Սևանում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Կիրակոսյանի եղբորորդին
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում բնակվող Կիրակոսյանների ընտանիքում նոյեմբերի 25-ին լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած Արթուր Հայկի Կիրակոսյանի եղբորորդին՝ Արթուր Վահեի Կիրակոսյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, անմահացած հերոսի անունն արդեն կրում է նրա եղբոր նորածին որդին, որը ոչ միայն երկար սպասված ուրախություն ու բերկրանք է բերել իր ընտանիք, այլ նաև իր ծննդով ապրեցնելու է հերոսի ծնողներին ու հարազատներին:
«Փոքրիկ Արթուրն իր ծննդով անհուն երջանկությամբ է լցրել ոչ միայն Կիրակոսյանների ու Պետրոսյանների օջախները, այլ նաև Սևան համայնքի բնակիչների սրտերը:
Վերածննդի այս հրաշք ակնթարթն ու դրան հաջորդած տարիներն ապացուցելու են այն ճշմարտությունը, որ հերոսները վերադառնում են տուն յուրաքանչյուր սպասված ծննդով, որ դառնում է օրհնանք ու Աստծո պարգև»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։