Բարձր տեխնոլոգիաներ

Հայկական Gurus-ը մասնակցում է նոր դեղամիջոցների կլինիկական հետազոտություններին և պատրաստում ոլորտի մասնագետների

17 րոպեի ընթերցում

Հայկական Gurus-ը մասնակցում է նոր դեղամիջոցների կլինիկական հետազոտություններին և պատրաստում ոլորտի մասնագետների

Բիոտեխնոլոգիան և կլինիկական հետազոտությունները շարունակում են մնալ Հայաստանի ամենաքիչ ճանաչված, բայց միաժամանակ ամենաարագ զարգացող ոլորտներից։ 2019 թվականին հիմնադրված Gurus ընկերությունն այսօր համագործակցում է աշխարհի խոշորագույն դեղագործական և պայմանագրային հետազոտական (CRO) կազմակերպությունների հետ, մասնակցում նոր դեղամիջոցների կլինիկական հետազոտություններին և պատրաստում այն մասնագետներին, որոնց կարիքը ոլորտը տարիներ շարունակ ունեցել է։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Gurus-ի հիմնադիր տնօրեն Վահե Մարտիրոսյանը պատմել է ընկերության ստեղծման, միջազգային շուկայում կայանալու, կրթական ծրագրերի մասին։ 

«Երբ սկսում էինք, ոլորտը Հայաստանում դեռ նոր էր ձևավորվում։ Մեր նպատակը լավագույններից մեկը լինելն էր, և կարծում եմ՝ այսօր կարող ենք ասել, որ կարողացել ենք պահպանել այդ սկզբունքը»,- նշեց նա։

Մարտիրոսյանի խոսքով՝ ընկերության ստեղծման պահին հիմնական նպատակը Հայաստանի մակարդակով որևէ խնդիր լուծելը չէր։ Նախատեսված էր լրացնել ոլորտում առկա մասնագիտական բացը, որը վերաբերում էր հատկապես բիոտեխնոլոգիաների և կլինիկական հետազոտությունների ոլորտին։

«Տեսանք, որ այս ուղղությամբ մեծ հնարավորություններ կան, սակայն մասնագիտական բացը նույնպես բավականին մեծ էր։ Սկսեցինք լուծել հենց այդ ոլորտային խնդիրը, որն արդյունքում դարձավ նաև Հայաստանի համար կարևոր ներդրում։ Մինչև այսօր շարունակում ենք լրացնել այդ բացը»,-ասաց նա։

Gurus-ի հիմնադիրը նշեց, որ շատերը նույնիսկ այսօր հստակ չեն պատկերացնում, թե իրականում ինչով է զբաղվում ընկերությունը։

«Կարծում եմ՝ մեր աշխատակիցների ծնողներից շատերը ևս մինչև հիմա ամբողջությամբ չեն պատկերացնում, թե ինչ աշխատանք ենք կատարում։ Շատերը պարզապես ասում են՝ «IT-ով են զբաղվում», սակայն մեր գործունեությունը դրանով չի սահմանափակվում»,- նշեց նա։

Մարտիրոսյանի խոսքով՝ աշխարհում յուրաքանչյուր նոր դեղամիջոց կամ բժշկական սարքավորում մինչև կիրառման թույլտվություն ստանալը երկար ճանապարհ է անցնում՝ կլինիկական հետազոտությունների միջոցով։

«Այդ հետազոտությունների արդյունքում պարզվում է՝ տվյալ դեղամիջոցը կամ բժշկական սարքավորումն անվտանգ և արդյունավե՞տ է, թե՞ ոչ։ Սկզբում փորձարկումներն իրականացվում են կենդանիների վրա, այնուհետև՝ առողջ կամավորների, իսկ հաջորդ փուլերում՝ հիվանդների մասնակցությամբ»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ հետազոտությունների ընթացքում հիվանդները բաժանվում են խմբերի, որոնցից մեկը ստանում է հետազոտվող դեղամիջոցը, իսկ մյուսը՝ պլացեբո, ինչը հնարավորություն է տալիս գնահատել բուժման արդյունավետությունը։

Վահե Մարտիրոսյանի խոսքով՝ Gurus ընկերությունը չի կազմակերպում կլինիկական փորձարկումները, այլ ապահովում է դրանց գիտական և վերլուծական բաղադրիչը։

«Մենք տրամադրում ենք կենսաչափական ծառայություններ՝ երեք հիմնական ուղղությամբ՝ կլինիկական տվյալների կառավարում (Clinical Data Management), վիճակագրական ծրագրավորում (Statistical Programming) և կենսավիճակագրություն (Biostatistics)։ Նախ հավաքագրվում և մաքրվում են հիվանդանոցներից ստացված տվյալները, ապա դրանք համապատասխանեցվում են միջազգային ստանդարտներին և նախապատրաստվում վերլուծությունների համար, իսկ վերջնական փուլում կազմվում են հաշվետվություններ, որոնք ներկայացվում են կարգավորող մարմիններին»,- նշեց նա։

Մարտիրոսյանի խոսքով՝ այդ մարմինների թվում են ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA), Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA) և այլ երկրների համապատասխան կառույցներ, որոնք այդ տվյալների հիման վրա որոշում են՝ դեղամիջոցը կամ բժշկական սարքավորումը կարո՞ղ է կիրառվել, թե՞ ոչ։

Նրա խոսքով՝ Gurus-ի կարևոր ուղղություններից է նաև կենսավիճակագրությունը։

«Մոտ երկուսուկես տարի առաջ սկսեցինք ձևավորել կենսավիճակագրության բաժինը։ Հայաստանում նման մասնագիտություն դասավանդող բուհ չկա, ուստի համագործակցեցինք համալսարանների հետ, ընտրեցինք համապատասխան մասնագետների, կազմակերպեցինք շուրջ երկու տարի տևած վերապատրաստումներ և պատրաստեցինք առաջին կենսավիճակագրին։ Այսօր արդեն ունենք շուրջ տասը կենսավիճակագիր և տարածաշրջանում եզակի կազմակերպություններից ենք, որն ունի նման բաժին»:

Նրա խոսքով՝ այսօր ընկերությունը համագործակցում է աշխարհի խոշորագույն դեղագործական և CRO կազմակերպությունների հետ։

Վահե Մարտիրոսյանը նշեց, որ ընկերության զարգացման կարևորագույն ուղղություններից մեկը կրթական ծրագրերի իրականացումն է։ Նա նշում է, որ սկզբից ի վեր Gurus-ում համոզված են եղել՝ պատրաստի մասնագետների ներգրավելու փոխարեն անհրաժեշտ է ստեղծել նոր արժեք և կրթել սեփական կադրերին։

«Երբ այլ ընկերությունից մասնագետ ես հրավիրում աշխատանքի, իրականում նոր արժեք չես ստեղծում։ Մասնագետը պարզապես տեղափոխվում է մի կազմակերպությունից մյուսը։ Մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով՝ ստեղծել նոր մասնագիտություններ, նոր աշխատատեղեր և պատրաստել այնպիսի մասնագետների, որոնք մինչ այդ Հայաստանում պարզապես չկային»,- ասաց նա։

Մարտիրոսյանի խոսքով՝ հենց այդ գաղափարով էլ 2019 թվականին հիմնադրվեց Gurus Academy-ն, որի նպատակն էր լրացնել համալսարանների և աշխատաշուկայի միջև առկա բացը։

«Շատ դեպքերում երիտասարդներն ավարտում են բուհը, ստանում դիպլոմ, սակայն առաջին աշխատանքային օրվա համար պատրաստ չեն լինում։ Մեր ոլորտում նման կրթություն Հայաստանում ընդհանրապես չկար, և հենց այդ պատճառով ստեղծեցինք ակադեմիան, որպեսզի մարդիկ ստանան այն գիտելիքներն ու գործնական հմտությունները, որոնք անհրաժեշտ են աշխատանքի անցնելու համար»,- նշեց նա։

Ընկերության հիմնադիր տնօրենը նշեց, որ գործունեության առաջին տարիներից մինչև այսօր Gurus-ը շուրջ 700 հազար դոլարի ներդրում է կատարել բացառապես կրթական ծրագրերի իրականացման համար։

«Մինչև 2025 թվականի սեպտեմբեր բոլոր դասընթացներն անվճար էին։ Այդ ընթացքում ունեցել ենք շուրջ 900 դիմորդ, սակայն տեսանք, որ արդյունքը միշտ չէ, որ համապատասխանում է մեր սպասումներին։ Երբ դասընթացն անվճար է, շատերն ուղղակի գալիս են փորձելու՝ առանց վերջնական նպատակ ունենալու։ Այդ պատճառով որոշեցինք ծրագրերը դարձնել վճարովի, և պետք է ասեմ, որ արդյունքները զգալիորեն բարելավվեցին»,- ասաց նա։

Մարտիրոսյանի խոսքով՝ այսօր ակադեմիայի լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները հնարավորություն են ստանում անցնել վճարովի պրակտիկա, իսկ դրանից հետո՝ համալրել ընկերության թիմը։

Նրա խոսքով՝ Gurus Academy-ում ուսուցումը հեշտ չէ, և ընկերությունը երբեք չի փորձել դա թաքցնել։

«Մեր մասին հաճախ ասում են, որ առաջին վեց ամիսները շատ դժվար են։ Ես դրա հետ լիովին համաձայն եմ։ Սակայն համոզված եմ՝ ցանկացած լուրջ արդյունք պահանջում է մեծ աշխատանք։ Եթե ցանկանում ես ունենալ մրցունակ մասնագիտություն, պետք է պատրաստ լինես նաև այդ ճանապարհին»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ տարիների ընթացքում Gurus Academy-ի ծրագրերն անընդհատ կատարելագործվել են։

«Յուրաքանչյուր դասընթացից հետո կազմակերպում ենք անանուն հարցումներ։ Ամեն հաջորդ դասընթացը փորձում ենք դարձնել ավելի լավը, քան նախորդը։ Փոփոխվում են դասախոսությունները, ուսումնական նյութերը, ներկայացման ձևը, մեթոդաբանությունը»,- պատմեց նա։

Մարտիրոսյանը նշեց՝ Gurus Academy-ն այսօր գործում է ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Վանաձորում և Իջևանում, իսկ բոլոր մասնաճյուղերում քննություններն անցկացվում են նույն չափանիշներով. «Մենք միշտ ասել ենք՝ մեր նպատակը Երևանում կենտրոնանալը չէ։ Մարզերում կան շատ տաղանդավոր երիտասարդներ, որոնք պարզապես հնարավորություն չեն ունեցել տեղափոխվել մայրաքաղաք կամ այստեղ կրթություն ստանալ։ Այդ պատճառով էլ որոշեցինք կրթությունն ու աշխատանքը հասցնել հենց նրանց»,- նշեց նա։

Առաջին մարզային մասնաճյուղը բացվել է Վանաձորում, որին հաջորդել են Իջևանն ու Գյումրին։ Ընկերության հիմնադիրը շեշտում է, որ մարզերում աշխատող մասնագետների համար երբեք տարբերակված պայմաններ չեն սահմանվել։

«Առաջին իսկ օրվանից հայտարարել ենք, որ աշխատավարձերի կամ աշխատանքային պայմանների տարբերություն չի լինելու։ Եթե մարդը որոշել է ապրել Վանաձորում, Իջևանում կամ Գյումրիում, դա չպետք է սահմանափակի նրա մասնագիտական աճը»,- ասաց նա։

Ընկերությունը վերջերս բացել է նաև Թբիլիսիի մասնաճյուղը՝ ընդլայնելով աշխարհագրությունը. «Արդեն սկսել ենք գործունեությունը Թբիլիսիում։ Առաջին փուլում ստացել ենք շուրջ 70 դիմում, որոնց մեծ մասը Վրաստանի քաղաքացիներից է։ Իհարկե, կան նաև հայ դիմորդներ, այդ թվում՝ Ջավախքից, սակայն որևէ սահմանափակում կամ նախապատվություն չենք սահմանում ազգային պատկանելության հիմքով։ Մեզ համար առաջնայինը մասնագիտական ներուժն է»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ Թբիլիսիի մասնաճյուղի ստեղծումը նաև հնարավորություն կտա տարածաշրջանում ընդլայնել ընկերության գործունեությունը և ներգրավել նոր մասնագետների։

Խոսելով աշխատակիցների ընտրության սկզբունքների մասին՝ Մարտիրոսյանը նշեց, որ գիտելիքը կարևոր է, սակայն ոչ պակաս կարևոր են անձնական հատկանիշները։

«Եթե մեկ բառով պետք է ասեմ, ամենակարևոր հատկանիշը պատասխանատվությունն է։ Մարդը կարող է սովորել ցանկացած մասնագիտություն, բայց պատասխանատվության զգացումը շատ ավելի դժվար է ձևավորվում»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով՝ Gurus-ում կազմակերպության մշակույթն ու էթիկան կառուցված են կարգապահության վրա։ Նոր աշխատակիցների հետ առաջին փուլում ակտիվ աշխատում է մարդկային ռեսուրսների թիմը՝ օգնելով նրանց հարմարվել աշխատանքային միջավայրին։

«Շատերի համար սա առաջին աշխատավայրն է, և բնական է, որ նրանք դեռ ծանոթ չեն աշխատանքային մշակույթին։ Այդ պատճառով սկզբնական շրջանում ավելի շատ ժամանակ ենք հատկացնում կազմակերպության էթիկայի, ներքին կանոնների և թիմային աշխատանքի սկզբունքների ներկայացմանը: Եթե մարդն առաջին անգամ մտնի մեր գրասենյակ, դժվար թե հասկանա՝ ով է տնօրենը, ով՝ բաժնի ղեկավարը կամ թիմի ղեկավարը։ Մենք նպատակ ունենք ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ կարող են ազատ շփվել և արտահայտել իրենց կարծիքը»,- ասաց նա։

Վահե Մարտիրոսյանի խոսքով՝ Gurus Academy-ում իրականացվող դասընթացները չեն սահմանափակվում միայն վիճակագրական ծրագրավորմամբ։ Ընկերությունն այսօր պատրաստում է նաև կենսավիճակագիրների (Biostatistics), տվյալների կառավարման (Clinical Data Management) և ոլորտի այլ մասնագետների։

Նրա խոսքով՝ բիոտեխնոլոգիաների և կլինիկական հետազոտությունների ոլորտն այսօր աշխարհի ամենապահանջված ուղղություններից է, իսկ COVID-19-ի համավարակը ևս մեկ անգամ ցույց տվեց առողջապահության և դեղագործության ռազմավարական նշանակությունը։

«Համավարակը բոլորիս ապացուցեց, որ բժշկությունն ու դեղագործությունը կարող են նույնիսկ ավելի կարևոր լինել, քան շատ այլ ոլորտներ։ Այդ պատճառով կարծում ենք, որ Հայաստանը ևս պետք է ունենա այս ոլորտի բարձրակարգ մասնագետներ, որոնք կկարողանան աշխատել միջազգային նախագծերում»,- ասաց Մարտիրոսյանը։

Անդրադառնալով արհեստական բանականության արագ զարգացմանը՝ նա նշեց, որ թեմայի շուրջ հաճախ են հարցեր ստանում, սակայն ոլորտում մոտ ապագայում աշխատատեղերի կրճատման վտանգ չի տեսնում։

«Ես ավելի շատ կխոսեի ոչ թե արհեստական բանականության, այլ ավտոմատացման մասին։ Ավտոմատացումը միշտ եղել է տեխնոլոգիական զարգացման մի մասը, և մեր ոլորտում նույնպես կիրառվում են նման գործիքներ։ Դրանք օգնում են ավելի արագ կատարել որոշ գործընթացներ, սակայն չեն կարող փոխարինել մասնագետի մասնագիտական դատողությանը»,- ասաց նա։

Մարտիրոսյանի խոսքով՝ ընկերության տարբեր ստորաբաժանումներում արդեն կիրառվում են արհեստական բանականության գործիքներ՝ սկսած մարքեթինգից մինչև նախագծերի կառավարում, սակայն հիմնական մասնագիտական գործընթացներում մարդկային վերահսկողությունը շարունակում է մնալ առանցքային։

«Մեր աշխատանքի հիմնական մասը ծրագրավորումը չէ։ Ամենակարևորը հասկանալն է՝ ի՞նչ պետք է անել, ինչպիսի՞ վերլուծություն պետք է իրականացվի, ինչպե՞ս պետք է մեկնաբանվեն տվյալները։ Ծրագրավորումն այդ աշխատանքի միայն մի մասն է»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ հատկապես մարդու առողջության հետ կապված նախագծերում յուրաքանչյուր արդյունք ստուգվում է մի քանի մասնագետի կողմից։

«Մեզ մոտ նույն աշխատանքը կատարում են երկու տարբեր մասնագետներ։ Նրանք առանձին աշխատում են նույն տվյալների վրա, իսկ վերջնական արդյունքները համեմատվում են։ Եթե տարբերություն կա, սկսում ենք հասկանալ պատճառը։ Քանի որ խոսքը մարդու առողջության մասին է, այստեղ սխալի գինը չափազանց բարձր է»,- ընդգծեց նա։

Խոսելով աշխատանքի առանձնահատկությունների մասին՝ Մարտիրոսյանը նշեց, որ ընկերության աշխատակիցները հաճախ աշխատում են դեռևս շուկա չմտած դեղամիջոցների վերաբերյալ տեղեկատվության հետ, ինչի պատճառով գործում են խիստ գաղտնիության կանոններ։

«Մենք աշխատում ենք խիստ կոնֆիդենցիալ տվյալների հետ։ Շատ դեպքերում տեղեկատվությանը ծանոթանում ենք դեռ այն ժամանակ, երբ դեղամիջոցը շուկայում չկա։ Այդ պատճառով յուրաքանչյուր աշխատակից պարտավորվում է պահպանել տեղեկատվության գաղտնիությունը։ Մենք բժիշկներ չենք և չենք տալիս բուժման խորհուրդներ։ Մեր աշխատանքը գիտական տվյալների վերլուծությունն է»,- ասաց նա։

Անդրադառնալով ընկերության զարգացման ճանապարհին՝ նա շեշտեց, որ միջազգային շուկայում հաջողելու ճանապարհը հեշտ չի եղել։

«Հայաստանի հետ համագործակցելու հարցում միջազգային ընկերությունները երկար ժամանակ զգուշավոր էին՝ հաշվի առնելով տարածաշրջանային իրավիճակը։ Մեկ պայմանագրի շուրջ բանակցությունները երբեմն տևել են մեկուկես տարի։ Այդ ճանապարհն անցնելու համար պահանջվել են բազմաթիվ աուդիտներ և միջազգային ստանդարտներին համապատասխանելու մեծ աշխատանք»,- ասաց նա։

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ընկերությունը նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ «Մեր հաջորդ նպատակներից մեկը Հայաստանի հարավում ևս մասնաճյուղ հիմնելն է։ Բացի այդ, շարունակելու ենք զարգացնել Թբիլիսիի գրասենյակը և ընդլայնել միջազգային ներկայությունը»,- նշեց նա։

Անդրադառնալով ընկերության երկարաժամկետ տեսլականին՝ նա նշեց, որ իրենց հիմնական նպատակը միայն աճը չէ, այլ վստահելի գործընկեր դառնալը միջազգային առողջապահական ոլորտում։

«Ցանկանում ենք, որ Gurus անունը մեր ոլորտում ասոցացվի վստահության հետ։ Երբ գործընկերները լսեն Gurus-ը, առաջին հերթին մտածեն որակի, պատասխանատվության և վստահելիության մասին։ Դա է մեր ամենամեծ նպատակը՝ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում»,- եզրափակեց Վահե Մարտիրոսյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում