Քաղաքականություն

Հեղափոխությունից հետո 9.1 միլիարդ դոլար լրացուցիչ մուտքեր ենք ունեցել պետական բյուջե․ Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հեղափոխությունից հետո 9.1 միլիարդ դոլար լրացուցիչ մուտքեր ենք ունեցել պետական բյուջե․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո 9.1 միլիարդ դոլար լրացուցիչ մուտքեր են եղել պետբյուջե։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետն ասել է Կառավարության հերթական նիստում՝ անդրադառնալով ապօրինի գույքի վերադարձի համակարգի աշխատանքին։

«Նոր-նոր լիարժեք և ամբողջությամբ թափ է ստանում ապօրինի գույքի վերադարձի համակարգը։ Պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ, ըստ էության, համակարգը կայացած է`  չնայած սա չի նշանակում, որ համակարգն անթերի է։ Այս թեմայով նախօրեին էլ խորհրդարանում շատ կարևոր քննարկում տեղի ունեցավ։ Նախօրեի քննարկումները շատ կարևոր եմ համարում, որովհետև ի հայտ եկավ հանրապետության թիվ մեկ բարերարի թեման։ Ես կարծում եմ՝ մենք այդտեղ էլ ճիշտ տեղ հասանք, որովհետև կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության թիվ մեկ բարերարը Հայաստանի կառավարությունն է և քաղաքական մեծամասնությունը։

2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո այսօրվա դրությամբ ճշգրտված տվյալների համաձայն՝ 9.1 միլիարդ դոլար լրացուցիչ մուտքեր ենք ունեցել պետական բյուջե։ Սա այն 9.1 միլիարդն է, որը գողացված էր՝ առնվազն մի շատ էական մասը, որի չնչին տոկոսներով ժամանակին մարդիկ տուկի թել, բրինձ, ատամի պրոթեզ էին բաժանում։ Այդ ամենն արվում էր գողացածի շուրջ բարերարության ծխածածկույթ ստեղծելու համար։ Այժմ շատ լավ է և կարևոր է, որ մեր իրավապահ համակարգը սկսել է ժողովրդի տված մանդատի շրջանակում արդյունավետ գործել, և, այո, ասում եմ առանց սեթևեթանքի՝ մարդիկ գտնում են իրենց արժանի տեղը, և հույս ունեմ, որ մեր հարգելի դատական համակարգն արդարադատություն կիրականացնի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում