Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

«Մանամայի երկխոսության» շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Բահրեյնի Թագավորության արտաքին գործերի նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից հայտնել են, որ Արարատ Միրզոյանը և Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանին հանգամանալից քննարկել են Հայաստանի և Բահրեյնի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխշահավետ համագործակցության ընդլայնման կարևորությունը։ 

Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև արդեն իսկ փոխհամաձայնեցման փուլում գտնվող միջազգային պայմանագրերի կնքման միջոցով իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, զբոսաշրջության ակտիվացմանը նպաստող հնարավոր քայլերին, ինչպես նաև ներդրումների խրախուսման հնարավորություններին:

Քննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր, այդ թվում նաև՝ խաղաղության օրակարգի առաջմղման համատեքստում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին։ 

Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հետագա ամրապնդման և տնտեսական փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ջանքերը, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար:

Անդրադարձ է կատարվել նաև «Մանամայի երկխոսություն» և «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումների միջև փոխգործակցությանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում