Հայաստան

Զբոսաշրջային այց, որը դարձավ շահագործում. ինչպես են մարդիկ հայտնվում թրաֆիքինգի ծուղակում

15 րոպեի ընթերցում

Զբոսաշրջային այց, որը դարձավ շահագործում. ինչպես են մարդիկ հայտնվում թրաֆիքինգի ծուղակում

Երբևէ մտածե՞լ եք, որ ձեր կողքով անցնող զբոսաշրջիկը, խանութի աշխատակիցը, որտեղից ամեն օր գնումներ եք կատարում, կամ պատահական անցորդը, որին ժպտում ու անցնում եք, կարող են լինել թրաֆիքինգի զոհեր կամ հենց թրաֆիքինգի ենթարկողներ։ Առօրյայում մենք հաճախ չենք էլ մտածում, որ մեր կողքին գտնվող մարդիկ կարող են ենթարկվել շահագործման կամ կարող են հենց իրենք լինել այն մարդիկ, որոնք շահագործում են։ Ցավոք, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, նույնիսկ 21-րդ դարում, երբ աշխարհը զարգանում և առաջ է շարժվում, մարդկանց շահագործումը դեռևս մնում է չլուծված և աճող խնդիր։

Երբեմն թրաֆիքինգի զոհ դառնալու համար բավական է վստահել մեկին, ընդունել նրա առաջարկը և մեկնել այլ երկիր՝ պատկերացում անգամ չունենալով, թե ինչ է սպասվում այնտեղ։ Հենց այդպես էլ սկսվել է օտարերկրացի մի երիտասարդ կնոջ պատմությունը, որը Հայաստան էր ժամանել զբոսաշրջության նպատակով, սակայն հայտնվել էր սեռական շահագործման իրավիճակում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» սոցիալական աշխատող Մանե Չոբանյանը, ներկայացնելով իրենց աջակցությանը դիմած շահառուներից մեկի պատմությունը, ընդգծեց, որ թրաֆիքինգի զոհ կարող է դառնալ ցանկացած մարդ՝ անկախ սոցիալական կարգավիճակից, կրթությունից կամ նյութական հնարավորություններից։

«Մենք հաճախ թրաֆիքինգի զոհերին պատկերացնում ենք որպես անպաշտպան, կրթություն չունեցող կամ ծայրահեղ աղքատ մարդկանց։ Սակայն իմ աշխատանքային փորձը և շահագործման ենթարկված անձանց պատմությունները ցույց են տալիս, որ ցանկացած մարդ կարող է հայտնվել նման իրավիճակում, հատկապես երբ շահագործողը չարաշահում է նրա վստահությունը, կարիքները կամ խոցելի վիճակը»,- նշեց սոցիալական աշխատողը։

Նրա ներկայացրած դեպքերից մեկը վերաբերում է օտարերկրացի երիտասարդ կնոջ, որը մինչև Հայաստան ժամանելը ծանոթացել էր իր հայրենակից տղամարդու հետ։ Նրանց միջև ձևավորվել էին անձնական, վստահության վրա հիմնված հարաբերություններ։ Տղամարդը,  օգտվելով այդ վստահությունից, կնոջը հրավիրել էր Հայաստան՝ այցը ներկայացնելով որպես զբոսաշրջային հնարավորություն։ Նա նույնիսկ հոգացել էր ճանապարհածախսը և խոստացել Հայաստան ժամանելուց հետո ապահովել բնակարանով։

Սակայն Հայաստան հասնելուց հետո ամեն ինչ փոխվել էր։ Զբոսաշրջային այցի փոխարեն կինը հայտնվել էր սեռական շահագործման իրավիճակում։ Տղամարդը վերցրել էր նրա անձնագիրը, սահմանափակել ազատ տեղաշարժը, ենթարկել ֆիզիկական և հուզական բռնության ու ստիպել վճարովի սեռական ծառայություններ մատուցել։

Ի վերջո, երիտասարդ կինը համապատասխան գերատեսչության ուղղորդմամբ հայտնվել է «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնում», որտեղ նրան տրամադրվել է կացարանային և բնաիրային, բժշկական և փաստաթղթերի ձեռքբերման հարցում աջակցություն:

Մանե Չոբանյանի խոսքով՝ կենտրոնը պետության կողմից պատվիրակված ծառայություններ իրականացնող կազմակերպություն է, որը համագործակցում է Աշխատանքի և բարեկեցության նախարարության հետ։ Կենտրոնին հիմնականում դիմում են թրաֆիքինգի և աշխատանքային շահագործման ենթարկված անձինք։

Ներկայացված տվյալների համաձայն՝ 19 շահառուներից 10-ը օտարերկրացիներ են։ Բոլոր 19 շահառուներին տրամադրվել է խորհրդատվական աջակցություն, 14-ին՝ կացարանային և բնաիրային աջակցություն, 10-ին՝ բժշկական օգնություն և սպասարկում, մեկին՝ իրավաբանական, երկուսին՝ հոգեբանական աջակցություն։ Մեկ շահառուի համար կազմակերպվել է անվտանգ վերադարձ, իսկ հինգին աջակցություն է ցուցաբերվել փաստաթղթերի ձեռքբերման հարցում։

Հայաստանում թրաֆիքինգի զոհերի նույնացման վիճակագրությունը

ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության գենդերային հիմնահարցերի քաղաքականության վարչության պետ Արմինե Ալավերդյանը, ներկայացնելով 2020-2026 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման տվյալները, նշեց, որ 2020 թվականին նույնացվել է 9 անձ, 2021 թվականին՝ 31, 2022 թվականին՝ 5, 2023 թվականին՝ 25, իսկ 2024 և 2023 թվականներին այդ թիվը նույնն է եղել՝ 25-ական անձ, 2025 թվականին ունեցել են 34 նույնացված զոհ, իսկ 2026 թվականի սեպտեմբերի դրությամբ՝ 19 անձ։ Ըստ նրա՝ վերջին հինգ տարիների կտրվածքով վիճակագրությունն աճի միտում է արձանագրում։ Այս անձանց թվում կան նաև երեխաներ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք, ինչպես նաև Հայաստանի և օտարերկրյա քաղաքացիներ։

Արմինե Ալավերդյանի խոսքով՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում թվերն աճելու միտում ունեն։ Սակայն դրանք միանշանակ չեն արտացոլում դեպքերի իրական պատկերը, քանի որ, ի տարբերություն այլ հանցագործությունների կամ ռիսկային և խոցելի խմբերի հետ կապված այլ իրավիճակների՝ մարդկանց թրաֆիքինգը և շահագործումը դժվար բացահայտվող երևույթ են, որոնց իրավական որակման գործընթացը շատ ավելի բարդ է։

«Հայաստանում 2026 թվականի սեպտեմբերի դրությամբ ունենք արդեն 19 անձ, որոնք նույնացվել են որպես մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհեր։ Մեզ համար կարևոր է շեշտել, որ խոսքը ոչ թե դեպքերի, այլ նույնացված անձանց թվի մասին է։ Պատճառն այն է, որ մեր երկիրը, հաշվի առնելով միջազգային չափորոշիչներն ու լավագույն փորձը, մարդկանց թրաֆիքինգի դեպքում առաջնահերթ կարևորում է աջակցության տրամադրման գործընթացը»,- նշեց Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարության նախագահությամբ գործող Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովն ուսումնասիրում է յուրաքանչյուր դեպքի առնչությամբ Ներքին գործերի նախարարությունից, Ոստիկանությունից, Քննչական կոմիտեից կամ այլ իրավասու մարմիններից ստացված միջնորդությունները և սոցիալական աջակցության տրամադրման տեսանկյունից դիտարկում է դեպքը՝ եզրակացություն տալով՝ անձին ճանաչե՞լ որպես զոհ, թե՞ ոչ։

Այս 19 անձինք տարբեր դեպքերով ճանաչվել են որպես զոհ և մինչ այսօր ստանում են օրենքով նախատեսված աջակցության ծառայությունները։ Կարևոր է հասկանալ, որ մեկ դեպքով կարող են ներգրավված լինել մի քանի անձինք։

Մեր երկրում հիմնականում հանդիպում է թրաֆիքինգի երկու տեսակ՝ աշխատանքային և սեռական շահագործում։ Մինչև 2024-2025 թվականները սեռական շահագործման դեպքերն ավելի մեծ թիվ էին կազմում, սակայն 2025 թվականից սկսած՝ առավել տարածված են դարձել աշխատանքային շահագործման դեպքերը։

