Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. ժառանգական անգիոայտուց՝ կյանքին սպառնացող հազվադեպ հիվանդություն, որը հաճախ շփոթում են ալերգիայի հետ

5 րոպեի ընթերցում

Podcast-Հարց բժշկին. ժառանգական անգիոայտուց՝ կյանքին սպառնացող հազվադեպ հիվանդություն, որը հաճախ շփոթում են ալերգիայի հետ

Մայիսի 16-ը ժառանգական անգիոայտուցի իրազեկման միջազգային օրն է:  Ժառանգական անգիոայտուցը (HAE/ԺԱ) գենետիկորեն պայմանավորված, շատ հազվադեպ և կյանքին պոտենցիալ սպառնացող հիվանդություն է: Այն առաջացնում է մարմնի տարբեր հատվածների՝ ձեռքերի, ոտքերի, դեմքի, ինչպես նաև կոկորդի և շնչուղիների այտուցներ։ Հիվանդներին հաճախ անհանգստացնում են նաև ուժեղ որովայնային ցավերը, սրտխառնոցն ու փսխումը, որոնք պայմանավորված են աղիների պատերի այտուցով։ Ամենավտանգավոր դրսևորումը կոկորդի այտուցն է, քանի որ այն կարող է հանգեցնել շնչահեղձության և մահվան։

Թեմայի շուրջ, պատճառների, բուժման մեթոդների և մի շարք կարևոր հարցերի մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում զրուցել ենք ԵՊԲՀ Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնի ասիստենտ և «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի բժիշկ Մարիամ Մովսիսյանի հետ:

Մարիամ Մովսիսյանի խոսքով՝ հիվանդությունը տարբերվում է սովորական ալերգիկ այտուցներից, քանի որ պայմանավորված է գենետիկ մուտացիայով և փոխանցվում է սերնդեսերունդ. «Գենի մուտացիայի հետևանքով օրգանիզմում որոշակի սպիտակուց չի արտադրվում, ինչի պատճառով կուտակվում է բրադիկինին կոչվող նյութը, որն էլ առաջացնում է այտուցները։

Նրա խոսքով՝ սովորական ալերգիկ այտուցները կարող են կյանքի ընթացքում հանդիպել մեկ կամ երկու անգամ, մինչդեռ ժառանգական անգիոայտուցի դեպքում այտուցները կրկնվում են պարբերաբար՝ սկսած մանկական տարիքից և շարունակվելով ամբողջ կյանքի ընթացքում։ Բացի այդ, հիվանդության առաջացման մեխանիզմը տարբեր է, հետևաբար տարբեր է նաև բուժումը։ «Այն դեղամիջոցները, որոնք արդյունավետ են ալերգիկ այտուցների դեպքում՝ հակահիստամինայինները կամ հորմոնները, ժառանգական անգիոայտուցի դեպքում անարդյունավետ են»,- ասաց  մասնագետը՝ հավելելով, որ սխալ ախտորոշման հետևանքով հիվանդները հաճախ տարիներ շարունակ ստանում են անարդյունավետ բուժում։

Խոսելով հիվանդության տարածվածության մասին՝ բժիշկը  նշեց, որ Հայաստանում տեսականորեն պետք է լինի շուրջ 150-200 հիվանդ, մինչդեռ ներկայում փաստագրված է ընդամենը 50-60 դեպք։ Նրա խոսքով՝ հիմնական խնդիրը հիվանդության ուշ կամ սխալ ախտորոշումն է, քանի որ այն հաճախ շփոթում են ալերգիկ այտուցների հետ։ Այդ պատճառով ալերգոլոգիական կենտրոնը փորձում է բարձրացնել բնակչության և բժիշկների իրազեկվածությունը։

«Հիվանդությունը համարվում է կյանքին սպառնացող՝ հատկապես կոկորդի այտուցի պատճառով։ Ըստ վիճակագրության՝ յուրաքանչյուր հիվանդ կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ ունենում է կոկորդի այտուցի դրվագ։ Եթե այդ պահին հիվանդը ճիշտ ախտորոշված չէ կամ ժամանակին համապատասխան բուժում չի ստանում, ապա մեծանում է մահվան վտանգը։ Որովայնային ցավերը շատերը հաճախ շփոթում են պարբերական հիվանդության հետ, քանի որ այն դրսևորվում է ուժեղ որովայնային ցավերով։ Պացիենտները հաճախ չեն էլ կապում որովայնային ցավերը իրենց այտուցների հետ, ինչի պատճառով հիվանդությունը մնում է չախտորոշված»,- ասաց նա։

Խոսելով բուժման հնարավորությունների մասին՝ բժիշկը նշեց, որ վերջին տասնամյակում աշխարհում մեծ առաջընթաց է գրանցվել։ Այսօր գոյություն ունեն ավելի քան տասը գրանցված դեղամիջոցներ, որոնք կիրառվում են ինչպես նոպաների բուժման, այնպես էլ կանխարգելման համար։ Սակայն Հայաստանում այդ դեղամիջոցները դեռ գրանցված չեն։

«Ներկայում Հայաստանում պացիենտները բուժում ստանում են նվիրատվությունների և ասոցիացիաների աջակցության շնորհիվ։ Բացի այդ, Հայաստանում արդեն իրականացվում են միջազգային կլինիկական հետազոտություններ, որոնց շրջանակում հիվանդները հնարավորություն են ստանում անվճար ստանալ ժամանակակից թանկարժեք բուժումը»,- ասաց նա:

Մարիամ Մովսիսյանի խոսքով՝ եղանակային ալերգիկ սեզոնները հիվանդության վրա էական ազդեցություն չունեն, թեև որոշ հիվանդների մոտ սառը եղանակը կարող է նպաստել այտուցների հաճախացմանը։

Անդրադառնալով իրազեկվածությանը՝ մասնագետը նշեց, որ Հայաստանում դեռևս կան բազմաթիվ չախտորոշված հիվանդներ, ուստի կարևոր է շարունակել տեղեկատվական աշխատանքները թե՛ բժիշկների, թե՛ բնակչության շրջանում։

Թեմայի շուրջ մի շարք այլ հարցերի պատասխանները ստանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը։

Լսեք նաև այլ թեմաներով podcast-ները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում