Քաղաքականություն

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

3 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին Տալլինում հանդիպել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԳՄԱ նախարարությունը։

Նախարար Միրզոյանը Մարգուս Ցահքնային շնորհակալություն է հայտնել Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 108-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը մասնակցության հրավերի համար: Նախարարները քննարկել են առաջիկա անելիքները և ծրագրվող այցերի օրակարգը: Կարևորվել է երկու երկրների մայրաքաղաքներում ռեզիդենտ դիվանագիտական ներկայության ավելացման հարցում երկուստեք արտահայտված հանձնառությունը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Էստոնիա միջև տարբեր ուղղություններով համագործակցության հետագա ընդլայնման հարցեր: Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ստորագրված՝ ընդլայնված գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի իրականացումը։

Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման, առևտրաշրջանառության ընդլայնման և հայկական արտադրանքի՝ Էստոնիա և այլ եվրոպական շուկաներ արտահանման հնարավորությունները, ինչպես նաև հայկական արտադրանքի տեսանելիության և ճանաչելիության ուղղությամբ համատեղ նախաձեռնությունները: Այս համատեքստում գոհունակությամբ նշվել է ընթացիկ տարվա հուլիսին Տալլինում կայացած «Made in Armenia» ցուցահանդեսը և դրան նախարար Ցահքնայի անձամբ մասնակցությունը:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի «Էնթերփրայզ Արմենիայի» և Էստոնիայի բիզնեսի և նորարարության գործակալության միջև համագործակցության զարգացումը:

Կարևորվել է նաև թվայնացման, էլեկտրոնային կառավարման և նորարարական տեխնոլոգիաների ոլորտներում փորձի փոխանակումն ու ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական զարգացումը:

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը։

Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային զարգացումների շուրջ՝ ընդգծելով ներկայիս պայմաններում երկու երկրների դիմակայունության հետևողական ամրապնդման կարևորությունը: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում