Երևանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը։
Հոբելյանական նիստին մասնակցում են ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Բելառուսի արդարադատության նախարար Եվգենի Կովալենկոն (տեսակապի միջոցով), Ղրղզստանի արդարադատության նախարարի առաջին տեղակալ Սայրա Իզիկովան, Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն, Տաջիկստանի արդարադատության նախարար Մուզաֆար Աշուրիոնը, Ուզբեկստանի արդարադատության նախարար Ակբար Տաշկուլովը, ԱՊՀ Խորհրդի գործադիր քարտուղար Ելենա Տելեկովեցը, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության ոլորտի հիմնական կազմակերպությունների ղեկավարները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ողջույնի խոսքում կարևորելով տվյալ հարթակը Հայաստանի համար՝ նշեց, որ նիստը նշանավորում է նաև այն հանգամանքով, որ անցկացվում է ընթացիկ տարում, երբ նշվում է Անկախ պետությունների համագործակցության 35-ամյակը։

«Մեծ պատիվ է հյուրընկալել այս հոբելյանական հանդիպման մասնակիցներին։ ԱՊՀ-ի գոյության 35 տարիների ընթացքում ձևավորվել է ընդարձակ իրավական և պայմանագրային բազա։ Ներկայում գործում է ավելի քան 560 միջազգային պայմանագիր, իսկ իրավական ակտերի միասնական ռեեստրը պարունակում է տարբեր ոլորտներ ընդգրկող ավելի քան 7000 փաստաթուղթ։ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը մշակել և ընդունել է ավելի քան 400 մոդելային օրենք և հանձնարարական։ Կատարելագործվում են փոխադարձ իրավական օգնության մեխանիզմները, ինչպես նաև ամրապնդվում է համագործակցությունը նոտարական ծառայությունների և իրավաբանական մասնագիտական գործունեության ոլորտներում։ Մեկ տարի առաջ մեր Խորհուրդը հանդիպեց Մինսկում։ Այսօր կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ այդ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվել են։ Վստահ եմ, որ այսօրվա երկխոսությունը կօգնի բացահայտել հետագա համագործակցության հեռանկարային ուղղությունները»,-նշեց Գալյանը։
Բելառուսի արդարադատության նախարար Եվգենի Կովալենկոն հայտնեց, որ դեկտեմբերին նշվելու է մի նշանակալի և իսկապես պատմական հանգրվան՝ Անկախ պետությունների համագործակցության 35-ամյակը։

«1991 թվականի դեկտեմբերի 8-ին ԱՊՀ-ի հիմնադրման մասին համաձայնագրի ստորագրումը նոր էջ բացեց մեր երկրների կյանքում։ Այսօր Համագործակցությունը հանդես է գալիս որպես հետխորհրդային տարածքում անվիճելիորեն առանցքային տարածաշրջանային կազմակերպություն։ Այսօր ԱՊՀ անդամ պետությունները առավել քան երբևէ շահագրգռված են փոխադարձ աջակցությամբ և ակտիվ համագործակցությամբ՝ օգտագործելով Համագործակցության ընձեռած ձևաչափերը՝ ինտեգրացիոն միավորումն ամրապնդելու և մեր երկրների զարգացմանը նպաստելու համար։ Մեզ համար՝ որպես Խորհրդի անդամների, առանձնահատուկ կարևորություն ունի համագործակցությունը արդարադատության ոլորտում, որը ներկայում դինամիկ զարգացում է ապրում։ Սրա մասին ակնհայտորեն վկայում են Խորհրդի գործունեության տարեկան ծրագրերը։ Դրանք ավանդաբար ներառում են մի քանի տասնյակ համատեղ ֆորումներ, երկխոսության հարթակներ, հանդիպումներ, աշխատանքային խմբեր և աշխատանքային մարմիններ։ Այցը հագեցած է բազմաբնույթ միջոցառումներով՝ ընձեռելով փորձի և լավագույն գործելակերպերի փոխանակման լայն հնարավորություններ արդարադատության ոլորտի զարգացման գործում։ Վստահ եմ, որ արդարադատության ոլորտում սերտ համագործակցությունը կնպաստի մեր ժողովուրդների միջև եղբայրական կապերի հիմքերի ամրապնդմանը և կծառայի մեր ընդհանուր նպատակին՝ ապահովելու մեր քաղաքացիների համար կյանքի հնարավորինս լավագույն որակը»,- ասաց Կովալենկոն։
Ղրղզստանի արդարադատության նախարարի առաջին տեղակալ Սայրա Իզիկովան նշեց, որ ընդհանուր իրավական տարածքը, փոխադարձ վստահությունը և ազգային իրավական համակարգերի նկատմամբ հարգանքը համագործակցության կարևոր հիմք են կազմում։

«Այսօր՝ սոցիալական և տեխնոլոգիական արագ փոփոխությունների պայմաններում, առանձնահատուկ կարևորություն է ստանում ոչ միայն արդեն իսկ ձեռք բերված արդյունքների պահպանումը, այլև նոր մարտահրավերներին նախաձեռնողական կերպով արձագանքելը։ Մեզ ընձեռվում են համագործակցության լայն հնարավորություններ՝ սկսած արդարադատության մարմինների գործունեության մեջ ժամանակակից թվային լուծումների ներդրումից մինչև պրոբացիայի համակարգի զարգացմանն ուղղված իրավական մեխանիզմների կատարելագործումը և քաղաքացիների համար իրավական օգնության հասանելիության ապահովումը։ Համոզված եմ, որ մեր համատեղ օրակարգում առանձնահատուկ տեղ կզբաղեցնեն այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են Արդարադատության նախարարության մասնակցությամբ տեղեկատվության փոխանակման ամրապնդմանը, ինչպես նաև մեր քաղաքացիների իրավական մշակույթի և իրավական գրագիտության բարձրացմանը։ Վստահ եմ, որ մեր համագործակցության ուժը կայանում է միմյանց լսելու, մասնագիտական փորձառությունը միավորելու և ընդհանուր գաղափարները կոնկրետ արդյունքների վերածելու մեր պատրաստակամության մեջ։ Թող այսօրվա հանդիպումը ևս մեկ հաստատում լինի կառուցողական երկխոսությանը և համագործակցության ամրապնդմանը մեր պետությունների ու քաղաքացիների շահերից ելնելով՝ մեր հանձնառության»,- ասաց Իզիկովան։
Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն նշեց, որ միջոցառումը տեղի է ունենում ԱՊՀ 35-ամյակի տարում, ինչը կարևոր և նշանակալի հանգրվան է։

«Թեև մեր երկրները ձգտում են համագործակցել նաև ինտեգրման այլ ձևաչափերի շրջանակներում, սակայն հենց ԱՊՀ-ն է մեզ հիշեցնում մեր պատմական, մշակութային, իրավական և հումանիտար փոխկապակցվածության ու ընդհանրությունների այն աննախադեպ մակարդակի մասին, որը ժառանգել ենք մեր խորհրդային անցյալից։ Միաժամանակ, մենք ԱՊՀ տարածքում համագործակցությունը դիտարկում ենք որպես ռազմավարական միջոց՝ այս ընդհանուր ժառանգությունը իրավական ոլորտում կառուցողական, ինքնիշխան և փոխշահավետ զարգացման ռեսուրսի վերածելու համար։ Առաջնորդվելով այս նպատակներով՝ այսօր պետք է արձանագրենք, որ ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի երկարաժամկետ արդյունավետությունը կախված է լինելու նոր մարտահրավերներին դիմակայելու և դրանց լուծման ուղղությամբ համաձայնեցված որոշումների հանգելու մեր պատրաստակամությունից։ Մենք պետք է հանդես գանք որպես համագործակցության միասնական, անվտանգ և տեխնոլոգիապես զարգացած իրավական տարածքի ճարտարապետներ՝ ուղղված օրենքի գերակայության ամրապնդմանը և մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։ Համոզված ենք, որ այսօրվա միջոցառումը թույլ կտա մեզ զգալի առաջընթաց արձանագրել այդ ուղղությամբ»,- ասաց Չույչենկոն։
Տաջիկստանի արդարադատության նախարար Մուզաֆար Աշուրիոնը նշեց, որ այսօրվա հանդիպումը կարևոր հարթակ է՝ կարծիքներ փոխանակելու, հրատապ խնդիրները քննարկելու և ընդհանուր խնդիրների լուծմանն ուղղված համաձայնեցված մոտեցումներ մշակելու համար։

«Համոզված եմ, որ բաց երկխոսությունը, փոխադարձ հարգանքը և արդյունավետ համագործակցությանը նվիրվածությունը թույլ կտան մեզ ամրապնդել առկա գործընկերությունը և նոր թափ հաղորդել մեր համատեղ ջանքերին»,- ասաց Աշուրիոնը։
Ուզբեկստանի արդարադատության նախարար Ակբար Տաշկուլովը նույնպես ուրախությամբ նշեց, որ արդարադատության նախարարների խորհրդի 20-ամյակին նվիրված նիստը տեղի է ունենում մի խորհրդանշական տարում, որը նշանավորում է Անկախ պետությունների համագործակցության կազմավորման 35-ամյակը։

«Այդ տարիների ընթացքում Խորհուրդը դարձել է վստահության վրա հիմնված հարաբերությունների և մեր երկրների միջև փորձի փոխանակման հուսալի հարթակ։ Ուզբեկստանը հավատարիմ է մնում օրենսդրության ներդաշնակեցման, փոխադարձ իրավական օգնության զարգացման և լավագույն փորձի փոխանակման ուղղությամբ համատեղ ջանքերին ակտիվորեն մասնակցելու իր հանձնառությանը։ Վստահ եմ, որ այսօրվա հանդիպումը նոր քայլ կհանդիսանա ԱՊՀ շրջանակներում իրավական համագործակցության ամրապնդման գործում»,- նշեց Տաշկուլովը։
ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստի օրակարգը ներառում է 14 հարց, այդ թվում՝ զեկույցներ Հայաստանի Հանրապետության նախագահության արդյունքների, ինչպես նաև խորհրդի նախորդ նիստերում ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ։ Այդ հարցերի քննարկումը հնարավորություն կտա գնահատել կատարված աշխատանքը և որոշել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված հետագա քայլերը։
Բացի այդ, օրակարգը ներառում է մտքերի փոխանակում արդարադատության նախարարությունների գործունեության առանձին ոլորտների կարգավորման վերաբերյալ։ Օրակարգի բոլոր կետերի վերաբերյալ պատրաստվել են որոշումների նախագծեր, որոնք ներկայացվել են ընդունման։ Որոշումների նախագծերը նախապես տրամադրվել են համապատասխան գերատեսչություններին և համաձայնեցվել փորձագիտական խորհրդակցությունների արդյունքում։