Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ ընդդիմությունը չի ընդունում Սահմանադրության հանրաքվեի վերաբերյալ վարչապետի առաջարկը
2 րոպեի ընթերցում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտարարել է, որ ընդդիմությունը չի ընդունում նոր Սահմանադրության հանրաքվեի շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը և մտադիր է իր քվեներով կանխել նախագիծը հանրաքվեի դնելու որոշման ընդունումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վարդանյանը նոյեմբերի 19-ին լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքել է վարչապետի հայտարարությանը, ըստ որի՝ Սահմանադրության մերժման դեպքում ինքը հրաժարական կտա, իսկ ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին վարչապետի թեկնածու չի լինի։
Պատգամավորը նշել է, որ իշխանափոխության հարցը չի համարում իշխանության հետ պայմանավորվածության առարկա։
«Ընդդիմությունը իշխանություն վերցնելու հարցում իշխանության հետ գործարքի չի գնում։ Ինձ ծանոթ չէ այդ պրակտիկան։ Ես իսկապես չգիտեմ նախադեպ, երբ ընդդիմությունը պայմանավորվում է իշխանության հետ և վերցնում իշխանությունը»,- ասել է Վարդանյանը։
Նա մտավախություն է հայտնել, որ վարչապետը հետագայում կարող է փոխել իր դիրքորոշումը՝ վկայակոչելով իրավիճակի փոփոխությունը։ Վարդանյանի գնահատմամբ՝ ընդդիմությունը բավարար հիմքեր չունի առաջարկը վստահությամբ ընդունելու համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 19-ի կառավարության նիստում ընդդիմությանն առաջարկել է գնալ հանրաքվեի՝ իր հետագա պաշտոնավարումը կապելով քվեարկության արդյունքի հետ։ Վարչապետը նաև հայտնել է, որ նոր Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ։