Հայաստան

Աննա Հակոբյանը Երևանի խցանումների խնդիրը կապել է կառուցապատման և երթևեկության երկարաժամկետ պլանավորման հետ

2 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանը Երևանի խցանումների խնդիրը կապել է կառուցապատման և երթևեկության երկարաժամկետ պլանավորման հետ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Երևանի երթևեկությունը պլանավորելիս կարևորել է հաշվի առնել, թե առաջիկա տարիներին ինչպես կարող են փոխվել մայրաքաղաքի բնակչության և մեքենաների թվերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հակոբյանն այս մասին խոսել է «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակած տեսանյութում։

Նրա խոսքով՝ նոր շենքերի ու թաղամասերի կառուցմանը զուգահեռ պետք է զարգացնել նաև ճանապարհային ցանցը։

Նա նշել է, որ Երևանի արագ կառուցապատման պայմաններում քաղաքի մի հատվածից մյուսը հասնելը դժվարացել է, և հարց բարձրացրել, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել այսօր՝ հաշվի առնելով, թե զարգացման այս տեմպով 25 տարի անց որքան մեքենա կարող է լինել Երևանում։

Հակոբյանը նշել է, որ նման հաշվարկները մասնագետների աշխատանքն են։ Ճանապարհային ենթակառուցվածքների հնարավոր լուծումների թվում նա հիշատակել է էստակադաները, վերգետնյա, ստորգետնյա և շրջանցիկ ճանապարհները։

«Իսկ ի՞նչ կլինի, եթե առաջիկա հինգ տարվա ընթացքում 300-500 հազար մարդ վերադառնա հայրենիք՝ մշտական բնակության։ Իսկ եթե նրանցից 250 հազարն էլ սեփական մեքենայո՞վ գան։ Ի՞նչ ենք անելու, նույնքան մարդ պետք է հեռանա՞, որ փողոցներում տեղավորվենք»,-հարցրել է Հակոբյանը՝ պայմանական օրինակով անդրադառնալով երթևեկության հնարավոր ծանրաբեռնվածությանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում