Հայաստան

ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետևողական զարգացումը և ընդգծել, որ կողմերն ակտիվորեն զարգացնում են  գործընկերությունը բոլոր հնարավոր ոլորտներում։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տրանսպորտի, էներգետիկայի, թվայնացման ոլորտներում կապերի խորացմամբ ու ընդլայնմամբ, ինչպես նաև ընդհանուր տնտեսական դիվերսիֆիկացման և դիմակայունության ամրապնդմամբ։ Երկրի ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է հայկական ապրանքների արտահանման խթանմանը միտված ԵՄ աջակցությունը, ինչպես նաև հայ արտադրողներին ու արտահանողներին անհրաժեշտ տեխնիկական կարողությունների զարգացման նպատակով ծրագրերի իրականացումը։

Գերտ Յան Կուպմանը նշել է, որ ԵՄ-ն ողջունում է ՀՀ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգը և պատրաստ է հետևողականորեն աջակցել այդ գործընթացին՝ ընդլայնելով համագործակցությունը բոլոր այն ոլորտներում, որոնք նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանը։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլին,  տնտեսական և ոլորտային համագործակցությանը, թվայնացման, էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման և ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում