Ներքին քաղաքականություն

Ընդդիմությունն ընտրության երկու տարբերակ ունի․ ՔՊ խմբակցության ղեկավարը վերահաստատել է իշխանության առաջարկը

3 րոպեի ընթերցում

Ընդդիմությունն ընտրության երկու տարբերակ ունի․ ՔՊ խմբակցության ղեկավարը վերահաստատել է իշխանության առաջարկը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը վերահաստատել է իշխանության կողմից ընդդիմությանն արված առաջարկը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մանավազյանն Ազգային ժողովի քառօրյա նիստերն ամփոփող ճեպազրույցի ժամանակ նշել է, որ ընդդիմության կողմից Ազգային ժողովում անհրաժեշտ 6 քվեն ապահովելու դեպքում նոր Սահմանադրության ընդունման հարցը կդրվի հանրաքվեի, եթե չլինի այդ սցենարը, կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

«Ընդդիմությունն իր առջև ընտրություն ունի դրված։ Ընտրությունը հետևյալն է՝ կամ թույլ տալ ժողովուրդը հանրաքվեով իր ձայնն արտահայտի, կամ կգնանք արտահերթ ընտրությունների։ Երկու առաջարկների վերաբերյալ էլ վարչապետը հստակ հայտարարել է՝ եթե ժողովուրդը դեմ կլինի նոր Սահմանադրությանը, հրաժարական կտա, եթե նոր Սահմանադրությունն ընդունվի, հաջորդ ընտրություններին չի լինի թեկնածու։ Ընդդիմությանը սա ասվել է շատ հստակ, այս մասին 2-3 օր Ազգային ժողովի ամբիոնից բարձրաձայնվել է։ Ընդդիմությունը երկու օր լռելուց հետո որևէ հայտարարություն չի արել, բացի այն, որ սա որակել է գործարք՝ իշխանության կողմից։ Նրանք նշել են, որ իշխանության հետ չեն մտնի «խաղի» մեջ։ Սա «խաղ» չէ, այլ քաղաքական երկխոսություն է։ Մեր արած առաջարկի վերաբերյալ ընդդիմության կողմից հստակ արձագանք չենք ստացել»,-ասել է Արուսյակ Մանավազյանը։

ՔՊ խմբակցության ղեկավարը հավելել է, որ ընդդիմությունը չունի հանրային վստահություն։ Նրա խոսքով՝ եթե ընդդիմությունն ունենար հանրության աջակցությունը, թույլ կտար՝ նոր Սահմանադրությունը դրվեր հանրաքվեի։ Մանավազյանը, խոսելով արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին, ասել է, որ ընդդիմությունն այս առումով էլ ունի լուրջ մտահոգություններ, որովհետև իշխանությունը նրանց թույլ չի տալու կիրառել ընտրակաշառքների միջոցով քվեներ ստանալու գործելակերպը։

Նոյեմբերի 23-ի առավոտյան ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել է հատուկ այդ նպատակով ստեղծված կայքում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ առիթով հայտարարել է՝ կայքը ստեղծվել է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար առավելագույնս հարմարավետ լինի նոր Սահմանադրության նախագիծը կարդալն ու առաջարկներ ներկայացնելը։ Փաշինյանը Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի հրապարակման առնչությամբ նաև ուղերձով է հանդես եկել։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում