Թուրքիա

Եվրոպական կառույցների ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Թուրքիայում ՏԻՄ ընտրված ներկայացուցիչների երկարատև կալանքի առնչությամբ

5 րոպեի ընթերցում

Եվրոպական կառույցների ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Թուրքիայում  ՏԻՄ ընտրված ներկայացուցիչների երկարատև կալանքի առնչությամբ

Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի մի շարք կառույցների ներկայացուցիչներ մտահոգություն են հայտնել Թուրքիայում ժողովրդավարական ճանապարհով ընտրված տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների երկարատև կալանքի, ինչպես նաև նրանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ 2026 թվականի նոյեմբերի 2-4-ը Եվրոպական միության կառույցների և Եվրոպայի խորհրդի զեկուցողների պատվիրակությունն այցելել է Թուրքիա։ Այցի ավարտին պատվիրակության անդամները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ անդրադառնալով երկրում տեղական ժողովրդավարության և ինքնակառավարման վիճակին։

Հայտարարության տակ ստորագրել են Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի՝ Թուրքիայում տեղական ժողովրդավարության հարցերով համազեկուցողներ Մարկ Քուլսը և Բրայոնի Ռադկինը, Եվրոպական տարածաշրջանների կոմիտեի՝ Թուրքիայի հարցերով աշխատանքային խմբի նախագահ Ելենա Դրենյանին, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորը։

Պատվիրակության ներկայացուցիչները հայտնել են, որ իրենց չի հաջողվել այցելել երկարատև կալանքի տակ պահվող ընտրված տեղական պաշտոնյաներին։ Չի կայացել նաև Թուրքիայի ներքին գործերի փոխնախարարի հետ նախատեսված հանդիպումը։

Միևնույն ժամանակ, նրանք դրական են գնահատել Ստամբուլի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Նուրի Ասլանի հետ կայացած քննարկումը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել տեղական ժողովրդավարության և ինքնակառավարման ամրապնդմանը, ինչպես նաև քաղաքային ծառայությունների անընդհատության ապահովմանը։

Հայտարարության հեղինակների համոզմամբ՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցիչների, այդ թվում՝ ազատությունից զրկված անձանց հետ անմիջական երկխոսությունը կարևոր նշանակություն ունի եվրոպական կառույցների գործունեության և Թուրքիայում տեղական ժողովրդավարության վիճակի օբյեկտիվ գնահատման համար։

Նրանք մասնավորապես ընդգծել են բանտում կամ տնային կալանքի պայմաններում պահվող մի խումբ ընտրված պաշտոնյաների հետ անմիջական կապ պահպանելու անհրաժեշտությունը։ Նրանց թվում են Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախկին փոխնախագահ, Իզմիրի նախկին քաղաքապետ Թունչ Սոյերը, Կոնգրեսի անդամ և Բույուքչեքմեջեի քաղաքապետ Հասան Աքգյունը, Կոնգրեսի փոխնախագահ և Ուսկյուդարի քաղաքապետ Սինեմ Դեդեթաշը, ինչպես նաև Ստամբուլի քաղաքապետ և Թուրքիայի մունիցիպալիտետների միության նախագահ Էքրեմ Իմամօղլուն։

Պատվիրակությունը նոյեմբերի 3-ին անձամբ ներկա է եղել դատարանում Էքրեմ Իմամօղլուի դատական նիստին։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ նա երկար տարիներ համագործակցել է եվրոպական կառույցների հետ և 2025 թվականին արժանացել է Պավել Ադամովիչի անվան քաղաքապետի մրցանակին։

Եվրոպական կառույցների ներկայացուցիչները հիշեցրել են նաև 2026 թվականի ապրիլի 27-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարին ուղղված իրենց բաց նամակի մասին, որը վերաբերում էր երկրում տեղական ժողովրդավարության վիճակին։ Նրանք ընդգծել են, որ Թուրքիան, լինելով Եվրոպայի խորհրդի հնագույն անդամ երկրներից մեկը և Եվրամիության թեկնածու երկիր, կարևոր գործընկեր է ժողովրդավարության, արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր հանձնառությունների իրականացման գործում։

Հայտարարության եզրափակիչ հատվածում եվրոպական կառույցների ներկայացուցիչները կոչ են արել վերսկսել կառուցողական երկխոսությունը Թուրքիայի իշխանությունների հետ՝ ընտրված տեղական պաշտոնյաների երկարատև կալանքի հարցը վերանայելու և այն պրակտիկային վերջ տալու նպատակով, երբ ընտրված ներկայացուցիչների լիազորությունների իրականացման անհնարինության պայմաններում նրանց փոխարեն նշանակվում են պետական կառավարիչներ։

«Մենք շարունակում ենք խորապես մտահոգված լինել այն տեղական ընտրված ներկայացուցիչների իրավիճակով, որոնց խոչընդոտում են իրականացնելու իրենց մանդատը, որը նրանց վստահվել է Թուրքիայի ժողովրդի կողմից ժողովրդավարական ընտրությունների միջոցով», - նշվում է հայտարարության մեջ։

Եվրոպական կառույցների ներկայացուցիչները վերահաստատել են Թուրքիայի իշխանությունների հետ համատեղ երկխոսության պատրաստակամությունը՝ առաջնորդվելով ժողովրդավարական կառավարման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների սկզբունքներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում