Քաղաքականություն

ԱԺ փոխնախագահը նոր Սահմանադրության նախագծով խորհրդարանի լիազորությունների ընդլայնում է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԱԺ փոխնախագահը նոր Սահմանադրության նախագծով խորհրդարանի լիազորությունների ընդլայնում է տեսնում

Նոր Սահմանադրության նախագիծը նախատեսում է խորհրդարանի դերի ամրապնդում և անկախ մարմինների ձևավորման գործում ընդդիմության մասնակցության ընդլայնում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը։

Ալեքսանյանը չի համաձայնել գնահատականների հետ, թե առաջարկվող փոփոխությունները մեծացնում են վարչապետի իշխանությունը։

«Այն ժամանակ արդարացիորեն շատերս ասում էինք, որ սուպերվարչապետական համակարգ է, որ Սահմանադրությունը կարված է Սերժ Սարգսյանի հագով։ Նկատի ունեինք, որ այն լիազորությունները, որոնք տրված են վարչապետին ու գործադիրին, իրական խորհրդարանական հանրապետությունում պետք է պատկանեն խորհրդարանին։ Հիմա, երբ այս լիազորությունները բերում ենք, տալիս խորհրդարանին, ասում են՝ խորհրդարանում դուք մեծամասնություն եք։ Այսօր մենք ենք մեծամասնություն, վաղն ուրիշն է մեծամասնություն, բայց խորհրդարանը խորհրդարանն է»,– ասել է Ալեքսանյանը։

Նա կարևորել է նաև անկախ մարմիններում ընդդիմադիր խմբակցությունների առաջադրմամբ անդամների ընտրության նախատեսվող հնարավորությունը։

«Մենք ասում ենք՝ աննախադեպ բան ենք անում․ անկախ մարմիններում ընդդիմությանը քվոտաներ ենք տալիս»,– նշել է ԱԺ փոխնախագահը։

Ալեքսանյանի խոսքով՝ նշանակումների հետ կապված հրապարակային քննարկումները ևս պետք է մեծացնեն հաշվետվողականությունը։

«Նախարարները, դեսպանները գալու են հրապարակային նիստի, մասնակցելու են հանձնաժողովի նիստին։ Նույն ընդդիմադիր պատգամավորները հնարավորություն են ստանալու նրանց նշանակման հետ կապված կարծիք ասել, նրանց հարցեր տալ։ Փակ գործընթաց չի լինելու։ Հիմա մեր հանրության բացարձակ մեծամասնությունը, երևի, չգիտի՝ եվրոպական մի շարք առանցքային երկրներում ովքեր են մեր դեսպանները։ Էլ այդպես չի լինելու, հրապարակային նիստ է լինելու»,– ընդգծել է նա։

ԱԺ փոխնախագահը բնական է համարել նաև խորհրդարանական հանրապետությունում խորհրդարանին արտահերթ ընտրություններ ինքնուրույն նախաձեռնելու հնարավորություն տալը։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում