Հայաստան

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը հերքել է Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույցի մասին լուրերը

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը հերքել է Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույցի մասին լուրերը

Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է X սոցիալական հարթակում տարածվող լուրերն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նազելի Բաղդասարյանն ընդգծել է, որ վերոնշված պնդումն ունի օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության՝ FIMI-ի բնորոշ հատկանիշներ։

«X սոցիալական հարթակում որոշ օգտահաշիվների կողմից տարածվում է ակնհայտ կեղծ և մանիպուլյատիվ տեղեկություն այն մասին, թե իբր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում գրառում է կատարել՝ հայտնելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին։

Հայտնում եմ, որ նման հեռախոսազրույց տեղի չի ունեցել։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև նման բովանդակությամբ քննարկում չի եղել։ Տարածվող տեղեկությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։

Նշված պնդումն ունի օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության՝ FIMI-ի բնորոշ հատկանիշներ։ Մասնավորապես, հաշվի առնելով դրա տարածման մեթոդաբանությունը՝ X հարթակում մի շարք օգտահաշիվների կողմից նույնաբովանդակ կամ փոխկապակցված ձևակերպումներով ամպլիֆիկացված տարածումը, չստուգված աղբյուրի վրա հիմնված պնդման շրջանառումը, դիտարկում ենք որպես համակարգված տեղեկատվական մանիպուլյացիայի փորձ»,– գրել է մամուլի քարտուղարը՝ հորդորելով լրատվամիջոցներին, հանրային դերակատարներին և սոցիալական ցանցերի օգտատերերին զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից, հատկապես այն դեպքերում, երբ դրանք վերաբերում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային կայունությանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում