Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. երբ է իսկապես անհրաժեշտ բարիատրիկ վիրահատություն և ինչ պետք է իմանալ մինչև վիրահատության որոշում կայացնելը

4 րոպեի ընթերցում

Podcast-Հարց բժշկին. երբ է իսկապես անհրաժեշտ բարիատրիկ վիրահատություն և ինչ պետք է իմանալ մինչև վիրահատության որոշում կայացնելը

Ավելորդ քաշը ոչ միայն գեղագիտական խնդիր է, այլև բազմաթիվ քրոնիկական հիվանդությունների զարգացման ռիսկի գործոն։ Ո՞ր դեպքերում է բարիատրիկ վիրահատությունն իսկապես ցուցված, ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել դրանից, ինչպե՞ս է այն ազդում ուղեկցող հիվանդությունների վրա, ինչո՞ւ է վիրահատությունից հետո կենսակերպի փոփոխությունը վճռորոշ. այս և մի շարք կարևոր հարցերի շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում զրուցել ենք Երևանի պետական բժշկական համալսարանի որովայնային վիրաբուժության ամբիոնի վարիչ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի վիրաբուժության կլինիկայի ղեկավար, Հայաստանի վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Սուրեն Ստեփանյանի հետ:

Սուրեն Ստեփանյանի խոսքով՝ բարիատրիկ վիրահատությունները նոր մեթոդ չեն։ Դրանք աշխարհում կիրառվում են արդեն տասնամյակներ շարունակ, իսկ այսօր հիմնականում իրականացվում են լապարոսկոպիկ եղանակով։ Սակայն, ըստ մասնագետի, ավելորդ քաշի դեմ պայքարի լավագույն ճանապարհը շարունակում է մնալ ոչ վիրահատական բուժումը։

Նրա խոսքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է կիրառել սննդակարգի փոփոխություն, ֆիզիկական ակտիվության ավելացում, ինչպես նաև դիետոլոգի, էնդոկրինոլոգի, գաստրոէնտերոլոգի, հոգեբանի և այլ մասնագետների համատեղ աշխատանքը։ Միայն այն դեպքում, երբ այս բոլոր միջոցները չեն ապահովում ցանկալի արդյունք, կարելի է քննարկել վիրահատական միջամտությունը։

Բժիշկը նշում է, որ վիրահատության հիմնական ցուցիչներից մեկը մարմնի զանգվածի ինդեքսն է, թեև այն չի կարելի համարել միակ որոշիչ գործոնը։ Կարևոր է գնահատել նաև օրգանիզմում ճարպային հյուսվածքի քանակը, ինչպես նաև ուղեկցող հիվանդությունների առկայությունը։

Եթե մարմնի զանգվածի ինդեքսը գերազանցում է 35-ը, իսկ հիվանդն ունի նաև 2-րդ տիպի շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, հիպերլիպիդեմիա կամ ավելորդ քաշի հետևանքով առաջացած հոդային և ողնաշարային խնդիրներ, բարիատրիկ վիրահատությունը կարող է դառնալ բուժման արդյունավետ տարբերակ։

Սուրեն Ստեփանյանի խոսքով՝ բարիատրիկ վիրահատությունների կարևոր առավելություններից մեկը ուղեկցող հիվանդությունների վրա դրանց ազդեցությունն է։

Որոշ վիրահատությունների, մասնավորապես՝ ստամոքսի շունտավորման դեպքում, 2-րդ տիպի շաքարային դիաբետի ցուցանիշները կարող են զգալիորեն բարելավվել, իսկ որոշ դեպքերում հիվանդությունը նույնիսկ կարող է անցնել ռեմիսիայի։ Միաժամանակ, հաճախ նվազում են նաև զարկերակային գերճնշման և արյան մեջ ճարպերի բարձր մակարդակի արտահայտվածությունը, ինչի արդյունքում բարելավվում է հիվանդի կյանքի որակը։

Միևնույն ժամանակ, մասնագետը զգուշացնում է, որ ավելի բարդ բարիատրիկ վիրահատությունները պահանջում են հետվիրահատական մշտական հսկողություն։ Այդ հիվանդները պետք է պարբերաբար անցնեն հետազոտություններ և ամբողջ կյանքի ընթացքում ընդունեն վիտամիններ, միկրոտարրեր ու սպիտակուցային հավելումներ, որպեսզի կանխվեն սննդանյութերի անբավարարությամբ պայմանավորված բարդությունները։

Լսեք նաև այլ թեմաներով podcast-ները: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում