Մշակույթ

Սվիրիդովի «Երկիր հայրական» էպիկական պոեմը՝ հիմնված Իսահակյանի բանաստեղծությունների վրա․ պրեմիերա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

2 րոպեի ընթերցում

Սվիրիդովի «Երկիր հայրական» էպիկական պոեմը՝ հիմնված Իսահակյանի բանաստեղծությունների վրա․ պրեմիերա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Փոքր համերգասրահում նոյեմբերի 29-ին ժամը 21:00-ին տեղի կունենա ռուս կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովի «Երկիր հայրական» էպիկական վոկալ-պոեմի առաջին թատերականացված բեմադրության պրեմիերան Հայաստանում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի, «ԱՍՔ» կրթամշակութային կենտրոնի և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համագործակցությամբ։

Ստեղծագործությունը գրվել է 1950 թվականին՝ հիմնված Ավետիք Իսահակյանի տարբեր տարիների 11 բանաստեղծությունների վրա։ Բասի, տենորի և դաշնամուրի համար նախատեսված այս երկն առաջին անգամ ներկայացվում է որպես ամբողջական երաժշտադրամատիկական և բեմական ստեղծագործություն։

Բանաստեղծությունները, միավորվելով միասնական գաղափարական և դրամատուրգիական կառույցում, ստեղծում են հայրենիքի, պատմական հիշողության, նախնիների ժառանգության, ինչպես նաև անցյալի ու ապագայի շուրջ ծավալվող խորհրդածությունների միասնական էպիկական պատում։

Գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագծի հեղինակը, գեղարվեստական ղեկավարն ու ռեժիսորը Արսեն Ղազարյանն է (Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, «ԱՍՔ» կրթամշակութային կենտրոնի ղեկավար). կատարողներ՝ Հայկ Տիգրանյան (բաս), Հովհաննես Անդրեասյան (տենոր), Լուսյա Շահնազարյան (դաշնամուր)։

Միջոցառումը նպատակ ունի դասական երաժշտության միջոցով նորովի հանրահռչակել Ավետիք Իսահակյանի պոեզիան՝ բացահայտելով դրա գեղարվեստական ու համամարդկային արժեքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում