Գետքում հիմնանորոգվում է ոռոգման ցանցը
2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Գետք բնակավայրում ամբողջությամբ հիմնանորոգվում է ոռոգման ցանցը։ Աշխատանքներն իրականացվում են համայնքային բյուջեի միջոցներով։ Ծրագրի իրականացման համար համայնքի բյուջեից հատկացվել է 51 միլիոն դրամ։
«Արմենպրես»-ը Ախուրյանի համայնքապետարանից տեղեկանում է, որ հիմնանորոգման շրջանակում ապամոնտաժվում է հին, մաշված և շարքից դուրս եկած խողովակաշարը։ Ոռոգման ցանցի ընդհանուր երկարությունը մեկ կիլոմետր է։ Դրանից 700 մետրը կկառուցվի բետոնե կիսատաշտակներով, իսկ 300 մետրը՝ մետաղական փակ խողովակաշարով։
«Տարիներ շարունակ հին և մաշված ցանցի պատճառով ոռոգման ջուրը դուրս էր գալիս հունից՝ հոսելով բնակավայրի տարածքով և լցվելով բնակիչների տները։ Խնդրի հրատապությունը հաշվի առնելով՝ համայնքապետարանը որոշել է չսպասել սուբվենցիոն ծրագրի իրականացմանը և աշխատանքները կատարել սեփական միջոցներով։ Հին խողովակաշարի մաշվածության պատճառով ջուրը լցվում էր մարդկանց տները։ Դա էր պատճառը, որ խնդրի լուծումն անհետաձգելի էր, և համայնքապետարանը չսպասեց սուբվենցիոն ծրագրին՝ այդ նպատակով գումար հատկացնելով համայնքային բյուջեից։ Այսուհետ Գետքի բնակիչների տնամերձ հողատարածքները կոռոգվեն ավելի արդյունավետ, իսկ տներն ու բակերը զերծ կմնան ոռոգման ջրի արտահոսքից ու հեղեղումներից»,-նշում են Ախուրյանի համայնքապետարանից՝ հավելելով, որ խնդրի լուծումը հիմնավոր և երկարաժամկետ է։