անդրադառնում է ոչ միայն շրջակա միջավայրի, այլև մարդկանց առողջության վրա՝ հանգեցնելով ջերմային սթրեսի, օդի և ջրի որակի վատթարացման, ինչպես նաև որոշ վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկերի փոփոխության։

Հայաստանի համար առավել մտահոգիչ խնդիրներից են շոգը, երաշտը, ջրի սակավությունն ու օդի աղտոտվածությունը։ Կլիմայական և կենսաբազմազանության փոփոխությունների առողջական հետևանքները նվազեցնելու համար անհրաժեշտ է տարբեր ոլորտների համագործակցություն, տվյալների համադրում և հիվանդությունների ու դրանց փոխանցողների երկարաժամկետ մշտադիտարկում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԵՊԲՀ Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ կլիմայի փոփոխության հետևանքով առողջության վրա ազդող հիմնական գործոններից մեկը ջերմային սթրեսն է։ Այս տարվա ամռանը Եվրոպայում օդի ջերմաստիճանի բարձր ցուցանիշներ են գրանցվել, ինչի հետևանքով արձանագրվել են նաև մահվան դեպքեր, իսկ ջերմային սթրեսով պայմանավորված հոսպիտալացումների թիվն աճել է։

«Բացի ջերմային սթրեսից, իհարկե, գրանցվում են օդի և ջրի որակի վատացում, ջրի և սննդի պակաս, բնակչության շրջանում վարակների փոխանցման փոփոխություններ։ Ի հայտ են գալիս նաև ջրհեղեղների և հրդեհների հետևանքները»,-նշեց Հովհաննիսյանը։

Կլիմայի փոփոխության հետևանքով մտահոգիչ է ոչ միայն արդեն հայտնի հիվանդությունների սրացումը, այլև որոշ վարակների ի հայտ գալը նախկինում դրանց համար ոչ բնորոշ տարածքներում։ Հովհաննիսյանն անդրադարձավ 2024 թվականին Հայաստանում արձանագրված Արևմտյան Նեղոսի տենդի դեպքերին։

«Մեզ մոտ ոչ տիպիկ հիվանդություններ գրանցվեցին 2024 թվականին. խոսքը Արևմտյան Նեղոսի տենդի դեպքերի մասին է։ Շուրջ 100 դեպք գրանցվեց, նույնիսկ մահվան դեպքեր ունեցանք։ Մոծակների ուսումնասիրությունը, սակայն, հարուցիչը չբացահայտեց մոծակների մոտ»,- ասաց նա։

Հանրային առողջության մասնագետի խոսքով՝ կլիմայական պայմանների փոփոխության հետ կապված՝ որոշ հիվանդությունների տարածման ռիսկերը կարող են մեծանալ։ Դրանց թվում են վիսցերալ լեյշմանիոզը, լեպտոսպիրոզը և տուլարեմիան։

«Ջրհեղեղներից հետո, երբ ջրի որակը վատանում է, այդ հիվանդությունների տարածվածությունն ու հիվանդացությունն ավելանում է»,- նշեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ կլիմայական պայմանների փոփոխությունն ազդում է հիվանդություններ փոխանցող միջատների բազմացման, ակտիվության սեզոնի և տարածման վրա։ Արդյունքում դրանք կարող են հայտնվել նաև այնպիսի տարածաշրջաններում, որտեղ նախկինում բնորոշ չեն եղել և նպաստել տարբեր հիվանդությունների առաջացմանը։  

Մարինե Հովհաննիսյանի գնահատմամբ՝ ջերմային ալիքներն ու օդի աղտոտվածությունը հատկապես վտանգավոր են սրտանոթային և շնչառական հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Շոգի պայմաններում օրգանիզմի ջրազրկումը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում սրտանոթային համակարգի համար և կարող է հանգեցնել առողջական վիճակի վատթարացման ու հոսպիտալացման։

«Այն մարդիկ, որոնք ունեն սրտի կամ շնչառական համակարգի հիվանդություններ, շոգի պայմաններում ենթարկվում են ջրազրկման։ Օրգանիզմը ջրազրկվում է, լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջանում սրտանոթային համակարգի վրա, և դա միանշանակ կարող է հանգեցնել վիճակի վատթարացման՝ ընդհուպ մինչև հոսպիտալացում»,- ասաց նա։

Մասնագետի խոսքով՝ շոգի հետ զուգակցվող օդի աղտոտվածությունը լրացուցիչ վնաս է հասցնում առողջությանը։ Դրա ազդեցությունը չի սահմանափակվում միայն սրտանոթային և շնչառական համակարգերով. այն կարող է անդրադառնալ նաև էնդոկրին և նյարդային համակարգերին, ինչպես նաև երեխաների ու դեռահասների աճին և զարգացմանը։

Անդրադառնալով կենսաբազմազանության կորստի հետևանքներին՝ Հովհաննիսյանը նշել է, որ բնական էկոհամակարգերի խախտումը կարող է փոխել վայրի կենդանիների, հիվանդությունների հարուցիչների և մարդկանց փոխհարաբերությունները։

Նրա խոսքով՝ երբ կենդանիների բնակավայրերը վերանում կամ կրճատվում են, կենդանիները կարող են ավելի մոտենալ մարդկանց։ Միաժամանակ կլիմայական փոփոխությունները կարող են ազդել հարուցիչների և դրանք փոխանցող օրգանիզմների տարածման վրա։