Այս փոփոխություններն ուղղակիորեն կապված են նաև միգրացիոն հոսքերի փոփոխության հետ։ Եթե մինչև 2020 թվականը Հայաստանը հիմնականում համարվում էր մարդկանց թրաֆիքինգի ծագման երկիր, այսինքն՝ Հայաստանի քաղաքացիները մեկնում էին արտերկիր և այնտեղ ենթարկվում շահագործման, ապա 2022 թվականի միգրացիոն հոսքերի փոփոխություններից հետո զգալիորեն աճել է հենց Հայաստանի տարածքում տեղի ունեցող շահագործման դեպքերի թիվը։

Պետության կողմից տրամադրվող աջակցությունը

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը լիազոր մարմին է ոչ միայն աջակցության ծառայությունների տրամադրման, այլև մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի քաղաքականության մշակման ուղղությամբ։

Նախարարության աշխատանքները հիմնականում համակարգվում և իրականացվում են դեռևս 2014 թվականին ընդունված «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա։

«Օրենքի համաձայն՝ մեր պետությունն աջակցություն է տրամադրում ինչպես մարդկանց թրաֆիքինգի զոհերին, այնպես էլ հավանական զոհերին։ Սա մեզ համար շատ կարևոր և սկզբունքային շեշտադրում է, որը պարբերաբար արտացոլվում է նաև միջազգային տարբեր գնահատականներում։ Մենք ունեցել ենք և շարունակում ենք ունենալ բազմաթիվ դեպքեր, երբ առկա են թրաֆիքինգի որոշակի ցուցիչներ կամ ռիսկեր, կամ անձը նույնացվում կամ ինքնանույնացվում է որպես հավանական զոհ։

Նման իրավիճակներում պետությունը որդեգրել է այն մոտեցումը, որ աջակցությունը տրամադրվում է այնքան ժամանակ, մինչև պարզվեն դեպքի բոլոր հանգամանքները։ Հնարավոր է նաև, որ որոշ ծառայություններ ստանալուց հետո պարզվի, որ գործ ունենք բոլորովին այլ իրավիճակի հետ»,- նշեց Ալավերդյանը։

Վարչության պետի խոսքով՝ օրենքով սահմանված աջակցության ծառայությունների շրջանակը բավականին լայն է։ Դրանք ներառում են հոգեբանական և իրավաբանական աջակցություն, թարգմանչական ծառայություններ, աշխատանքի տեղավորման հարցում ուղղորդում և աջակցություն, առողջապահական ծառայություններ։

Երեխաների դեպքում, անհրաժեշտության պարագայում, ապահովվում է նաև կրթություն ստանալու իրավունքի իրացումը։ Բացի այդ, տրամադրվում են ապաստարանի ծառայություններ և բնաիրային օգնություն։

«Մենք փորձում ենք ծառայությունների հասանելիությունն ապահովել Հայաստանի ամբողջ տարածքում։ Կազմակերպությունը պատասխանատու է նաև Հայաստանի քաղաքացիություն չունեցող անձանց աջակցություն տրամադրելու համար։ Միաժամանակ փորձում ենք յուրաքանչյուր տարի ավելացնել բյուջետային միջոցները՝ հաշվի առնելով նաև դեպքերի թվի աճը։ 2026 թվականի համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 32 միլիոն դրամ։ Սա այն եզակի ծառայություններից է, որն ամբողջությամբ և բացառապես իրականացվում է պետական բյուջեի միջոցներով»,- ասաց Ալավերդյանը։

Աջակցության տրամադրման տևողությունը

Նա նշեց, որ վիճակագրության մեջ ներկայացված յուրաքանչյուր տարվա թվերը վերաբերում են նոր նույնացված անձանց։ Սակայն ներկայում ապաստարանում կան նաև շահառուներ, որոնք, օրինակ, այնտեղ տեղափոխվել են 2025 թվականին և տարբեր հանգամանքներից ելնելով՝ դեռևս շարունակում են մնալ ապաստարանում։

Կան նաև շահառուներ, որոնք գնահատված կարիքի հիման վրա շարունակում են ստանալ հոգեբանական աջակցություն կամ օգտվել անվճար առողջապահական ծառայություններից։ Այսինքն՝ աջակցության ծառայությունների տրամադրումը որևէ ժամկետային սահմանափակում չունի և իրականացվում է ըստ անհրաժեշտության ու գնահատված կարիքի։ Ներկայում բոլոր ծառայությունների տրամադրումը պատվիրակված է մեկ հասարակական կազմակերպության։

Կանխարգելման քաղաքականությունը և նոր ռազմավարական ծրագիրը

«Կարծում եմ՝ շատ կարևոր է նշել, որ նախարարությունն իր քաղաքականության մեջ առավել մեծ շեշտադրում է կատարում կանխարգելման բաղադրիչի վրա։ Մեր նպատակն է ոչ թե միայն փորձել հաղթահարել թրաֆիքինգի և շահագործման հետևանքները, այլ կանխել նման դեպքերը՝ թույլ չտալով, որ իրավիճակը հասնի այդ փուլին»,- ընդգծեց Ալավերդյանը։

Ներկայում վերջնականացման փուլում է գտնվում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի 8-րդ ռազմավարական ծրագիրը, որը նախատեսված է 2026-2028 թվականների համար։

«Այս ռազմավարական ծրագիրը մեզ համար առանձնահատուկ է իր տեսակով, որովհետև փորձել ենք ապահովել, որ միջոցառումների 80 տոկոսի համար սահմանվեն հստակ թվային և որակական արդյունքային ցուցանիշներ։ Դրանք վերաբերում են տարբեր ուղղությունների՝ սկսած թրաֆիքինգի դեպքերի վերաբերյալ համալիր և համապարփակ վիճակագրության ձևավորումից, մինչև զոհերի կամ հավանական զոհերի աջակցության ծառայությունների ընդլայնում։

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովը բաղկացած է վեց անդամից։ Դրանցից երեքը ներկայացնում են գործընկեր հասարակական կազմակերպությունները, իսկ մյուս երեքը՝ պետական մարմինները՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը, Ոստիկանությունը և Դատախազությունը,- մանրամասնեց Ալավերդյանը։

Նույնացման հանձնաժողովը Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհ ճանաչելու իրավասությամբ օժտված հիմնական մարմինն է։ Հանձնաժողովի կարևորագույն դերակատարումն անձին որպես զոհ ճանաչելն է, որից հետո անմիջապես մեկնարկում է աջակցության տրամադրման գործընթացը։

Աշխարհի մի շարք երկրներում գործում է այլ մոտեցում. անձը սկսում է աջակցություն ստանալ այն ժամանակ, երբ իրավապահ մարմիններն ավարտում են իրենց գործողությունները և իրենց գործառույթների շրջանակում դեպքին տալիս համապատասխան իրավական որակում։ Սակայն Հայաստանում այդ գործընթացները տարանջատված են, որովհետև կարող են լինել նաև հավանական զոհեր, որոնց առնչվող դեպքերը տարիներ շարունակ չստանան համապատասխան իրավական որակում։

Մեր երկրում աջակցության տրամադրումը կախված չէ այդ գործընթացի ավարտից։ Սա Հայաստանի որդեգրած մոտեցման կարևոր առանձնահատկություններից է։ Աշխարհում համեմատաբար քիչ երկրներ են կիրառում նման փորձ, և Հայաստանի դեպքում կարևոր է ընդգծել հենց այս բաղադրիչը։

«Օրինակ՝ Դատախազությունում որևէ գործ կարող է քննվել մեկուկես տարի, և վերջում այն կարող է նույնիսկ չհասնել դատարան կամ չստանալ թրաֆիքինգի համապատասխան իրավական որակում։ Սակայն այդ ընթացքում անձը Նույնացման հանձնաժողովի որոշմամբ կարող է ճանաչված լինել որպես զոհ և ստանալ օրենքով նախատեսված աջակցության ծառայությունները։ Հետևաբար, երբ որևէ մարմին ցանկանում է ընդհանուր պատկերացում կազմել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի վերաբերյալ, մենք առաջարկում ենք դիտարկել, թե քանի անձ է ճանաչվել որպես զոհ և ստացել համապատասխան ծառայություններ»,- եզրափակեց Արմինե Ալավերդյանը։

Ովքեր մտածում են, որ հնարավոր է իրենք ենթարկվել են թրաֆիքինգի կարող են դիմել  Թրաֆիքինգի զոհերին աջակցող մասնագիտացված հասարակական կազմակերպություն՝+374 77 99 12 80 հեռախոսահամարով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում