Բարձր կատարողական ունեցող դպրոցները կկարողանան տարեկան մինչև 10 միլիոն դրամ լրացուցիչ աջակցություն ստանալ
2 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ազգային ժողովում հայտնել է, որ դպրոցների կատարողականի գնահատման հիման վրա բարձր ցուցանիշներ ունեցող հաստատությունները կկարողանան մրցութային կարգով տարեկան մինչև 10 միլիոն դրամ լրացուցիչ ֆինանսավորում ստանալ՝ նորարարական ծրագրեր իրականացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը մեխանիզմը ներկայացրել է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում։
«Կմեկնարկենք դպրոցների կատարողականի գնահատումը, որով բարձր կատարողական ունեցող դպրոցները կկարողանան մրցութային կարգով տարեկան լրացուցիչ մինչև 10 միլիոն դրամ ստանալ նորարարական ծրագրեր իրականացնելու համար։ Օրինակ՝ որ իրենց ուսուցիչները մասնակցեն միջազգային համաժողովների արտերկրում կամ դպրոցում որևէ նոր ծրագիր իրականացնեն»,-ասել է Անդրեասյանը։
Նա նշել է, որ ցածր կատարողական ունեցող դպրոցներում իրականացվելու են կրթության որակի բարելավման լրացուցիչ ծրագրեր։
Գնահատման արդյունքները կապվելու են նաև դպրոցների ղեկավար կազմի աշխատանքի հետ։
«Կատարողականի գնահատումը հիմք կհանդիսանա նաև դպրոցների վարչական թիմերի ատեստավորման համար՝ դրական արդյունքի դեպքում հանգեցնելով վարձատրության բարձրացման, բացասականի դեպքում՝ աշխատանքի շարունակության վերանայման»,-հայտարարել է նախարարը։