Podcast-Հարց բժշկին. ինչ անել միջատների խայթոցների դեպքում
4 րոպեի ընթերցում

Ամռանը միջատների խայթոցներից խուսափելը հաճախ անհնար է, սակայն դրանց նկատմամբ առաջացող ռեակցիաները կարող են տարբեր լինել՝ սովորական տեղային արձագանքից մինչև կյանքի համար վտանգավոր ալերգիկ ռեակցիա։
Ինչպե՞ս տարբերակել դրանք, ե՞րբ դիմել բժշկի և ինչպե՞ս պաշտպանվել միջատների խայթոցներից։
Այս հարցերի շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի հերթական թողարկման ընթացքում զրուցել ենք ԵՊԲՀ Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնի ասիստենտ, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի բժիշկ Մարիամ Մովսիսյանի հետ։

Մասնագետը միջատներին պայմանականորեն բաժանեց երկու խմբի։ Առաջինում մեղուներն ու կրետներն են, որոնց խայթոցից կարող են առաջանալ սուր ալերգիկ ռեակցիաներ, ընդհուպ մինչև կյանքին վտանգ սպառնացող անաֆիլաքսիա։ Երկրորդ խմբում մոծակներն ու նմանատիպ այլ միջատներն են, որոնց խայթոցները հիմնականում առաջացնում են տեղային ռեակցիա՝ քոր, կարմրություն և այտուց։
«Եթե մոծակի խայթոցից առաջացել է միայն տեղային ռեակցիա, սովորաբար անհանգստանալու կարիք չկա։ Քորը մեղմելու համար կարելի է սառը թրջոց օգտագործել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ բժշկի խորհրդով տեղային հակաալերգիկ քսուքներ։
Մեղվի կամ կրետի խայթոցի դեպքում ևս տեղային այտուցը, եթե սահմանափակվում է խայթոցի հատվածով, սովորաբար վտանգավոր չէ։ Սակայն, եթե այտուցը տարածվում է մարմնի այլ հատվածներում, առաջանում է ցան, շնչառության դժվարություն, գլխապտույտ կամ ուշագնացություն, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության»,- ասաց մասնագետը:
Բժշկը կարևորեց հատկապես մեղվի և կրետի խայթոցների նկատմամբ նախկինում ունեցած ալերգիկ ռեակցիայի մասին տեղեկացված լինելը։ Նրա խոսքով՝ հաջորդ խայթոցների ժամանակ ռեակցիան կարող է ավելի ծանր լինել։ Նախկինում սուր ալերգիկ ռեակցիա ունեցած պացիենտներին խորհուրդ է տրվում բժշկի ցուցումով իրենց հետ ունենալ ադրենալինի ինքնաներարկիչ, որը կարող է անհրաժեշտ լինել մինչև շտապ բժշկական օգնության հասնելը։
Մեղվի կամ կրետի թույնի նկատմամբ ալերգիան հնարավոր է հետազոտել։ Ալերգոլոգը կարող է համապատասխան հետազոտությունների միջոցով պարզել, թե որ միջատի նկատմամբ է առկա զգայունությունը։ Բացի այդ, նման ալերգիայի դեպքում գոյություն ունի ալերգեն-իմունոթերապիա, որի միջոցով օրգանիզմը աստիճանաբար ընտելացվում է ալերգենին՝ նվազեցնելով հետագա ծանր ռեակցիաների հավանականությունը։
Բժիշկը խորհուրդ չի տալիս խայթոցների դեպքում օգտագործել տարբեր «ժողովրդական» միջոցներ՝ քացախ, սոդա և այլ նյութեր։ Դրանք կարող են գրգռել մաշկը, առաջացնել այրվածք կամ այլ խնդիրներ։ Քորի դեպքում առավել անվտանգ տարբերակներից մեկը սառը թրջոցն է։
Միջատների խայթոցներից պաշտպանվելու համար, հատկապես բնության գրկում արշավների կամ քաղաքից դուրս հանգստի ժամանակ, մասնագետը խորհուրդ է տալիս կրել երկարաթև վերնաշապիկ և երկար տաբատ՝ հնարավորինս փակ պահելով մարմնի բաց հատվածները։
Թեմայի շուրջ մի շարք այլ հարցերի պատասխանները ստանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը։
Լսեք նաև այլ թեմաներով podcast-ները:
