Մերձավոր Արևելք

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

3 րոպեի ընթերցում

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները հայտնել են Սաուդյան Արաբիային վեց հարված հասցնելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հութիների խոսնակ Յահյա Սարին X-ում հայտնել է, որ թիրախավորվել են թագավորության օդանավակայանները և նավթավերամշակման գործարանները։

«Առաջին գործողությունը բալիստիկ հրթիռով թիրախավորել է Ռաս Թանուրայի նավթավերամշակման գործարանը, և հարվածը ճշգրիտ էր», - նշել է նա հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան արված գրառման մեջ։

Պաշտոնյան հավելել է, որ թիրախավորվել են Աբկայկում գտնվող «Արամկո» ընկերությունը, մայրաքաղաք Էր Ռիադի «Խալիդ արքա» և Դամմամի «Ֆահդ արքա» միջազգային օդանավակայանները, Ռաբիղ նավթավերամշակման գործարանը, ինչպես նաև Նաջրանի շրջանում սաուդյան զորքերի հավաքատեղին, որի հետևանքով զինվորներ և սպաներ են զոհվել ու վիրավորվել։

Իր հերթին, Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը որսացել և ոչնչացրել են հութիների անօդաչու թռչող սարքը, որն արձակվել էր Մեքքայի շրջանի ուղղությամբ։

«Մեքքայի շրջանում ահաբեկչական հութի զինյալների կողմից արձակված անօդաչու թռչող սարք է որսվել և ոչնչացվել», - նշված է X-ում հրապարակված գրառման մեջ։

Ի պատասխան դրա՝ հութիների խոսնակը հոկտեմբերի 30-ին X-ում գրառման մեջ հերքել է այդ մեղադրանքը։

«Եմենի զինված ուժերը հաստատում են, որ այսօր որևէ գործողություն չեն իրականացրել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ, և որ թշնամի  Սաուդյան Արաբիայի պնդումները Մեքքայի օդային տարածքում անօդաչու թռչող սարք որսալու մասին մեծ և անհիմն սուտ են։ Մեր գործողությունները թիրախավորում են նրա նավթային օբյեկտներն ու ռազմական բազաները», - նշված է գրառման մեջ։

Սեպտեմբերից հութիների և Եմենի կառավարական ուժերի միջև ինտենսիվ մարտեր են ընթանում։ Շարժումը հարվածում է նաև Սաուդյան Արաբիային, որը գլխավորում է միջազգայնորեն ճանաչված կառավարությանն աջակցող կոալիցիան։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ սեպտեմբերին հակամարտության սրացումից ի վեր Եմենում զոհերի թիվը հասել է 1677-ի, իսկ վիրավորներինը՝ 7395-ի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում