Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարությունն ու ReSPA-ն քննարկել են համատեղ կրթական ծրագրերի և վերապատրաստումների հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՄԱ նախարարությունն ու ReSPA-ն քննարկել են համատեղ կրթական ծրագրերի և վերապատրաստումների հնարավորությունները

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Հանրային կառավարման տարածաշրջանային դպրոցի (ReSPA) տնօրենի պաշտոնակատար Ելենա Մրդակի գլխավորած պատվիրակությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԳՄԱ նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԳՄԱ նախարարության և ReSPA-ի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները՝ մասնավորապես կարողությունների զարգացման, մասնագիտական փորձի և գիտելիքի փոխանակման, ինչպես նաև համատեղ ծրագրերի և վերապատրաստման դասընթացների իրականացման ուղղություններով։

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի դիվանագիտական ակադեմիայի և ReSPA-ի միջև համագործակցության հաստատման հեռանկարներին, այդ թվում՝ եվրոպական ինտեգրման և միջազգային առևտրի գործընթացների վերաբերյալ դասընթացների և համատեղ կրթական ծրագրերի կազմակերպման հնարավորություններին։

Քննարկվել են նաև տվյալահեն քաղաքականության մշակման, ռազմավարական կանխատեսման և վերլուծական կարողությունների զարգացման ուղղություններով համագործակցության հնարավորությունները։

Զրուցակիցները կարևորել են նաև ReSPA-ի կողմից իրականացվող՝ հանրային ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին ՀՀ ԱԳՄԱ նախարարության ներկայացուցիչների մասնակցությունը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում