Ֆրանկոֆոնիա

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ողջունել է տիկին Մուշիկիվաբոյի այցը Հայաստան և մասնակցությունը COP 17 համաժողովին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համաժողովը կարևոր միջոցառում է Հայաստանի համար և ՀՀ Կառավարությունը մեծ պատասխանատվությամբ է նախապատրաստվել համաժողովին։ Երկրի ղեկավարը հավելել է, որ տարածաշրջանում տեղի են ունենում մեծ փոփոխություններ և հնարավորություն է ստեղծվել, որպեսզի Հարավային Կովկասի տարածաշրջանում հաստատվի երկարատև կայուն խաղաղություն։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը և բարձր գնահատել վերջինիս աջակցությունը Հայաստանին։

Լուիզ Մուշիկիվաբոն ևս կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը և ընդգծել ՖՄԿ հետագա աջակցությունը մեր երկրին։ Վերջինս ողջունել է COP 17–ի անցկացումը Երևանում և վստահություն հայտնել, որ այն կնպաստի աշխարհում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը։ Լուիզ Մուշիկիվաբոն միաժամանակ կարևորել է 2027 թվականին մեր երկրում Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի անցկացումը, ինչը ևս առիթ կլինի տարբեր երկրների երիտասարդների համար ծանոթանալ Հայաստանին և հաստատել կապեր։

Այս համատեքստում, զրուցակիցները քննարկել են խաղերի անցկացման ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր։ Մտքեր են փոխանակվել նաև Կամբոջայում նոյեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովի վերաբերյալ։  

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում