Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել
4 րոպեի ընթերցում

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Արծվիկ Մինասյանը կարևորում է հանձնաժողովի ֆինանսական ու տեխնիկական հնարավորությունների ընդլայնումը և շուկաների ուսումնասիրության ընթացքում արհեստական բանականության գործիքների կիրառումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում իր թեկնածության քննարկման ընթացքում Մինասյանն առանձնացրել է երեք ուղղություն, որոնք լինելու են իր ուշադրության կենտրոնում ընտրվելու դեպքում։
Նա նշել է, որ ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում հակամրցակցային համաձայնությունների բացահայտումը բարդ խնդիր է։ Նրա խոսքով՝ դրանք կարող են հանգեցնել շուկայի խեղաթյուրումների, տնտեսավարողների դուրսմղման կամ շուկա մուտք գործելու սահմանափակումների՝ ազդելով նաև սպառողների շահերի վրա։
«Իմ խորին համոզմամբ՝ չափազանց կարևոր է ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը, հատկապես՝ արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները»,- ասել է Մինասյանը։
Նրա գնահատմամբ՝ այդ գործիքները կարող են օգնել համադրելու մեծ թվով ապրանքների ու ծառայությունների վերաբերյալ տվյալները, բացահայտելու խնդիրները և առաջարկելու շուկաները բացելու ու արդար գնագոյացման պայմաններ ստեղծելու լուծումներ։
Անդրադառնալով հանձնաժողովի ռեսուրսներին՝ Մինասյանը նշել է, որ սպառողների շահերի պաշտպանության գործառույթի տրամադրումը չի ուղեկցվել նյութատեխնիկական հնարավորությունների համարժեք ընդլայնմամբ։ Նա կարևորել է մասնագետներով համալրումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն ու աշխատանքային պայմանների բարելավումը։
«Նյութատեխնիկական բացը էականորեն, իմ ուսումնասիրությամբ, խոչընդոտում է այս մարմնի արդյունավետ աշխատանքը։ Հիմա բյուջետային քննարկումներն են սկսվում։ Խնդրում եմ, որպեսզի այս հարցում աջակցեք մարմնին և բյուջեի քննարկման ժամանակ դիտարկեք բյուջեն ընդլայնելու հնարավորությունը»,-նշել է նա։
Մինասյանն ընդգծել է, որ ֆինանսավորման ավելացումը պետք է կապվի հստակ նպատակների և արդյունքային ցուցանիշների հետ։ Նրա խոսքով՝ հանձնաժողովից արդյունավետ աշխատանք պահանջելուն զուգահեռ անհրաժեշտ է ապահովել դրա համար անհրաժեշտ պայմանները։
Երրորդ ուղղությունը վերաբերում է սպառողների պաշտպանության ոլորտում համագործակցությանը։ Մինասյանը կարևորել է հանձնաժողովի աշխատանքը հասարակական կազմակերպությունների և ոլորտում պատասխանատվություն ունեցող մյուս մարմինների հետ։
Նա դրական է գնահատել դպրոցական կրթական ծրագրերում սպառողների իրավունքների վերաբերյալ բաղադրիչ ներառելու նախաձեռնությունը։ Միաժամանակ նշել է, որ հանձնաժողովը պետք է հնարավորություն ունենա մասնակցելու ոլորտային քաղաքականության մշակմանը՝ ներկայացնելով նաև իրավակիրառ պրակտիկայում բացահայտված խնդիրները։
Ավելի վաղ, ԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար Արծվիկ Մինասյանին առաջադրել էին որպես համաձայնեցված միասնական թեկնածու։