Սփյուռք

Թուրքիայի ներկայիս իշխանությունները փորձում են պոլսահայ համայնքի հետ խնդիրներ չունենալ. Նաիրա Մկրտչյան

10 րոպեի ընթերցում

Թուրքիայի ներկայիս իշխանությունները փորձում են պոլսահայ համայնքի հետ խնդիրներ չունենալ. Նաիրա Մկրտչյան

Ստամբուլում լույս տեսնող հայկական «Նոր Մարմարա» օրաթերթի խմբագրապետ Նաիրա Մկրտչյանը համոզված է, որ Երևանում կայացած Համաշխարհային հայկական գագաթնաժողովը հայրենիքի շուրջ սփյուռքի գաղթօջախներին համախմբելու և կապերն ավելի սերտացնելու առումով չափազանց կարևոր իրադարձություն էր։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նաիրա Մկրտչյանն անդրադարձավ համաժողովի աշխատանքներին, կենսական նշանակություն ունեցող օրակարգային հարցերին, Ստամբուլի հայկական համայնքին հուզող խնդիրներին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։    

«Հանգամանքների բերումով, ցավոք, չկարողացա մասնակցել առաջին համաժողովին, սակայն այս մեկն ինձ համար, բացահայտումների առումով, իսկապես բացառիկ էր։ Ծանոթացա բազմաթիվ նոր գործընկերների հետ, միասին ունեցանք իսկապես օգտաշատ քննարկումներ կարևոր հարցերի շուրջ։ Թեև այդ քննարկումները տևում էին ժամեր, բայց ամենևին ձանձրալի չէին։ Ինքս հրավիրված էի որպես բանախոս։ Հատկապես կառանձնացնեի Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ քննարկումը։ Նա համաձայնեց, որպեսզի բոլոր ներկաներն իրեն ուղղեին իրենց հուզող հարցերը։ Ժամանակի սահմանափակում չեղավ, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննարկմանը, երբ նրան ուղղվեց ընդամենը վեց հարց։ Մեզ համար, միանշանակ, շահեկան էր կարևոր հարցերի պատասխանները ստանալ Ալեն Սիմոնյանից։ Այդ և մնացած բոլոր քննարկումներն անցան լեփ-լեցուն դահլիճներում»,- նշեց Մկրտչյանը։

Նա հավելեց, որ համաժողովին ներկայացել էր ազդեցիկ սփյուռքահայերի մեծամասնությունը, որոնց հետաքրքրում էին Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունները և Հայաստան-սփյուռք համագործակցության հետ կապված խնդիրները։ Ըստ Մկրտչյանի՝ սփյուռքի գաղթօջախները Հայաստանին մոտեցնելու և կարևոր հարցերում ընդհանուր եզրեր գտնելու առումով նման համաժողովի կազմակերպումն իսկապես կարևոր էր։

Նա հայտնեց, որ իր զեկույցը վերաբերում էր Ստամբուլի հայկական համայնքի տարեգրության վավերացման խնդրին։

«Մենք Ստամբուլում ամբողջական պատմագրություն կերտող մասնագետ կամ կառույց չունենք։ Արմավենի Միրօղլուն պաշտպանել է ատենախոսություն, սակայն նրա թեման առնչվում է միայն 1930-ական թվականներին։ Համայնքի ներկայացուցիչներից է նաև Սիրվարդ Մալխասյանը, ով նույնպես գրում է ատենախոսություն։ Նրա թեզի թեման վերաբերում է 1918-23 թվականների իրադարձություններին։ Այնպես որ, պոլսահայերի համայնքային ամբողջ պատմությունն արձանագրող որևէ մարմին չունենք։ Պակասը փորձում են լրացնել հայկական պարբերականները։ Ունենք նաև շաբաթաթերթ ու ամսաթերթ, «Լույս» հեռատեսիլի կայան, որը նույնպես ամենօրյա ռեժիմով թողարկում է լրատվական հաղորդումներ։ 50-100 տարի անց ովքեր ցանկանան ծանոթանալ պոլսահայերի պատմությանը կամ զբաղվել թեմատիկ ուսումնասիրություններով, անշուշտ, որպես արժեքավոր աղբյուր, կարող են օգտագործել լրատվամիջոցների տարեգրությունը»,- ասաց «Նոր Մարմարա» օրաթերթի խմբագրապետը՝ ընդգծելով, որ  իր ղեկավարած պարբերականն այս տարի նշում է իր գործունեության 87-ամյակը։

