Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն Հայաստանում ռուսական ռազմաբազայի հարցը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա բանակցություններում կքննարկեն Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող հարցը, ինչպես նաև անվտանգության հետ կապված հարցեր։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին նոյեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Անշուշտ, կանդրադառնանք մեր ռազմաբազայի հարցին։ Այդ ռազմաբազան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման շատ կարևոր տարր է»,– ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմին հետաքրքիր կլինի լսել հայկական կողմի տեսակետը։ Կրեմլի ներկայացուցիչն առաջիկա բանակցությունների օրակարգը բնութագրել է որպես հագեցած։
Պեսկովն անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերությունների ընդհանուր վիճակին՝ ընդգծելով դրանց ընդգրկուն բնույթը։
«Երկկողմ հարաբերությունները բավական ընդգրկուն են՝ չնայած առկա դժվարություններին»,– նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Նա հավելել է, որ Փաշինյանի այցը Ռուսաստան բավական վաղուց էր համաձայնեցվել, և դրա մասին արդեն հայտարարվել էր նաև հայկական կողմից։ Պեսկովը հաստատել է, որ ռուսական կողմը պատրաստվում է այցին։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նախնական պայմանավորվածության համաձայն՝ Մոսկվա իր այցը նախատեսվում է դեկտեմբերի 3-ին։