Podcast-Հարց բժշկին. գերտաքացումից մինչև ձիգ բարուրում․ ինչի՞ց զգուշանալ նորածնի խնամքում
6 րոպեի ընթերցում

Նորածնի խնամքի վերաբերյալ ավանդական պատկերացումները միշտ չէ, որ անվտանգ են։ Երեխային չափազանց տաք հագցնելը, ոտքերը ձիգ բարուրելը, մանկական քայլակների օգտագործումը և մի շարք այլ տարածված սովորություններ կարող են լուրջ հետևանքներ ունենալ։ Ինչպե՞ս տարբերել նորածնի բնական, անցողիկ վիճակները վտանգավոր ախտանշաններից, ի՞նչ պետք է իմանալ անվտանգ քնի մասին, և արդյո՞ք հաճախ հիվանդացող երեխան անպայման թույլ իմունիտետ ունի։
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի հերթական թողարկման շրջանակում Մանկաբույժների միջազգային օրվա առիթով մանկաբույժ-նեոնատոլոգ Արթուր Ջանազյանի հետ զրուցել ենք նորածինների խնամքի, երեխաների առողջության, պատվաստումների և ծնողներին հուզող ամենատարածված հարցերի շուրջ։

Բժշկի խոսքով՝ այսօր ծնողների զգալի մասը երեխաների առողջության վերաբերյալ ավելի տեղեկացված են և բժշկին դիմում են արդեն որոշակի գիտելիքներով ու հարցերով։ Սակայն, դրան զուգահեռ, շարունակում են պահպանվել խնամքի ավանդական մեթոդներ, որոնք կարող են վնասել երեխային։
«Ուզում եմ հավատալ, որ համացանցը ծնողների կյանքը հեշտացրել է, ոչ թե բարդացրել։ Բայց մեզ մոտ դեռ պահպանվում են ավանդական մոտեցումները։ Մինչև հիմա հանդիպում եմ ծնողների, ովքեր նորածնին բարուրում են, կալիումի պերմանգանատի լուծույթով լողացնում, բորբոքված աչքի մեջ կրծքի կաթ կաթեցնում։ Ինձ թվում էր՝ նման բաներ այլևս չպետք է լինեն, բայց կան»,-նշեց Ջանազյանը։
Անդրադառնալով նորածինների կյանքի առաջին ամսվա առանձնահատկություններին՝ մասնագետը բացատրեց, որ այդ շրջանում կարող են դիտվել մի շարք բնական, անցողիկ երևույթներ, այդ թվում՝ ֆիզիոլոգիական դեղնուկ, մաշկային կարմրություններ ու չորություն, կրծքագեղձերի կոշտացում, ինչպես նաև մեզի հետ արտազատում, որը տակդիրի վրա աղյուսագույն հետք է թողնում, որն էլ հաճախ են շփոթում արյան հետ։
Միևնույն ժամանակ կան ախտանշաններ, որոնց դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։ Դրանցից են շնչառության հաճախականության շեղումները, կերակրումներից հրաժարվելը կամ կերակրվելու անկարողությունը, մարմնի ջերմաստիճանի վտանգավոր փոփոխությունները և ցնցումները։
Խոսելով նորածինների խնամքի ամենատարածված սխալների մասին՝ Արթուր Ջանազյանն առաջին հերթին առանձնացրեց երեխաներին չափազանց տաք հագցնելը։
«Ես երբեք չեմ տեսել սառած հայ երեխա, մեր երեխաները միշտ գերտաքացած են լինում։ Երեխայի գերտաքացումը շատ հեշտ է կազմակերպել, քանի որ նրանք դեռ լիարժեք ջերմակարգավորում չունեն։ Գերտաքացումն իրականում ավելի վտանգավոր է, քան երեխային մրսեցնելը»,-ընդգծեց բժիշկը։
Մասնագետը զգուշացրեց նաև ոտքերը ձիգ բարուրելու հետևանքների մասին՝ նշելով, որ այն կարող է վնասել կոնքազդրային հոդերին։ Վտանգավոր է նաև նորածնին կալիումի պերմանգանատի լուծույթով լողացնելը, քանի որ չլուծված բյուրեղները կարող են մաշկի քիմիական այրվածքներ առաջացնել։
Ջանազյանը հատկապես կարևորեց մանկական քայլակների վտանգավորության խնդիրը։ Նրա խոսքով՝ քայլակների օգտագործումը կարող է հանգեցնել լուրջ վնասվածքների, մասնավորապես՝ գլխի վնասվածքների, քանի որ երեխան կարող է շրջվել կամ ընկնել աստիճաններից նույնիսկ ծնողների անմիջական ներկայությամբ։ Բժիշկը հիշեցրեց նաև ավտոմեքենայով երեխային տեղափոխելիս հատուկ մանկական նստատեղի օգտագործման անհրաժեշտությունը։
Մասնագետն անդրադարձավ նաև երեխաների իմունային համակարգին և հաճախակի հիվանդանալու վերաբերյալ ծնողների մտահոգություններին։ Նրա խոսքով՝ նախադպրոցական տարիքում, հատկապես մանկապարտեզ հաճախող երեխաների դեպքում, նույնիսկ տարվա ընթացքում մինչև 12 անգամ հիվանդանալը դեռ ինքնին չի նշանակում, որ երեխան իմունային համակարգի խնդիր ունի։ Դա կարող է կապված լինել իմունային համակարգի զարգացման և տարբեր վարակների հետ առաջին շփումների հետ։
«Իմունիտետը բարդ, կասկադային մեխանիզմ է, որն աշխատում է մեր ծնված օրվանից՝ շուրջօրյա։ Փոքր երեխան նոր է սկսում կյանքի այդ փուլը, նոր է հավաքում հակամարմինները։ Նա պետք է հիվանդանա և լավանա այնքան անգամ, մինչև իր իմունային համակարգը, կոպիտ ասած, ճանաչի վիրուսներին»,-բացատրեց մասնագետը։
Բժիշկը կարևորեց նաև պատվաստումների դերը՝ ընդգծելով, որ միաժամանակ մի քանի հիվանդության դեմ պատվաստումները չեն ծանրաբեռնում երեխայի իմունային համակարգը։
Անդրադառնալով ճիշտ ժամանակին բժշկին դիմելուն՝ մասնագետը նշեց, որ սովորական սուր վիրուսային վարակների առաջին օրերին հիվանդության պատկերը միշտ չէ, որ ամբողջությամբ պարզ է լինում։ Սակայն կան իրավիճակներ, երբ բժշկին դիմելը հետաձգել չի կարելի, հատկապես վնասվածքների, գիտակցության խանգարումների, անսովոր թուլության և այլ վտանգավոր ախտանշանների դեպքում։
Նրա խոսքով՝ երբեմն նույնիսկ առաջին հայացքից ոչ ծանր վնասվածքը կարող է հետագայում լուրջ հետևանքներ ունենալ, ուստի ծնողները չպետք է անտեսեն երեխայի վիճակի անսովոր փոփոխությունները։
Թեմայի շուրջ մի շարք այլ հարցերի պատասխանները ստանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը։
Լսեք նաև այլ թեմաներով podcast-ները:
