Քաղաքականություն

Նազելի Բաղդասարյանն ավարտում է աշխատանքը վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում

3 րոպեի ընթերցում

Նազելի Բաղդասարյանն ավարտում է աշխատանքը վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում

Նազելի Բաղդասարյանն ավարտում է աշխատանքը Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում՝ Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններ ստանձնելու կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բաղդասարյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Վերջին երեքուկես տարիների ընթացքում աշխատել եմ վարչապետի աշխատակազմում։ Մամուլի քարտուղարի պատասխանատու պաշտոնը ստանձնել եմ մեր երկրի համար բարդ ժամանակահատվածում՝ փորձելով առավելագույնս ապահովել հանրային հաղորդակցության, թափանցիկության և հաշվետվողականության անհրաժեշտ պայմանները, լինել հնարավորինս հասանելի և նպաստել հանրության հետ արդյունավետ հաղորդակցությանը»,- գրել է Բաղդասարյանը։

Նա շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության, համատեղ աշխատանքի և ձեռք բերած փորձի համար, ինչպես նաև պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին, մամուլի քարտուղարներին ու խոսնակներին։

Բաղդասարյանն առանձնահատուկ ընդգծել է վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ու Ռազմավարական հաղորդակցության վարչությունների, ինչպես նաև Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի աշխատակիցների հետ համագործակցությունը։

«Եվ, իհարկե, հատուկ շնորհակալություն բոլոր լրագրողներին և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին։ Մեր համագործակցությունն ինձ համար մշտապես եղել է առանցքային։ Ձեր աշխատանքն ու հետևողականությունը չափազանց կարևոր են հանրության իրազեկման և պետական կառույցների գործունեության լուսաբանման հարցում»,- նշել է նա։

Նազելի Բաղդասարյանը հայտնել է նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ ընտրվել է Ազգային ժողովի աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։

«Կհանդիպենք Ազգային ժողովում»,- եզրափակել է նա։

Նազելի Բաղդասարյանը վարչապետի մամուլի քարտուղար էր նշանակվել 2023 թվականի հունիսի 23-ին։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում