Նազելի Բաղդասարյանը ԱԺ-ում ծեծկռտուքի մասնակիցներին կոչ է արել ներողություն խնդրել կին գործընկերներից
3 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում հայհոյանքներ հնչեցրած տղամարդ պատգամավորներին կոչ է արել խորհրդարանի ամբիոնից ներողություն խնդրել դահլիճում ներկա կանանցից՝ ընդգծելով, որ իր խոսքը վերաբերում է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում ելույթի ընթացքում Բաղդասարյանը նշել է, որ միջադեպից հետո պատգամավորները ներողություն են խնդրել հանրությունից և ընտրողներից, սակայն առանձին չեն անդրադարձել դահլիճում ներկա կանանց։
«Հիմա ես ուզում եմ խոսքով դիմել բոլոր տղամարդկանց․ այստեղ քաղաքական հայացքները բնավ կապ չունեն։ Կարո՞ղ եք ունենալ այդ պատրաստակամությունը՝ գալ Ազգային ժողովի ամբիոնից ներողություն խնդրել դահլիճում ներկա կանանցից։ Ես հեռու եմ այն մտայնությունից, որ դուք տանը՝ ձեր կանանց, երեխաների, ծնողների ներկայությամբ այդ բառամթերքով խոսում եք»,- ասել է Բաղդասարյանը։
Ելույթի ընթացքում նա նաև առաջարկել է քննարկել ընտրական ցուցակներում կանանց ներկայացվածությունն ավելացնելու հնարավորությունը՝ նշելով, որ, իր դիտարկմամբ, միջադեպի ժամանակ կանայք ավելի զուսպ են եղել։
Խորհրդարանում տեղի ունեցածի հետևանքների մասին խոսելիս՝ Բաղդասարյանը նշել է, որ այն հաղթանակ չի համարում կողմերից որևէ մեկի համար։
«Չհաղթեց ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը։ Այստեղ պարտվեց հայ ժողովուրդը, որովհետև այն ամենը, ինչին մենք ականատես եղանք, խայտառակություն է»,- հայտարարել է նա։
Եզրափակելով ելույթը՝ Բաղդասարյանը կրկնել է կին գործընկերներից ներողություն խնդրելու առաջարկը։
«Իմ առաջարկը մնում է բաց, հարգելի՛ տղամարդիկ․ ունեցեք այդ կամքը՝ Ազգային ժողովի ամբիոնից ներողություն հայցելու ձեր կին գործընկերներից»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ծեծկռտուք էր տեղի ունեցել իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև։ ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդմիջում էր հայտարարել ու անվտանգության աշխատակիցներին նիստերի դահլիճ էր հրավիրել, սակայն դրանից հետո ծեծկռտուքը շարունակվել էր նիստերի դահլիճին կից միջանցքում։