«Կենսաբազմազանության կորուստը փոխում է վայրի կենդանիների, հարուցիչների և մարդկանց փոխհարաբերությունները։ Օրինակ՝ երբ տեղի է ունենում բնակավայրերի վերացում կամ կրճատում, կենդանիները կարող են ավելի մոտենալ մարդկանց։ Կլիման նույնպես կարող է փոխել հարուցիչների և փոխանցողների տարածումը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ազդեցության բնույթը կախված է տեղական էկոհամակարգից և մարդու գործունեությունից։

Մասնագետի խոսքով՝ կլիմայական փոփոխությունների երկարաժամկետ հետևանքները կարող են դրսևորվել նաև ջրի սակավության, երաշտների, սննդամթերքի որակի փոփոխության և բերքատվության անկման միջոցով։ Այս գործոնները կարող են անդրադառնալ մարդկանց սնուցման, իմունային համակարգի և ընդհանուր առողջության վրա։

Կլիմայական փոփոխությունների առողջական հետևանքները բոլորի վրա հավասարապես չեն ազդում։ Հովհաննիսյանի խոսքով՝ առավել խոցելի են երեխաները, տարեցները, հղիները և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք։

«Խոցելիությունը մեծացնում են աղքատությունը, վատ բնակարանային պայմանները, գյուղական մեկուսացումը և բժշկական ծառայությունների սահմանափակ հասանելիությունը։ Դրա հետևանքով մենք ունենք ռիսկերի անհավասարաչափ բաշխում»,- նշեց նա։

Այս հանգամանքները, ըստ մասնագետի, կարևոր են կլիմայական վտանգների կանխարգելման և բնակչության տարբեր խմբերի պաշտպանության միջոցառումները մշակելիս։

Անդրադառնալով Հայաստանի առողջապահական համակարգի պատրաստվածությանը՝ Մարինե Հովհաննիսյանը նշեց, որ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված առողջական վտանգների ռիսկերը հստակ սահմանված են։ Դրանց թվում են շոգը, օդի և ջրի աղտոտվածությունը, սննդային անվտանգության խնդիրներն ու կենդանիներից փոխանցվող հիվանդությունները։

Միաժամանակ, ըստ նրա, ռիսկերի սահմանումը դեռ չի նշանակում, որ առկա տվյալները բավարար են, իսկ կանխարգելման համակարգերը գործում են անհրաժեշտ արդյունավետությամբ։

«Անհրաժեշտ է հիվանդությունների, վեկտորների և եղանակային ցուցանիշների համատեղ ու երկարատև մշտադիտարկում, ինչպես նաև վաղ արձագանքման համակարգերի զարգացում և ակտիվ կիրառում»,- ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ կարևոր է ոչ միայն առանձին հիվանդությունների, այլև հիվանդությունների փոխանցողների և եղանակային պայմանների փոփոխությունների համադրությամբ ուսումնասիրությունը։ Դա հնարավորություն կտա ավելի վաղ հայտնաբերել հնարավոր վտանգները և ժամանակին արձագանքել դրանց։

Կլիմայական և կենսաբազմազանության փոփոխությունների առողջական հետևանքները նվազեցնելու համար, ըստ Մարինե Հովհաննիսյանի, անհրաժեշտ է իրականացնել օդի աղտոտվածության նվազեցման, ջրի և սննդի անվտանգության ապահովման, հիվանդությունների փոխանցողների ու կենդանիների հիվանդությունների մշտադիտարկմանն ուղղված միջոցառումներ։ Կարևոր է նաև բուժաշխատողների վերապատրաստումը և խոցելի խմբերի պաշտպանությունը։

Նրա խոսքով՝ այս աշխատանքներում պետք է համագործակցեն առողջապահական և բնապահպանական կառույցները, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներն ու տեղական ինքնակառավարման մարմինները՝ փոխանակելով տվյալներ և համատեղ մշակելով գործողություններ։

Անդրադառնալով COP17-ի շրջանակում կենսաբազմազանության պահպանության և մարդկանց առողջության պաշտպանության կապին՝ Հովհաննիսյանը նշեց, որ միջազգային գործընթացի շրջանակում ստանձնվող պարտավորությունները պետք է կապվեն առողջապահական հստակ և չափելի նպատակների հետ։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է գնահատել, թե իրականացված միջոցառումներն ինչ արդյունք են տալիս օդի աղտոտվածության նվազեցման, կենդանիներից մարդկանց փոխանցվող հիվանդությունների վաղ հայտնաբերման, ինչպես նաև կլիմայով պայմանավորված հիվանդությունների և մահացության դեպքերի նվազեցման առումով։

«Հայաստանի համար հանրային առողջապահության տեսանկյունից առավել կարևորը կանխարգելումն է։ Կանխարգելման հիմքում պետք է դրվեն առողջապահական, կլիմայական և բնապահպանական տվյալների համադրումը, ռիսկերի վաղ հայտնաբերումը, մինչև դրանք կվերածվեն առողջապահական ճգնաժամի»,- ասաց մասնագետը։

Նրա գնահատմամբ՝ առանց տարբեր ոլորտների միջև համագործակցության և տվյալների փոխանակման դժվար կլինի ժամանակին հայտնաբերել վտանգները։

«Որքան էլ յուրաքանչյուրն առանձին իր աշխատանքն իրականացնի, եթե կառույցներն աշխատում են մեկուսացված, տվյալների փոխանակում և համագործակցություն չկա, վտանգ կա, որ վաղ հայտնաբերումը չենք իրականացնի, և ռիսկն արդեն կվերածվի ճգնաժամի։ Դրա համար անհրաժեշտ են համատեղ աշխատանք, տվյալների համադրում և երկարաժամկետ մշտադիտարկում»,- եզրափակեց  Հովհաննիսյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում