«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
3 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը չի աջակցելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու իշխանության առաջարկին։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի խոսքով՝ այդպիսի քվեարկությունը կհակասի ընտրողներից ստացած մանդատին և նախընտրական խոստումներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Գրիգորյանն այս մասին ասել է՝ անդրադառնալով ընդդիմության աջակցությամբ սահմանադրական հանրաքվե անցկացնելու վերաբերյալ իշխանության առաջարկին։
Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխությունների հարցը նոր օրակարգ չէ․ իշխանությունն ու ընդդիմությունն ընտրություններին ներկայացել են այդ հարցի վերաբերյալ տարբեր դիրքորոշումներով։
Նա նշել է, որ հանրաքվեի անցկացման համար խորհրդարանական լայն համաձայնության պահանջն անհրաժեշտ է տվյալ օրակարգի շուրջ համաձայնություն ապահովելու համար։ Գրիգորյանի գնահատմամբ՝ ներկայում այդ համաձայնությունը չկա, և քաղաքական ուժերի դիրքորոշումները հակադիր են։
Արձագանքելով ընդդիմության նկատմամբ հնարավոր հանրային ճնշման վերաբերյալ հարցին՝ խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ դա չի փոխի իրենց որոշումը։
«Մարդիկ մեզ ձայն չեն տվել, որպեսզի մենք կողմ քվեարկենք այդ նախագիծը հանրաքվեի դնելուն։ Եվ, եթե Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ խմբակցությունը, իր ամբողջ քաղաքական թիմը և մարդկանց հավաքի և փորձի իբր ճնշում գործադրել, դա միևնույն է՝ մեր դիրքորոշման վրա չի կարող ազդեցություն ունենալ, որովհետև մեր մանդատը դա չի ենթադրում»,- ասել է նա։
Խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավոր երաշխիքների մասին հարցերին պատասխանելիս՝ Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ նոր Սահմանադրության ընդունումը չի բացառի Ադրբեջանի նոր պահանջները։ Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ հնարավոր հավաստիացումները ևս չեն կարող հիմք դառնալ խմբակցության դիրքորոշումը փոխելու համար։
Գրիգորյանը նոր Սահմանադրություն ընդունելու վերաբերյալ իշխանության ներկայիս օրակարգը կապել է Ադրբեջանի պահանջների հետ՝ այդ համատեքստում քննադատելով ՀՀ Անկախության հռչակագրին արված հղումից հրաժարվելու մոտեցումը։
Միաժամանակ նա չի բացառել սահմանադրական փոփոխությունների այլ օրակարգի քննարկումը։ Նրա խոսքով՝ եթե պահպանվեր նախաբանի տեքստը, և քննարկումները վերաբերեին, օրինակ, իր բնորոշմամբ՝ «սուպերվարչապետական համակարգի» փոփոխությանը կամ դատական համակարգի բարեփոխումներին, խմբակցությունը կարող էր քննարկել այդ առաջարկները։