Նա հավաստիացրեց, որ Ստամբուլի հայկական համայնքը վարում է բավականին աշխույժ կենսագործունեություն՝ լինելով հայկական սփյուռքի ամենահին կառույցներից մեկը, որտեղ գործում են ավանդական, լավ կազմակերպված հաստատություններ։  

«Հայկական սփյուռքն այսօր կանգնած է հայապահպանության խնդրի առջև, ուստի, Երևանում կազմակերպված գագաթնաժողովները կարևորագույն հարթակներ են նման հարցերը քննարկելու համար։ Պատրաստվում ենք մեր պարբերականում տպագրել հրապարակումների շարք՝ անդրադառնալով մեր ակտիվ հայրենակիցներին, ովքեր ժամանել էին բազմաթիվ երկրներից։ Նման համաժողովներն աշխարհի հայերին մոտեցում են իրենց պատմական հայրենիքին՝ խթանելով համագործակցությունը։ Ի դեպ, շատերն էին հետաքրքրվում պոլսահայ համայնքով․ ինքներս հնարավորություն ունեցանք լույս սփռել բազմաթիվ հարցերի վրա, ներկայացնել համայնքի առօրյան։ Խոսելը լռելուց կամ անպտուղ բանավիճելուց ավելի լավ է, իսկ մենք մեզ համար նպաստավոր հարթակից առատորեն օգտվելու հնարավորություն ունեցանք»,- ասաց մեր զրուցակիցը։

Մկրտչյանը նշեց, որ այսօր պոլսահայերի համար մշակութային և էթնիկ ինքնության պահպանումն ունի առաջնային նշանակություն։ Հայոց պատրիարքարանը համայնքի գլուխն է, իրականացնում է հոգևոր առաջնորդություն ու թեև համախմբում է պոլսահայերին, այդուհանդերձ մեր հայրենակիցներից շատերն իրենց զավակների ապագան կապում են արտերկրի հետ, ուստի ոմանք գաղթում են և ընտանիքներով հեռանում Ստամբուլից։

«Դրսում մեր ինքնությունը պահող գործոնը լեզուն է, ուստի համայնքի ներսում հայախոսության թեմային հատկացվում է մեծ տեղ և նշանակություն։ Ամեն տեղ հպարտությամբ նշում ենք, որ Ստամբուլում գործում են 17 հայկական ամենօրյա վարժարաններ, որոնք ունեն հարյուրամյա պատմություն։ 1960-ական թվականներից հետո Թուրքիայի գավառներից բազմաթիվ հայեր եկան Ստամբուլ, բայց նրանք հայկական կրթություն չէին ստացել։ Մի բան է, երբ հայերեն խոսում ես տանը, ընտանեկան միջավայրում, բոլորովին այլ բան է, երբ սովորում ես դպրոցում։ Եթե տանեցիները հայախոս չեն, հայերենը, ցավոք, մնում է վարժարանի ներսում և երեխաները հաղորդակցվում են թուրքերենով»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով պոլսահայ համայնքի և Թուրքիայի ներկայիս իշխանությունների հարաբերություններին՝ Մկրտչյանը նշեց, որ այդ առումով կա որոշակի առաջընթաց։

«Մեր համայնքային կալվածքները, որոնք խլվել էին 1930-ական թվականներին հանրապետական վերնախավի կողմից, հետզհետե վերադարձվում են։ Այդ ամենին մենք վերատիրացանք Եվրամիության 2002 թվականի բարեփոխումների շրջանակում, քանզի Թուրքիայի իշխող քաղաքական ուժը որդեգրել էր ԵՄ-ին անդամագրվելու քաղաքական գիծ։ Բոլոր նրանք, ովքեր Թուրքիայի իշխանություններին ներկայացրին սեփականության համապատասխան փաստաթղթեր, ստացան գոհացուցիչ պատասխան, և պահանջները բավարարվեցին։ Այսօր Թուրքիայի իշխանությունները փորձում են պոլսահայ համայնքի հետ խնդիրներ չունենալ։ Մեր համայնքային հաստատությունների ղեկավարները նույնպես սովորել են, թե ինչպես պետք է հարաբերվեն իշխանությունների հետ»,- մանրամասնեց «Նոր Մարմարա» օրաթերթի խմբագրապետը։

Նրա համոզմամբ՝ ավելի լավ կլինի, եթե Հայաստանը սփյուռքահայ երեխաների համար կազմակերպի այցեր դեպի իրենց պատմական հայրենիք։

«Հայաստան կատարած առաջին այցից հետո տղաս վերադարձավ որպես բոլորովին այլ անձնավորություն՝ հայրենիքը բացահայտած և ինքնությունը վերաիմաստավորած։ Տղայիս այցն ինձ համար նույնպես կարևոր ձեռքբերում էր․ եթե Ստամբուլի հայկական վարժարանների սաները, որոնցից ոմանք ապրում են սոցիալական դժվար պայմաններում, ստանան նման խմբակային այցերի հնարավորություն, դրական ազդեցությունը կլինի անհամեմատ մեծ։ Նման ծրագրերը պետք է շատ լինեն, մինչդեռ մեր երեխաներն իրենց պատմական հայրենիքի մասին պատկերացում են կազմում լրատվական թողարկումներից կամ թերթերի տեղեկատվությունից»,- ասաց նա։

Խոսելով այն մասին, թե ինչպես են թուրքական հասարակության ներսում մարդիկ վերաբերվում հայկական համայնքին հուզող հարցերին, մեր զրուցակիցն ընդգծեց, որ կողմնակից է կարծրատիպերը կոտրելուն։

«Գիտեք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայում կա պետական դիրքորոշում և քաղաքական գիծ, իսկ թուրքական հասարակությունը բաժանված է երկու-երեք հատվածների․ կան մարդիկ,  ովքեր կարծում են, որ հարցը պետք է ավելի շատ քննարկվի։ Քիչ չէ այն մարդկանց թիվը, ովքեր ուզում են առերեսվել իրենց պատմության հետ։ Կան նաև նրանք, ովքեր ունեն ծայրահեղական կարծիքներ։ Հրանտ Դինքի սպանությունից հետո շատերը սկսեցին հետաքրքրվել և ուսումնասիրել հայկական հարցն ու իրենց համար բացահայտումներ արեցին։ Նման առաջադեմ շրջանակներ նույնպես կան, որոնց հարում են մտավորականները։ Բայց դեռ բոլոր թուրքերը չէ, որ հաշտ են իրենց պատմության հետ»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Նաիրա Մկրտչյանն այդ նախաձեռնությունը գնահատեց դրական և հավելեց, որ սահմանների բացումն էլ ավելի կսերտացնի փոխգործակցությունը երկու ժողովուրդների միջև՝ հարթելով բազմաթիվ կնճռոտ հարցեր։ Նա ընդգծեց՝ Ստամբուլի հայկական համայնքը հույսով սպասում է սահմանների բացմանը և համոզված է, որ խաղաղ ու կայուն զարգացող Հայաստանի անվտանգությունը նաև իրենց անվտանգության գրավականն է։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում