Մշակույթ

Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների դահլիճն անվանակոչվել է հայ նշանավոր բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով

2 րոպեի ընթերցում

Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների դահլիճն անվանակոչվել է հայ նշանավոր բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով

Երևանի Կապույտ մզկիթի պատմական համալիրի հանդիսությունների դահլիճն անվանակոչվել է հայ նշանավոր բանաստեղծ, իրանական մշակույթի և գրականության բարեկամ Եղիշե Չարենցի անունով։

«Արմենպրես»-ին այդ մասին հայտնել են ՀՀ-ում Իրանի դեսպանությունից։

Հանդիսությունների դահլիճը Եղիշե Չարենցի անունով անվանակոչելու արարողությանը մասնակցել է նաև աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին։

Փուրմոհամմադին հանդիսավորությամբ բացել է դահլիճի անվանակոչման ցուցանակը։

«Այս նախաձեռնության նպատակն է հարգանքի տուրք մատուցել Չարենցի գրական ժառանգությանը, իրանական մշակույթի և գրականության նկատմամբ նրա առանձնահատուկ հետաքրքրությանը, ինչպես նաև Երևանի Կապույտ մզկիթի պահպանման գործում նրա ունեցած ավանդին։

Եղիշե Չարենցը հայ ժամանակակից գրականության նշանավոր դեմքերից էր։ Նա խորապես հետաքրքրված էր Իրանի մշակութային և գրական ժառանգությամբ, մասնավորապես՝ Ֆիրդուսու «Շահնամե» էպոսով, ինչպես նաև իր ներդրումն է ունեցել Երևանի Կապույտ մզկիթի՝ որպես Իրանի և Հայաստանի պատմամշակութային ժառանգության խորհրդանիշներից մեկի պահպանման գործում։

Նախատեսվում է նաև այս մշակութային նախաձեռնության շարունակության շրջանակում Կապույտ մզկիթի հանդիսությունների դահլիճում տեղադրել և հանդիսավորությամբ բացել հայ նշանավոր բանաստեղծի կիսանդրին։

Դահլիճի անվանակոչումը մի նախաձեռնություն է, որն ուղղված է ընդհանուր մշակութային ժառանգության պահպանման գործում նշանակալի ավանդ ունեցած գործիչների հիշատակի հավերժացմանը, ինչպես նաև Իրանի և Հայաստանի ժողովուրդների պատմական ու մշակութային կապերի ամրապնդմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում