Քաղաքականություն

Փաշինյանը բացատրել է, թե ինչու է ՔՊ-ն Գորիսում դաշինք կազմելու Առուշ Առուշանյանի կուսակցության հետ

5 րոպեի ընթերցում

Փաշինյանը բացատրել է, թե ինչու է ՔՊ-ն Գորիսում դաշինք կազմելու Առուշ Առուշանյանի կուսակցության հետ

Գորիսի ավագանու առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր»-ը դաշինք է կազմելու այն կուսակցության հետ, որով առաջադրվելու է գործող համայնքապետ Առուշ Առուշանյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ որոշումը պայմանավորված է նաև Գորիսի ընտրողների տված քաղաքական ազդակներով և համայնքում կրկնակի լարվածություն չառաջացնելու ձգտմամբ։

Պատասխանելով հարցին, թե ինչպես է ՔՊ-ն պատրաստվում համագործակցել նախկինում իշխանության կոշտ քննադատ Առուշանյանի հետ, վարչապետը նախ ընդգծեց, որ վերջինս չի առաջադրվելու ՔՊ-ի ցուցակով։

«Առուշ Առուշանյանը ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով է հանդես գալու, այլ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դաշինք է ձևավորելու այն կուսակցության հետ, որով առաջադրվելու է Առուշ Առուշանյանը»,-ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում Գորիսի ընտրողները քվեարկել էին ՔՊ-ի օգտին, մինչդեռ նույն տարվա ՏԻՄ ընտրություններում հաղթել էր Առուշանյանի գլխավորած ուժը։

«2021 թվականի ընտրություններում Գորիսը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, դրանից հետո ՏԻՄ ընտրություններում Գորիսը քվեարկել է այնպես՝ ի հեճուկս ձեր բոլոր նշած փաստերի, որ ընտրությունների արդյունքում Առուշ Առուշանյանն ընտրվել է համայնքի ղեկավար։ Եվ ձեր նշած բոլոր փաստերը հայտնի են եղել։ Թվում է, որ քաղաքական առումով անհամատեղելիություն կա։ Ինչպե՞ս կարող է և՛ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, և՛ ըստ էության 180 աստիճան հակառակ ուղղությամբ»,-ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ իշխանությունը որոշում կայացնելիս հաշվի է առել նաև հենց Գորիսից ստացվող ազդակները։

«Մենք այդ որոշումները կայացրել ենք հետևյալ տրամաբանությամբ. սա այն դեպքն է, երբ ինչ-որ առումով նաև ժողովրդի և գորիսեցիների պարտադրանքին ենք ենթարկվել։ Այս ընտրությունում էլ Գորիսը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ Եվ մենք այդ ազդակները նաև Գորիսից ենք ստանում, որ ինչո՞ւ եք անընդհատ բախման տրամաբանությամբ պրոցեսներ գեներացնում Գորիսում»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ նման մոտեցում կարող է կիրառվել նաև այլ համայնքներում՝ այն կապելով քաղաքական համերաշխության տրամաբանության հետ։

«Նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզ շատ մեղադրում են, թե մենք սևերի ու սպիտակների ենք բաժանում և այլն, մի շարք համայնքներում գնալու ենք այդպիսի որոշման։ Համերաշխության դաշինքներ ենք ձևավորելու այնտեղ, որտեղ այդ հնարավորությունները կան։ Մենք լսել ենք գորիսեցիների ձայնը»,-հայտարարեց Փաշինյանը։

Անդրադառնալով Առուշանյանի շուրջ իրավական գործընթացներին՝ վարչապետն ասաց, որ դրանք պետք է տարանջատել քաղաքական որոշումից։

«Իրավական պրոցեսները իրավական պրոցեսներ են։ Ես որքան գիտեմ՝ օրինական ուժի մեջ մտած դատարանի որոշում չկա, դա լրիվ առանձին հարց է։ Մենք գնացել ենք Գորիսում կրկնակի լարվածություն չառաջացնելու տրամաբանությամբ»,-ասաց նա։

Փաշինյանը նաև բարձր գնահատեց վերջին տարիներին ՀՀ կառավարության և Գորիսի համայնքապետարանի համագործակցությունը։

«Չնայած ձեր նշած փաստերին՝ դուք կարող եք տեսնել, թե Գորիսում կառավարությունը և համայնքը որքան արդյունավետ են համագործակցել, և Գորիսն այսօր կառավարություն-համայնք համագործակցության հաջողության պատմություններից մեկն է Հայաստանի Հանրապետությունում»,-եզրափակեց վարչապետը։

Առուշ Առուշանյանը սեպտեմբերի 10-ին հաստատել էր, որ Գորիսի ավագանու առաջիկա ընտրություններին իր «Բիզնես» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը մասնակցելու են դաշինքով, իսկ ինքը գլխավորելու է դաշինքը։ Գորիսի ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հոկտեմբերի 25-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում