Սևան քաղաքը հյուրընկալել է Հայաստանի պետական կամերային նվագախմբին
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում համերգային ծրագրով ելույթ է ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահագն Պապյանի գլխավորությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, համերգը կայացել է Սևանի Ս․ Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում։
Համերգի ընթացքում հնչել են հայ և համաշխարհային կոմպոզիտորների սիրված ու ճանաչված ստեղծագործությունները՝ ներկաներին պարգևելով անմոռանալի երաժշտական պահեր։
«Յուրաքանչյուր կատարումից առաջ Վահագն Պապյանի մեկնաբանությամբ ներկայացվում էին հետաքրքիր դրվագներ և փաստեր կատարվող ստեղծագործությունների վերաբերյալ։ Բարձրակարգ ու բարձրարժեք երաժշտության հետ հանդիպումը ոչ միայն կայացավ, այլ նաև դարձավ հետագա հանդիպումների սկիզբը։
Համերգից հետո չէին դադարում ծափողջույնները և շնորհակալական խոսքերը, որոնք ուղղված էին Հայաստանի պետական կամերային նվագախմբին՝ Սևան այցելելու, սևանցի հանդիսատեսին բարձրարվեստ երաժշտության հետ հաղորդակից դարձնելու և մեր քաղաքի մշակութային կյանքը նման գեղեցիկ իրադարձությամբ հարստացնելու համար»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։