Ադրբեջանի հետ խաղաղության ամրապնդում, ԵՄ վիզաների ազատականացում. հաստատվել է ՀՀ կառավարության 5-ամյա գործունեության միջոցառումների ծրագիրը
5 րոպեի ընթերցում

Հաստատվել է Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստում հարցը զեկուցել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Փոխվարչապետն ընդգծել է, որ ծրագիրը սահմանում է Ազգային ժողովի կողմից հաստատված Կառավարության 2026-2031 թվականների ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզը՝ նախանշելով դրա նպատակների իրագործմանն ուղղված հիմնական միջոցառումները՝ իրենց ցուցանիշներով, ժամկետներով, պատասխանատուներով ու կողմնորոշիչ բյուջեով։
«Նախատեսվող բարեփոխումները հիմնված են «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա և միտված են կյանքի կոչելու ընտրությունների միջոցով քաղաքացիների առջև ստանձնած քաղաքական հանձնառությունները։ Ծրագրով հաստատվելիք շատ միջոցառումներ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով մեկնարկած բարեփոխումների տրամաբանական շարունակությունն են լինելու»,- ասել է փոխվարչապետը։
Նա հայտնել է, որ ծրագիրը սահմանում է 733 միջոցառում, բարեփոխումների 6 հիմնական ուղղություններով, որոնք են՝ արտաքին քաղաքականություն և անվտանգություն, մարդկային կապիտալ և բարեկեցություն, տնտեսական վերափոխում, քաղաքաշինություն և ենթակառուցվածքներ, ժողովրդավարություն, արդարադատություն և կոռուպցիայի դեմ պայքար, հանրային կառավարման արդյունավետություն և թվային վերափոխում։
Անվտանգային և արտաքին քաղաքական միջոցառումների իրականացման արդյունքում Կառավարությունը, մասնավորապես, ծրագրում է.
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդում, «Խաղաղության խաչմերուկ», այդ թվում՝ ԹՐԻՓՓ նախագծերի իրականացում, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացում։
Մարդկային կապիտալի և բարեկեցության նպատակի ներքո Կառավարությունը հռչակել է կրթությունը որպես ռազմավարությունների ռազմավարություն։ Կրթական, առողջապահական, սոցիալական միջոցառումների արդյունքում Կառավարությունը նպատակադրել է աղքատությունը կրճատել 5 տոկոսային կետով։ Այս ուղղությամբ գերակա ծրագրեր են լինելու 300 դպրոցի, 30 քոլեջի, 100 արտադպրոցական հաստատության, 100 մանկապարտեզի, 100 կոմբինացված խաղահրապարակի՝ ներառյալ լողավազանների կառուցումը վերակառուցումը, հիմնանորոգումը և գույքով ամբողջաքկան հագեցումն ու գործարկումը, Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի, ինչպես նաև 3600 ուսանողի համար նախատեսված կացարանների կառուցումը, Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում Հայաստանի ամբողջ բնակչության ներառումը։
Տնտեսական քաղաքականության առանցքում արտադրողականության ու մրցունակության բարձրացումն է լինելու, ինչպես նաև առևտրի բազմազանեցումը, և այս տրամաբանության ներքո Կառավարությունն ապահովելու է տարեկան միջինը 6 տոկոս տնտեսական աճ, 125 հազար նոր աշխատատեղերի ստեղծում, հայաստանյան ծագման ապրանքների արտահանման ծավալի առնվազն կրկնապատկում, արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների 50 տոկոսի աճ, գյուղատնտեսական համախառն արտադրանքի արժեքի ավելացում առնվազն 50 տոկոսով, հացահատիկի արտադրության կրկնապատկում։
Ենթակառուցվածքների զարգացումը շարունակելու է մնալ ՀՀ կառավարության կարևոր գերակայություններից մեկը։ Աշխատանքներ են տարվելու 10 ջրամբարի կառուցման մեկնարկի ուղղությամբ՝ մինչև 2033 թվականն ավարտելու նպատակադրմամբ։ Կառուցվելու և վերակառուցվելու են 350 կիլոմետր ջրանցքներ և խողովակաշարեր, ոռոգում է ապահովվելու 10 հազար հեկտար նոր հողերի համար, Ապահովվելու է 24-ժամյա ջրամատակարարում Երևանում, Գյումրիում և Վանաձորում, 2500 կիլոմետր ավտոճանապարհ և 40 կամուրջ է կառուցվելու և նորոգվելու, էներգետիկ անվտանգության ամրապնդման նպատակով տարածաշրջանային էներգետիկ համակարգերի հետ ինտեգրում է լինելու, ինչպես նաև 1000 մեգավատ ֆոտովոլտային և 800 մեգավատ կուտակիչ էլեկտրակայանների գործարկում է կազմակերպվելու։
Արդարադատության համակարգի ու հանրային կառավարման բարեփոխումների առանցքում մարդու իրավունքների երաշխավորված պաշտպանությունն է լինելու, այդ թվում՝ որակյալ ծառայությունների մատուցման միջոցով։ Որպես գերակա բարեփոխումներ են սահմանվել ապօրինի, այդ թվում՝ կոռուպցիոն եղանակով ստացված ակտիվների վերադարձի գործընթացի լավարկումը և շարունակականությունը, ինչպես նաև պետական և համայնքային բոլոր հիմնական ծառայությունների թվայնացումը։