Իրան

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցով չարտոնված երթուղիներով անցնող 2 լցանավ կանգնեցնելու մասին

2 րոպեի ընթերցում

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցով չարտոնված երթուղիներով անցնող 2 լցանավ կանգնեցնելու մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտնել են, որ Հորմուզի նեղուցի հարավային ջրերում կասեցրել են երկու նավթատար լցանավի ընթացքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Կառույցի լրատվական ծառայության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ նավերն անջատել էին իրենց նավիգացիոն և տեղորոշման համակարգերը և ԱՄՆ զինված ուժերի աջակցությամբ փորձում էին դուրս գալ նեղուցից՝ օգտվելով «չարտոնված երթուղիներից»։

Ըստ հայտարարության՝ լցանավերն անտեսել են ռադիոկապով հնչած մի քանի նախազգուշացում և «մուտք են գործել վտանգավոր գոտի», ինչի հետևանքով միջադեպ է տեղի ունեցել, և նավերը կանգնեցվել են Հորմուզի նեղուցի հարավային ափին։ Հայտարարության մեջ չի հստակեցվում, թե ինչ բնույթի միջադեպի մասին է խոսքը։

ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ երկու նավերի ընթացքի կասեցումն ԱՄՆ-ի քաղաքականության և Հորմուզի նեղուցում գործող իրանական ծովային կանոնակարգերի և ընթացակարգերի լիակատար անտեսման հետևանք է:

Իր հերթին, Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործառնությունների վարչության (UKMTO) տվյալներով՝ լցանավին է մոտեցել փոքր նավակ, որի անձնակազմը նավի կորպուսին ամրացրել է երկու պայթուցիկ սարք։ X-ում վարչության էջում տարածված հաղորդագրության համաձայն՝ պայթյունների հետևանքով նավի շարժիչային բաժանմունքում հրդեհ է բռնկվել, ինչի պատճառով լցանավը ժամանակավորապես դադարեցրել է ընթացքը։

Հրդեհը հաջողվել է մարել, անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։ Շրջակա միջավայրին վնաս չի հասցվել։ Հաղորդվում է, որ ներկայում լցանավը շարունակում է շարժվել դեպի իր հաջորդ նշանակման նավահանգիստը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում