Գավառի պետական համալսարանում ներկայացվել են ուսանողների հետազոտական նախագծի արդյունքները
3 րոպեի ընթերցում

Գավառի պետական համալսարանում տեղի է ունեցել ուսանողների ինքնուրույն հետազոտական աշխատանքների շրջանակում իրականացված՝ «Աշակերտների մաթեմատիկական գրագիտության զարգացումը Բլումի տաքսոնոմիայի և PISA-ի մեթոդաբանության կիրառմամբ. տեսական ուսումնասիրությունից մինչև դպրոցական փորձարկում» թեմայով խմբային նախագծային աշխատանքի առաջին մասի պաշտպանությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժնից, նախագծային աշխատանքը կատարել են Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» բաժնի 3-րդ կուրսի ուսանողներ Զաբելա Ավետիսյանը, Ամալյա Խոստեղյանը և Աննա Վարդանյանը։ Նախագծային աշխատանքի ղեկավարն է ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Նելլի Կուտուզյանը։ Աշխատանքի շրջանակում ուսանողներն ուսումնասիրել են Բլումի տաքսոնոմիայի ճանաչողական մակարդակները, PISA-ի մաթեմատիկական գրագիտության գնահատման սկզբունքներն ու մեթոդաբանական առանձնահատկությունները, ինչպես նաև մշակել են համապատասխան ուսումնական առաջադրանքներ՝ ուղղված սովորողների վերլուծական, քննադատական և կիրառական մտածողության զարգացմանը՝ կոտորակներ թեմայի ուսումնասիրման համար, նախագծել էին PISA-ի ստուգատեսի մեթոդաբանությանը համապատասխանող իրավիճակային առաջադրանքներ։
Նախագծի պաշտպանության ընթացքում ուսանողները ներկայացրել են կատարված հետազոտության հիմնական արդյունքները, հիմնավորել ընտրված մեթոդաբանական մոտեցումները և պատասխանել նախագիծը գնահատող հանձնաժողովի անդամների հարցերին։ Քննարկմանը մասնակցել են նաև այն դպրոցների մանկավարժները, որոնց հետ նախատեսվում է համագործակցել նախագծի գործնական իրականացման փուլում՝ ուսանողների մանկավարժական պրակտիկայի ընթացքում։ Քննարկման մասնակիցների թվում են եղել նաև Գավառի թիվ 3, Նորատուսի թիվ 1, Արծվաքարի և այլ հիմնական դպրոցների դասվարներ, ԳՊՀ շրջանավարտներ։
«Նախագծային աշխատանքի իրականացումը նպաստում է ուսանողների հետազոտական, մեթոդական և համագործակցային կարողությունների զարգացմանը, տեսական գիտելիքների գործնական կիրառմանը, ինչպես նաև համալսարան-դպրոց համագործակցության ամրապնդմանը։
Քննարկումը կարևոր էր նաև կրթական գործընթացում հետազոտահեն և կիրառական ուսուցման մոտեցումների զարգացման տեսանկյունից՝ միավորելով համալսարանական գիտելիքը և մանկավարժական հմտությունները, դպրոցներում սովորողակենտրոն կրթության կազմակերպման փորձը։
Նախագծի 2-րդ փուլում կիրականացվի մշակված մեթոդական նյութերի փորձարկումը դպրոցական միջավայրում։ Այս փուլը հնարավորություն կտա գնահատելու առաջադրանքների գործնական կիրառելիությունը, ուսումնասիրելու սովորողների կողմից դրանց կատարման առանձնահատկությունները և ստացված արդյունքների հիման վրա կատարելագործելու առաջարկվող մեթոդական մոտեցումները»,-ներկայացրին ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնից։