Podcast-Հարց բժշկին. մազաթափություն՝ պատճառներից մինչև բուժում․ ի՞նչ պետք է իմանալ և ե՞րբ է պետք դիմել բժշկի
5 րոպեի ընթերցում

Մազաթափությունը լայն տարածում ունեցող խնդիր է, որը կարող է առաջանալ տարբեր պատճառներով՝ սկսած սթրեսից մինչև հորմոնալ խանգարումներ և գենետիկ գործոններ։ Թեմայի շուրջ, պատճառների, բուժման մեթոդների և ճիշտ խնամքի մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում զրուցել ենք մաշկաբան Լուսինե Մեժլումյանի հետ։
Մազաթափության պատճառների մասին խոսելիս մասնագետը նախ ընդգծեց, որ մազերի աճը ցիկլային գործընթաց է, որն ունի աճման, հանգստի և թափման փուլեր։ Նրա խոսքով՝ օրական որոշ քանակությամբ մազերի կորուստը բնական է, սակայն եթե այդ քանակը զգալիորեն ավելանում է, արդեն խոսքը մազաթափության մասին է։

Խոսելով հիմնական պատճառների մասին՝ նա նշեց, որ տղամարդկանց և կանանց դեպքում դրանք գրեթե նույնն են՝ վիտամինների և միկրոէլեմենտների պակաս, ժառանգական գործոններ, իմունային համակարգի խանգարումներ, ինչպես նաև որոշ դեղամիջոցների ազդեցություն։
«Նշեմ, որ գլխամաշկի առողջությունը անմիջականորեն կապված է մազերի վիճակի հետ։ Բորբոքային խնդիրների դեպքում հաճախ նկատվում է նաև մազաթափություն, ուստի առաջնայինը ճիշտ ախտորոշումն է, որից հետո արդեն կազմվում է բուժման պլանը։ Մազերի թեփոտումը, կարմրությունը և քորը կարող են վկայել բորբոքային հիվանդությունների մասին, սակայն նույն ախտանիշները կարող են տարբեր հիվանդությունների դեպքում դիտվել, ինչի պատճառով անհրաժեշտ է դիմել մասնագետի»,- ասաց մաշկաբանը:
Անդրադառնալով հորմոնների դերին՝ բժիշկը նշեց, որ դրանք մեծ ազդեցություն ունեն մազերի աճի և դրանց ցիկլի վրա։ Նրա խոսքով՝ հաճախ խնդիրները կապված են վահանաձև գեղձի հետ, և անհրաժեշտության դեպքում նշանակվում են համապատասխան հետազոտություններ։
«Սթրեսը նույնպես իրականում կարող է առաջացնել մազաթափություն։ Նրա խոսքով՝ սթրեսի ժամանակ բարձրանում է կորտիզոլ հորմոնի մակարդակը, ինչը կարող է հանգեցնել ինչպես մազաթափության, այնպես էլ մազերի վաղաժամ սպիտակեցման, իսկ մազաթափությունը հաճախ նկատվում է սթրեսից մոտ երեք ամիս անց։ Գենետիկ գործոնի վերաբերյալ էլ նշեմ, որ ամեն ինչ կախված է մազաթափության տեսակից։ Անդրոգենային մազաթափության դեպքում գենետիկան ունի որոշիչ դեր, սակայն կան նաև տեսակներ, որոնք դրա հետ կապ չունեն»,-ասաց Լուսինե Մեժլումյանը:
Անդրադառնալով մազերի խնամքին, մասնագետը կարևորեց ճիշտ միջոցների ընտրությունը։ «Շամպունը պետք է ընտրել՝ ելնելով գլխամաշկի տեսակից: Միշտ միայն սուլֆատներից խուսափելը ճիշտ մոտեցում չէ, քանի որ գլխամաշկը պետք է նաև խորը մաքրել»,-ասաց նա:
Խոսելով համացանցում տարածվող խորհուրդներին՝ բժիշկն ընդգծեց, որ մազաթափության դեմ գործող շամպուն գոյություն չունի, և նման միջոցները միայն նպաստավոր միջավայր են ստեղծում բուժման համար։ Նրա խոսքով՝ առանց հստակ ախտորոշման տարբեր միջոցների օգտագործումը կարող է լինել ոչ միայն անարդյունավետ, այլև վնասակար։
Բուսական միջոցների մասին խոսելիս նա նշեց, որ, օրինակ՝ ռոզմարինը որոշ դեպքերում կարող է օգտակար լինել, սակայն կարող է նաև գրգռել գլխամաշկը և պետք է կիրառվի միայն համապատասխան դեպքերում՝ բժշկի խորհրդով։
Սննդակարգի մասին խոսելիս մասնագետը շեշտեց, որ մազերի առողջության համար կարևոր են սպիտակուցները, երկաթը, ինչպես նաև վիտամիններով և միկրոէլեմենտներով հարուստ սնունդը։ Նրա խոսքով՝ մազերը շատ արագ արձագանքում են օրգանիզմում նշված մթերքի պակասին։
«Մազերը կարճ կտրելը կամ ճաղատանալը չի բարելավում դրանց որակը, ինչպես նաև գլխարկ կրելը մազաթափության պատճառ չէ, եթե այն չի վնասում մազերը»,-ասաց մաշկաբանն՝ անդրադառնալով միֆերին:
Ամփոփելով խոսքը՝ բժիշկը խորհուրդ տվեց խնամքով վերաբերվել մազերին, ճիշտ ընտրել խնամքի միջոցները և վարել առողջ կենսակերպ՝ նշելով, որ ոչ բոլոր դեպքերում է հնարավոր կանխարգելել մազաթափությունը, բայց ճիշտ մոտեցումը կարող է նվազեցնել ռիսկերը:
Թեմայի շուրջ մի շարք այլ հարցերի պատասխանները ստանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը։
Լսեք նաև այլ թեմաներով podcast-ները:
