ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում
1 րոպեի ընթերցում

Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրների ղեկավարները Անկարայում կայացած 13-րդ գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագիր են ստորագրել։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, գագաթնաժողովն անցկացվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ՝ «Բեշթեփե» նախագահական համալիրում։
Գագաթնաժողովն անցկացվել է «Թյուրքական դարաշրջան. միասնություն լեզվում, մտքում և գործում» խորագրի ներքո։
Միջոցառման ընթացքում մասնակիցները համատեղ լուսանկարվել են և ստորագրել գագաթնաժողովի համար հատուկ պատրաստված խորհրդանշական պաստառը, որից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթով դիմել է ներկաներին։
Հրավիրված պետությունների ղեկավարների և պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչների ելույթներից հետո ստորագրվել է Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 13-րդ գագաթնաժողովի համատեղ հռչակագիրը։
Հռչակագրի բովանդակության վերաբերյալ հրապարակման մեջ մանրամասներ չեն ներկայացվում։