Հայաստանում շուրջ 1000 անձ շարունակում է համարվել անհայտ կորած կամ բռնի անհետացած. Արարատ Միրզոյան
4 րոպեի ընթերցում

Հայաստանում շուրջ 1000 անձ շարունակում է համարվել անհայտ կորած կամ բռնի անհետացած. նրանց թվում են 1990-ականների, 2020 թվականի և հետագա ռազմական գործողությունների հետևանքով անհետացած անձինք։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում ունեցած ելույթում։
Նախարարն ընդգծել է, որ խնդիրը պահանջում է համապարփակ, համակարգված և շարունակական արձագանք։ Միրզոյանի խոսքով՝ համաժողովը պետք է դառնա համերաշխության հարթակ, որտեղ անկեղծ և սրտացավ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի անդրադառնալ անհայտ կորած անձանց ընտանիքների հոգեբանական խնդիրներին և գտնել դրանց լուծման ուղիները։
«Որքան էլ անկեղծ ու սրտացավ լինեն մեր խոսքերը, դրանք չեն կարող մեղմել անհայտ կորած անձանց ընտանիքների անդամների ցավն ու մտահոգությունները։ Մենք ցանկանում ենք, որ այս համաժողովը ուղերձ լինի բոլորին՝ անհայտ կորած և անհայտ ճակատագիր ունեցող անձանց ու նրանց ընտանիքներին։ Այդ ուղերձը պետք է լինի հետևյալը՝ նրանք մոռացված չեն, ոչ ոք մոռացված չէ։ Այս հարցերը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են, եղել են մեր առաջնային անելիքների ցանկում և շարունակելու են այդպիսին մնալ»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ զինված հակամարտությունների հետևանքով անհայտ կորած և բռնի անհետացած անձանց խնդրի արդյունավետ լուծումը նախևառաջ պայմանավորված է հակամարտության կողմերի միջև համագործակցությամբ, այդ թվում՝ համապատասխան տեղեկատվության փոխանակմամբ, որոնողական աշխատանքների իրականացմամբ, ինչպես նաև անհայտ կորած անձանց ճակատագրի և գտնվելու վայրի պարզաբանմամբ։
Միրզոյանը նշել է, որ այդ ջանքերի հիմքում պետք է լինեն միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային նորմերը, մասնավորապես, անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզելու նպատակով բոլոր իրագործելի միջոցները ձեռնարկելու պարտավորությունը, ինչպես նաև նրանց ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագիրն իմանալու իրավունքը։
«Հայաստանի համար սա նշանակում է բոլոր հասանելի հարթակների, մեխանիզմների ու մանդատների օգտագործում, որոնք կարող են նպաստել անհայտ կորած, ինչպես նաև բռնի անհետացման ենթարկված անձանց ճակատագրի ու գտնվելու վայրի բացահայտմանը»,- նշել է ԱԳ նախարարը։
Նրա խոսքով` Հայաստանը վավերացրել է միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար փաստաթղթերը, այդ թվում՝ Ժնևի կոնվենցիաների բոլոր լրացուցիչ արձանագրությունները, ինչպես նաև Հայաստանը ՄԱԿ-ի՝ բռնի անհետացումից բոլոր անձանց պաշտպանության միջազգային կոնվենցիայի մասնակից պետություն է։ Այդ համատեքստում Հայաստանը պատրաստակամ է աջակցելու միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին։
Անդրադառնալով Հայաստանի ձեռնարկած քայլերին՝ Միրզոյանը նշել է, որ երկիրը մշտապես պատրաստակամություն է հայտնել համագործակցել անհայտ կորած անձանց ճակատագրի և գտնվելու վայրի պարզաբանման, այդ թվում՝ որոնողական և նույնականացման աշխատանքների իրականացման ուղղությամբ։
Նրա խոսքով՝ այս տարվա մայիսից ուժի մեջ է մտել ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին օրենքը։ Հայաստանում գործում է նաև գերիների, պատանդների և անհայտ կորած կամ գտնվելու վայրն անհայտ անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը։
Նախարարը կարևորել է նաև դատափորձագիտական նույնականացման կարողությունների շարունակական ամրապնդումը։