Բարձր տեխնոլոգիաներ

25 կենտրոն 15 երկրում. «Թումո»-ն շարունակում է ընդլայնել իր գործունեությունը

18 րոպեի ընթերցում

25 կենտրոն 15 երկրում. «Թումո»-ն շարունակում է ընդլայնել իր գործունեությունը

Տասնհինգ տարի առաջ Երևանում ընդամենը մեկ  մասնաճյուղով իր գործունեությունը մեկնարկած «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն այսօր արդեն դարձել է միջազգային կրթական ցանց՝ ներկայանալով աշխարհի տարբեր երկրներում և շարունակելով ընդլայնվել: 25 կենտրոն 15 երկրում. «Թումո»-ի հիմնադիրները համոզված են՝ ամենամեծ ձեռքբերումը ոչ թե կենտրոնների, ծրագրերի կամ ուսանողների թվի աճն է, այլ այն միջավայրը, որը երիտասարդներին սովորեցնում է ինքնուրույն մտածել, կրթվել և ստեղծել։

«Արմենպրես»-ը «Թումո»-ի տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ զրույցում  ամփոփել է անցած ճանապարհը, խոսել արհեստական բանականության դարաշրջանում կրթության նոր մարտահրավերների, «Թումո»-ի առաջիկա ծրագրերի և հաջորդ 15 տարիների տեսլականի մասին։  

-«Թումո»-ն այս տարի նշում է իր 15-ամյակը։ Եթե հետ նայեք այս 15 տարիներին, ո՞ր ձեռքբերումները կառանձնացնեք, որոնք կարևոր են։

-15 տարվա ընթացքում «Թումո»-ն բազմաթիվ թվերով չափվող արդյունքներ է ունեցել՝ տասնյակ հազարավոր ուսանողներ, կենտրոններ տարբեր երկրներում, շրջանավարտներ, որոնք աշխատում են առաջատար ընկերություններում կամ ստեղծում են սեփական նախագծերը։ Բայց, եթե պետք է առանձնացնեմ մեկ ձեռքբերում, ապա դա այն կրթական միջավայրն է, որը մեզ հաջողվեց կառուցել։

Հենց սկզբից էլ մեր նպատակը միայն տեխնոլոգիաներ կամ դիզայն սովորեցնելը չէր։ Մենք ուզում էինք ստեղծել մի համակարգ, որտեղ երիտասարդները կսովորեն ինքնուրույն աշխատել, պատասխանատվություն վերցնել իրենց ուսուցման համար, չվախենալ փորձարկելուց և կգտնեն իրենց բացահայտելու, նոր բաներ սովորելու հաճույքը։ Այսօր, երբ հանդիպում ենք մեր շրջանավարտներին, տեսնում ենք, որ հենց այդ հմտություններն են նրանց օգնում համալսարանում, աշխատավայրում և սեփական նախաձեռնություններում։

Կարևոր արդյունք է նաև այն, որ «Թումո»-ն դուրս եկավ Հայաստանի սահմաններից և ապացուցեց, որ այս մոդելը կարող է աշխատել տարբեր երկրներում և մշակութային միջավայրերում։ Այն, ինչ սկսվեց Երևանում մեկ կենտրոնից, այսօր դարձել է միջազգային կրթական ցանց։

Սակայն ինձ համար ամենամեծ հաջողությունը շարունակում են մնալ մարդիկ՝ այն երիտասարդներն ու պատանիները, որոնց կյանքում «Թումո»-ն կարևոր ու շրջադարձային փոփոխություն է բերել։ Մնացած ամեն ինչ, ի վերջո, դրա հետևանքն է։

-Երբ 2011 թվականին հիմնադրվեց «Թումո»-ն, ի՞նչ նպատակ էիք դրել ձեր առջև, և ինչպե՞ս է այն զարգացել այս տարիների ընթացքում։

-Երբ 2011 թվականին հիմնադրվեց «Թումո»-ն, մենք փորձում էինք պատասխանել մի պարզ հարցի՝ ինչպե՞ս պատրաստել երիտասարդներին մի աշխարհի համար, որը փոխվում է այնքան արագ, որ կրթությունը հաճախ չի հասցնում գնալ այդ փոփոխությունների հետևից։

Արդեն այդ ժամանակ պարզ էր, որ միայն ավանդական կրթությունը բավարար չէ։ Անհրաժեշտ էր մի միջավայր, որտեղ պատանիները կարող էին միաժամանակ զարգացնել տեխնիկական, ստեղծարար և ինքնուրույն սովորելու հմտություններ։ Այդ գաղափարն էլ դարձավ «Թումո»-ի հիմքը։

Տարիների ընթացքում փոխվել են մասշտաբներն ու գործիքները։ Եթե սկզբում «Թումո»-ն մեկ կենտրոն էր Երևանում, ապա այսօր այն միջազգային ցանց է, որը մինչև տարեվերջ կունենա 25 կենտրոն 15 երկրում։ Ստեղծարար տեխնոլոգիաների ծրագրերին ավելացել են արհեստական բանականության կրթությունը, մեծահասակների վերապատրաստումը, «Թումո Լաբ»-երը և «Թումո Ստուդիաներ»-ը։ Բայց հիմնական գաղափարը նույնն է մնացել. օգնել մարդկանց դառնալ ինքնուրույն սովորողներ։ Տեխնոլոգիաները փոխվում են, մասնագիտությունները՝ նույնպես, իսկ սեփական ուժերով սովորելու և զարգանալու կարողությունը շարունակում է մնալ ամենակարևոր հմտություններից մեկը։ Հենց դրա շուրջ էլ «Թումո»-ն շարունակում է կառուցվել այսօր։

-Այսօր արդեն տասնյակ հազարավոր պատանիներ են սովորում «Թումո»-ում՝ Հայաստանում և աշխարհում։ Ո՞րն եք համարում «Թումո»-ի ամենամեծ ազդեցությունը նրանց կյանքում։

-Կարծում եմ՝ «Թումո»-ի ամենամեծ ազդեցությունը ոչ թե այն է, որ երիտասարդները սովորում են ծրագրավորում, անիմացիա կամ որևէ այլ հմտություն, այլ այն, որ նրանք սովորում են ինքնուրույն սովորել և վստահել սեփական կարողություններին։

Աշխարհն այսօր փոխվում է ավելի արագ, քան երբևէ, և շատ մասնագիտություններ, որոնց համար երիտասարդները պատրաստվում են այսօր, մի քանի տարի անց կարող են բոլորովին այլ տեսք ունենալ։ Այդ պայմաններում ամենակարևոր հմտությունը դառնում է նոր բաներ արագ սովորելու, փոփոխություններին հարմարվելու և ստեղծագործաբար մտածելու կարողությունը։

Մենք դա տեսնում ենք նաև մեր շրջանավարտների պատմություններում։ Նրանցից շատերը շարունակում են ուսումը աշխարհի առաջատար համալսարաններում, աշխատում են տեխնոլոգիական, ստեղծարար և գիտական ոլորտներում կամ ստեղծում են սեփական նախագծերը։ Բայց ինձ համար ոչ պակաս կարևոր է այն, որ նրանք դառնում են ավելի նախաձեռնող, ավելի ինքնավստահ և ավելի ակտիվ իրենց համայնքներում։

Եթե մեկ նախադասությամբ ձևակերպեմ, ապա կասեմ, որ «Թումո»-ն երիտասարդներին տալիս է ոչ միայն հմտություններ, այլև վստահություն, որ նրանք կարող են սովորել, ստեղծել և հաջողել ցանկացած փոփոխվող միջավայրում։

-«Թումո»-ն այսօր հաջողությամբ գործում է թե՛ աշխարհի առաջատար կրթական և տեխնոլոգիական կենտրոններում, թե՛ զարգացող երկրներում։ Ի՞նչն է, Ձեր կարծիքով, «Թումո»-ի մոդելը դարձնում համընդհանուր և կիրառելի այսքան տարբեր միջավայրերում։

-Կարծում եմ՝ «Թումո»-ի ամենամեծ առանձնահատկությունն այն է, որ մեզ հաջողվել է ստեղծել կրթական մոդել, որը կարող է նույն արդյունավետությամբ աշխատել շատ տարբեր միջավայրերում՝ փոքր քաղաքներից մինչև աշխարհի խոշոր մայրաքաղաքներ։

Սովորաբար կրթական ծրագրերը դժվար է մասշտաբավորել՝ առանց որակի կորստի։ «Թումո»-ի դեպքում մենք կարողացել ենք կառուցել մի համակարգ, որը մի կողմից ապահովում է անհատական ուսուցում և ստեղծագործական ազատություն, իսկ մյուս կողմից թույլ է տալիս նույն կրթական փորձառությունը հասանելի դարձնել հազարավոր երիտասարդների։

Կարծում եմ՝ երկրների հետաքրքրության պատճառներից մեկն էլ այն է, որ «Թումո»-ն ոչ միայն կրթական ծրագիր է, այլև, այսպես ասած, համայնքային և զարգացման նախագիծ։ Այն օգնում է պատանիներին ձեռք բերել ժամանակակից հմտություններ, միաժամանակ ուժեղացնում է տեղական համայնքները և ստեղծում նոր հնարավորություններ տարածաշրջանների համար։

Հավանաբար հենց այդ համադրությունն է՝ բարձր որակ, մասշտաբայնություն, հասանելիություն և իրական ազդեցություն, որ «Թումո»-ն դարձնում է պահանջված աշխարհի տարբեր երկրներում։

-Այսօր «Թումո»-ն գործում է աշխարհի տարբեր երկրներում, և նրա ցանցը շարունակում է աճել։ Որտե՞ղ եք պատկերացնում «Թումո»-ն առաջիկա 15 տարիներին։

-Կարծում եմ՝ առաջիկա 15 տարիների ամենամեծ հարցը ոչ թե այն կլինի, թե քանի կենտրոն կունենա «Թումո»-ն, այլ այն, թե ինչ դեր կունենա կրթությունը մի աշխարհում, որտեղ արհեստական բանականությունը փոխում է գրեթե բոլոր մասնագիտությունները։

Եթե առաջին 15 տարիները նվիրված էին ապացուցելուն, որ հնարավոր է ստեղծել նոր տեսակի կրթական մոդել, ապա հաջորդ 15 տարիները լինելու են այդ մոդելի շարունակական վերաիմաստավորման մասին։ Մենք պետք է անընդհատ վերանայենք, թե ինչ են երիտասարդները սովորում, ինչպես են սովորում և ինչ հմտությունների կարիք ունեն։

Ես կցանկանայի, որ 15 տարի անց «Թումո»-ն ճանաչվի ոչ միայն որպես հաջողված կրթական ցանց, այլև որպես այնպիսի հաստատություն, որը կարողանում է ժամանակին արձագանքել փոփոխություններին և օգնել կրթությանը հետ չմնալ տեխնոլոգիական զարգացումներից։ Այդ իմաստով մեր նպատակը կենտրոններ բացելը չէ։ Մեր նպատակը կրթության ապագան ձևավորելու գործընթացի առաջատար մասնակից լինելն է։

-«Հաջորդ 15 տարիները» խորագիրն ի՞նչ ապագա է ենթադրում «Թումո»-ի համար։

-«Հաջորդ 15 տարիները» մեզ համար պարզապես հոբելյանական կարգախոս չէ։ Այն հարց է, որը մենք փորձում ենք ամեն օր մեզ տալ. եթե տեխնոլոգիաները, աշխատաշուկան և նույնիսկ սովորելու ձևերն այսքան արագ են փոխվում, ապա ինչպիսի՞ կրթություն պետք է առաջարկենք վաղվա երիտասարդներին։

Հաջորդ 15 տարիներին «Թումո»-ն ավելի մեծ ուշադրություն է դարձնելու արհեստական բանականությանը, ինքնուսուցմանը և շարունակական կրթությանը։ Միաժամանակ շարունակելու ենք ընդլայնել մեր ներկայությունը Հայաստանում և աշխարհում, որպեսզի ավելի շատ երիտասարդներ կարողանան օգտվել այս հնարավորություններից։

-Եթե մեկ նախադասությամբ նկարագրեք «Թումո»-ի հաջորդ 15 տարիների նպատակը, ի՞նչ կասեք։

-Օգնել հնարավորինս շատ մարդկանց դառնալ ինքնուրույն՝ սուպերսովորողներ, ստեղծողներ և փոփոխությունների ակտիվ մասնակիցներ՝ անկախ նրանից, թե աշխարհի որ կետում են ապրում։

-Արհեստական բանականությունը արագ փոխում է աշխարհը։ Ինչպե՞ս է «Թումո»-ն պատրաստում պատանիներին այս նոր իրականությանը։

-Մենք վաղուց ենք հասկացել, որ արհեստական բանականությունը պարզապես նոր տեխնոլոգիա չէ, այլ գործիք, որը փոխելու է գրեթե բոլոր մասնագիտությունները։ Այդ պատճառով մեր նպատակը ոչ միայն AI-ն առանձին կրթական ուղղություն դարձնելն է, այլ այն ինտեգրելը տարբեր ուսումնական ոլորտներում։

Այսօր «Թումո»-ի ուսանողները ոչ միայն սովորում են, թե ինչպես են աշխատում AI համակարգերը, այլ նաև օգտագործում են դրանք ծրագրավորման, դիզայնի, անիմացիայի, երաժշտության և այլ նախագծերում։ Բացի այդ, մենք ստեղծել ենք AI-ի ուսուցման նոր ծրագրեր, որոնց համար անցած տարի արժանացանք WISE Prize for Education մրցանակին։

Մեզ համար կարևոր է, որ երիտասարդները ոչ միայն կարողանան օգտվել AI գործիքներից, այլ նաև հասկանան դրանց հնարավորություններն ու սահմանափակումները, կարողանան քննադատաբար մտածել և ստեղծագործաբար աշխատել դրանց հետ։ Հենց այս հմտություններն են լինելու ամենապահանջվածներից առաջիկա տարիներին։

-Ինչպե՞ս է փոխվել «Թումո»-ի կրթական բովանդակությունը վերջին 15 տարիների ընթացքում։

-Եթե նայենք «Թումո»-ի հիմնական ուսումնական ոլորտներին, ապա դրանք էապես չեն փոխվել։ Ծրագրավորումը, անիմացիան, խաղերի մշակումը, ֆիլմարտադրությունը, դիզայնը և մյուս ստեղծարար ու տեխնոլոգիական ուղղությունները շարունակում են մնալ «Թումո»-ի կրթական մոդելի հիմքում։

Ամենամեծ փոփոխությունը վերջին տարիներին կապված է արհեստական բանականության հետ։ Եթե նախկինում AI-ն առանձին և մասնագիտացված թեմա էր, ապա այսօր այն դարձել է գրեթե բոլոր ոլորտների մաս։ Այդ պատճառով մենք ոչ միայն ստեղծել ենք AI-ին նվիրված նոր ուսումնական ծրագրեր, այլ նաև սկսել ենք AI գործիքներն ու մեթոդները ներառել տարբեր ուսումնական ուղղություններում՝ ծրագրավորումից և խաղերի մշակումից մինչև դիզայն և բովանդակության ստեղծում։

Այսինքն՝ փոխվել են ոչ այնքան ուղղությունները, որքան այն գործիքներն ու տեխնոլոգիաները, որոնցով աշխատում են ուսանողները։ «Թումո»-ի մոտեցումն էլ միշտ նույնն է եղել՝ հնարավորինս արագ արձագանքել տեխնոլոգիական փոփոխություններին և դրանք դարձնել կրթության բնական մաս։

Թումո»-ն այսօր կրթական ծրագրեր է առաջարկում նաև մեծահասակների համար։ Ինչո՞ւ էր կարևոր ընդլայնվել նաև այս ուղղությամբ։

-Մեծահասակների կրթության ուղղությամբ ընդլայնվելը մեզ համար բնական զարգացում էր։ Տարիների ընթացքում մենք տեսանք, որ նույն մարտահրավերները, որոնց համար պատրաստում ենք պատանիներին, վերաբերում են նաև մեծահասակներին։ Տեխնոլոգիաները, մասնագիտություններն ու աշխատաշուկան արագ են փոխվում, և շատ մարդիկ իրենց կարիերայի տարբեր փուլերում նոր գիտելիքների և հմտությունների կարիք ունեն։

Հենց այդ պատճառով վերջին տարիներին «Թումո»-ի էկոհամակարգը սկսեց ընդլայնվել։ Այսօր ունենք «Թումո Լաբ»-երը, որտեղ մարդիկ աշխատում են իրական տեխնոլոգիական նախագծերի վրա, «42 Երևան»-ը՝ ծրագրավորման անվճար և նորարարական դպրոցը, ինչպես նաև «Թումո Ստուդիաներ»-ը, որոնք ստեղծում են նոր հնարավորություններ ստեղծարար ոլորտներում մասնագիտական աճի համար։

-Շուտով «Թումո»-ի հայկական ցանցին կմիանան Մասիսի, Արմավիրի և Վանաձորի կենտրոնները։ Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար «Թումո»-ի հասանելիությունը Հայաստանի բոլոր տարածաշրջաններում։

-Սա հենց սկզբից եղել է մեր կարևոր նպատակներից մեկը։ Մենք երբեք չենք ցանկացել, որ «Թումո»-ն հասանելի լինի միայն Երևանում ապրող երեխաներին։

Հայաստանի ցանկացած պատանի՝ անկախ նրանից՝ ապրում է մայրաքաղաքում, սահմանամերձ գյուղում, թե փոքր քաղաքում, պետք է ունենա նույն հնարավորությունները՝ սովորելու, ստեղծելու և իր ներուժը զարգացնելու համար։

Մասիսի, Արմավիրի և Վանաձորի կենտրոնների միանալը հերթական քայլն է այդ ուղղությամբ։ Ամեն նոր կենտրոն պարզապես շենք կամ կրթական ծրագիր չէ։ Այն նոր հնարավորություններ է ստեղծում ամբողջ համայնքի համար և թույլ է տալիս, որ ավելի շատ երիտասարդներ իրենց ապագան կառուցեն հենց իրենց բնակավայրում։

-Երբ «Թումո»-ն նշի իր 30-ամյակը, ի՞նչ կցանկանաք, որ մարդիկ ասեն «Թումո»-ի մասին։

-Կցանկանայի, որ մարդիկ ասեն, որ «Թումո»-ն ոչ միայն փոխեց կրթության մասին պատկերացումները, այլև օգնեց միլիոնավոր մարդկանց բացահայտել իրենց հնարավորությունները և վստահորեն կառուցել իրենց ապագան։ Եվ որ այն, ինչ սկսվեց Հայաստանում, շարունակեց դրական ազդեցություն ունենալ աշխարհի տարբեր համայնքներում՝ առանց կորցնելու իր արժեքներն ու առաքելությունը։

-Ի՞նչ ուղերձ կցանկանաք փոխանցել «Թումո»-ի ուսանողներին, շրջանավարտներին և բոլոր նրանց, ովքեր այս 15 տարիների ընթացքում եղել են «Թումո»-ի ճանապարհի մի մասը։

-«Թումո»-ի 15-ամյակը մեզ համար միայն անցած ճանապարհն ամփոփելու առիթ չէ։ Այն նաև հնարավորություն է հասկանալու, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ հազարավոր մարդիկ երկար տարիներ հավատում են մի գաղափարի և հետևողականորեն աշխատում դրա իրականացման համար։

Այս 15 տարիների ընթացքում «Թումո»-ն դարձել է շատ մարդկանց պատմության մի մասը։ Ուսանողների, որոնք այստեղ գտել են իրենց հետաքրքրությունները և վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։ Շրջանավարտների, որոնք այսօր աշխատում են աշխարհի տարբեր անկյուններում կամ ստեղծում են իրենց սեփական նախագծերը։ Գործընկերների, մարզիչների, ծնողների և աջակիցների, որոնք օգնել են այս գաղափարը վերածել իրականության։

Առաջիկա 15 տարիները լինելու են ավելի հավակնոտ։ Ավելի շատ երկրներ, ավելի շատ հնարավորություններ, ավելի շատ մարդիկ, որոնց կյանքում կրթությունը կարող է դառնալ փոփոխության իրական գործիք։

Եվ, եթե կա մեկ բան, որ կուզենայի ասել բոլորին, ապա սա է․ շարունակեք լինել այս պատմության մի մասը։ Որովհետև «Թումո»-ի ամենակարևոր ձեռքբերումները երբեք շենքերը, ծրագրերը կամ թվերը չեն եղել։ Դրանք միշտ եղել են մարդիկ։

Ի վերջո, «Թումո»-ի ապագան որոշվելու է ոչ միայն նրանով, թե ինչ է անելու «Թումո»-ն, այլ նաև նրանով, թե ինչ կստեղծեն, կփոխեն և ինչի կհասնեն այն մարդիկ, որոնք անցել են նրա միջով։ Եվ ես համոզված եմ, որ ամենահետաքրքիր արդյունքները դեռ առջևում են։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում