Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. ինչու է սարկոման հաճախ հանդիպում երիտասարդների շրջանում և որոնք են առաջին ախտանշանները

5 րոպեի ընթերցում

Podcast-Հարց բժշկին. ինչու է սարկոման հաճախ հանդիպում երիտասարդների շրջանում և որոնք են առաջին ախտանշանները

Ամեն տարի հուլիսին նշվում է սարկոմայի իրազեկման ամիսը։ Սա կարևորագույն շրջան է՝ հանրության և բժշկական համայնքի ուշադրությունը հրավիրելու այս հազվադեպ, սակայն ագրեսիվ ու բարդ ուռուցքաբանական հիվանդության վրա։

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի հերթական թողարկման շրջանակում «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի բժիշկ-ուռուցքաբան Ամալյա Սարգսյանի հետ քննարկել ենք, թե ինչ է սարկոման, ինչու է այն հանդիպում հատկապես երիտասարդների շրջանում, որոնք են հիվանդության ախտանիշները և ինչպես է իրականացվում բուժումը:

Բժշկի խոսքով՝ սարկոմաները զարգանում են օրգանիզմի ցանկացած մասից՝ մկաններից, ճարպից ու ոսկորներից, և ունեն 60-ից ավելի ենթատեսակներ: Ի տարբերություն այլ քաղցկեղների, որոնք հիմնականում հանդիպում են տարեցների մոտ՝ սարկոմաներն ավելի երիտասարդ տարիքի հիվանդություններ են. դրանք ամենից հաճախ ախտորոշվում են 18-ից 35 տարեկանների շրջանում: Հայաստանում տարեկան գրանցվում է այս հիվանդության մոտ 150-200 նոր դեպք:

Մասնագետն ընդգծեց, որ հիվանդության հաջող բուժման գրավականը վաղ ախտորոշումն է: Օրինակ՝ ամենաագրեսիվ ոսկրային ուռուցքների՝ օստեոսարկոմաների դեպքում, եթե հիվանդությունը հայտնաբերվում է տեղային փուլում, բուժման հավանականությունը հասնում է 80 տոկոսի, մինչդեռ մետաստատիկ փուլում ապրելիության շանսը չի գերազանցում 15 տոկոսը: Բուժումն իրականացվում է միջազգային պրոտոկոլներով, և Հայաստանում քիմիաթերապևտիկ անհրաժեշտ դեղերը հասանելի են: Մանկական սարկոմաների օրինակով մեր երկրի ապրելիության ցուցանիշները լիովին համադրելի են եվրոպական, մասնավորապես՝ Գերմանիայի արդյունքներին:

«Հաճախ մարդիկ նաև հարցնում են՝ արդյոք աշխարհում կա՞ն բուժման այնպիսի հնարավորություններ, որոնք Հայաստանում դեռ հասանելի չեն, և արդյո՞ք անհրաժե՞շտ է բուժման նպատակով մեկնել արտերկիր։ Այս համատեքստում հաճախ խոսում ենք նոր դեղամիջոցների և կլինիկական հետազոտությունների մասին։ Խոսքը վերաբերում է այն դեղամիջոցներին, որոնք դեռևս վերջնական հաստատում չեն ստացել, սակայն գտնվում են կլինիկական փորձարկման փուլում և կիրառվում են աշխարհի խոշոր մասնագիտացված կենտրոններում։

Սարկոմաների բուժման նորարարական ուղղություններից են բջջային թերապիաները, այդ թվում՝ CAR-T թերապիան, որոնք իրենց ազդեցության մեխանիզմով տարբերվում են ավանդական քիմիաթերապիայից։ Եթե հիվանդը հնարավորություն ունի մասնակցելու նման կլինիկական հետազոտությունների, ապա այդ դեպքում կարող է նպատակահարմար լինել բուժման նպատակով մեկնել այլ երկիր։ Սակայն, եթե խոսքը վերաբերում է բուժման ստանդարտ մեթոդներին, ապա դրանք այսօր ամբողջությամբ հասանելի են և իրականացվում են նաև Հայաստանում»,- ընդգծեց մասնագետը:

Ամալյա Սարգսյանն առանձնացրեց այն «կարմիր դրոշակները», որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի: Փափուկ հյուսվածքների դեպքում ահազանգ է ցանկացած շոշափվող գոյացություն, որը մեծ է 5 սմ-ից, քանի որ դրանց 20 տոկոսն ունի ռիսկ դառնալու չարորակ: Մյուս կարևոր ախտանիշը սաստկացող ոսկրային ցավերն են, հատկապես գիշերային ժամերին, որոնք երիտասարդները հաճախ սխալմամբ վերագրում են մարզումներին կամ հոգնածությանը:

Բժիշկը հերքեց նաև տարածված միֆն այն մասին, թե բիոպսիան գրգռում կամ ագրեսիվացնում է ուռուցքը: «Ճիշտ բուժման սխեմա (նախավիրահատական քիմիաթերապիա, ճառագայթում կամ վիրահատություն) ընտրելու համար բիոպսիան պարտադիր նախապայման է, իսկ առանց դրա պատահական վիրահատությունները հանգեցնում են վատ արդյունքների»,- նշեց բժիշկը:

Ուռուցքաբանը նշեց, որ երիտասարդ բուժառուների հետ աշխատանքն ունի հոգեբանական առանձնահատկություններ, քանի որ նրանք վախեցած են, հաճախ տեղեկատվություն են փնտրում համացանցում և կարիք ունեն ոչ միայն բժշկական օգնության, այլև ընկերական աջակցության: Մասնագետը հորդորեց չհետաձգել այցը բժշկին,  հետազոտվել ու բացառել խնդիրը:

Թեմայի շուրջ մի շարք այլ հարցերի պատասխանները ստանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը։

Լսեք նաև այլ թեմաներով podcast-ները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում